Home / Հայաստան / Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում

Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում

(հոդվածը հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբերին)

Հեղափոխական իրավիճակ

Քաղաքացիական պատերազմի հեռանկարը ռուսաստանյան ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննարկվում է ուկրաինական պատերազմի ամենասկզբից։ Մինչև բոլորովին վերջերս, սակայն, խոսքը քաղաքացիական հակամարտության ընդհանուր նախադրյալների մասին էր՝ օրինակ, հոգեբանական պատնեշների, որոնք ռուսաստանյան հասարակությանը հետ են պահում երկրի ներսում մասշտաբային բռնությունից։ Սոցիոլոգ Գրիգորի Յուդինը մատնանշում էր, մի կողմից, հարյուր հազարավոր զինվորականների մասնակցությունը ռազմական գործողություններին՝ ընդդեմ մշակութապես հարազատ երկրի, որի զինվորները ռուսաստանյան զինվորներից տարանջատված չեն նույնիսկ լեզվով, իսկ մյուս կողմից՝ ռուսական սահմանների նորավաստակ դյուրաշարժությունը․ եթե դրանք կարող են հեշտությամբ տեղաշարժվել դեպի արևմուտք, նույնքան հեշտությամբ կարող է ընդունվել նաև դրանց տեղաշարժը ցանկացած այլ ուղղությամբ։ 

Բայց ի՞նչ է հարկավոր հեղափոխական իրավիճակի/քաղաքացիական պատերազմի (առկա պայմաններում այս հասկացությունները գրեթե հոմանիշային են) համար՝ զինվորականների (բնակչության բավականին փոքր հատվածի) բարոյական պատրաստակամությունից բացի։ Այս հարցը երկու դասական պատասխան ունի․ վեբերյանը՝ պետությունը կորցնում է բռնության մենաշնորհը, և լենինյանը՝ զանգվածային դժգոհության ֆոնին էլիտաները կորցնում են կառավարման լծակները։

Բաց, ոչ մեկի կողմից չհերքվող մահապատիժները Եվգենի Պրիգոժինի մասնավոր բանակի ներսում և Ռամզան Կադիրովի կտտանքարաններում բռնություն են, որը կատարվում է պետությանը լոյալ սուբյեկտների, բայց ո՛չ պետության անունից և առանց նրա վավերացման։ Վերնախավի ներսում պառակտումը տեսնում են բոլորը, բայց շատերը թերագնահատում են կոնֆլիկտի ծավալները։

Այս թեզը պատկերավորելու համար կուզեի ուշադրություն հրավիրել հետևյալ դրվագին։ Ինչպե՞ս են ռուսաստանյան գեներալները վերջին ամիսներին պատասխանում Չեչնիայի գուբերնատոր Կադիրովի ջախջախիչ քննադատությանը։ Նրանք նամակներ են ուղարկում բլոգեր Թումսո Աբդուրախմանովին՝ Եվրոպայում թաքնվող չեչեն սեպարատիստին, որին Չեչնիա վերադառնալու դեպքում խոշտանգումներ և մահ է սպասում։ Թումսոն այդ նամակները, իհարկե, ընթերցում է իր բլոգում։

Միմյանց հետ շփվելու համար ռուսական էլիտաները միջնորդ են ընտրում իրենց իսկ երդվյալ թշնամուն։ Եվ երբ Մոսկվան ստիպում է Կադիրովին հրապարակավ գովել ՌԴ ԶՈՒ ուկրաինական խմբավորման նորանշանակ հրամանատարին, պետք չէ դա լուրջ ընդունել։ Ռուսաստանյան վերնախավը նման փոխադարձ չարացում չի ցուցադրել 1990-ականների սկզբից ի վեր։

Ինչ վերաբերում է ներքևներին, զորակոչից համատարած խուսափումը, զինվորական և մայրական փոքրիկ բունտերը զանգվածային դժգոհության առաջին ծիլերն են, որոնք, կասկածից վեր է, կծաղկեն, երբ զորակոչիկների դագաղները Ռուսաստան հոսեն տասնյակ հազարներով։ Պուտինյան պետությունը երբևիցե մասնավոր կյանքին չէր խառնվել նման անպարկեշտ և կործանարար ձևով։

Այսպիսով՝ վերոհիշյալ երկու սահմանումներով էլ Ռուսաստանը գտնվում է հեղափոխական իրավիճակից/քաղաքացիական պատերազմից կրիտիկական հեռավորության վրա։ Խոսքը, բնականաբար, գործընթացների մասին է, որոնց բարդությունն ու բազմագործոնությունը թույլ չեն տալիս միանշանակ կանխատեսումներ անել, և մենք ստիպված ենք խոսել բացառապես հավանականությունների մասին։ Որոշ՝ բոլորովին հավանական իրադարձությունները (կապիտուլիացիա ուկրաինական պահանջների առջև, ռուսական տնտեսության կոլապս) անխուսափելիորեն սասանելու են պուտինյան գահը։ Ով էլ իշխանության գա նրանից անմիջապես հետո, նրա դրությունը լինելու է անկայուն։

Ռուսաստանի ապագան այդ պարագայում որոշվելու է բնավ ոչ խաղաղ ժողովրդավարական մրցակցության միջոցով․ արդեն հիմա մենք տեսնում ենք ուժի մի քանի կենտրոններ, որոնք հավակնում են իշխանության՝ զենքի շաչյան ներքո։

Քաղաքացիական պատերազմի դերակատարները

Եթե հավակնորդներից որոշները զինված են և պատրաստ են կռվելու, ապա նրանց համար մրցակից կարող են լինել միայն կազմակերպված ուժերը, որոնք պատրաստ են բռնության։ Որո՞նք են այդ ուժերը։

1․ Նախ և առաջ տանք այն անունը, որն անընդհատ հիշատակվում է ռուսաստանյան լրատվամիջոցներում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, օլիգարխ Եվգենի Պրիգոժին1։

Այս համատեքստում Պրիգոժինի մասին հարկավոր է իմանալ հետևյալը․ նա պաթոլոգիապես դաժան բանդիտ է, որը ԽՍՀՄ օրոք 9 տարի նստել է քրեական հոդվածներով, իսկ 90-ականներին՝ ծաղկուն բիզնես հիմնել։ Արդեն Պուտինի ժամանակ ձեռք է բերել մի շարք կարևոր ակտիվներ, այդ թվում՝ «Կոնկորդ» հսկայական քեթրինգային ընկերությունը, «թրոլների ֆաբրիկան» և, իհարկե, սեփական բանակը՝ ավելի լավ զինված և պատրաստված, քան ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներից շատերը։

Այն համալրված է լյումպեն-պրոլետարներով՝ հանցագործներ, նախկին ուժայիններ, ռազմական գործողությունների վետերաններ, այսինքն՝ բռնության լուսանցքայնացված արհեստագետներ, որոնց հասարակական վերաինտեգրումը թվում է գրեթե անհնարին։

Ուստի՝ իշխանության հավակնելու համար Պրիգոժինը պոպուլյար գաղափարախոսության կամ կուսակցության կարիք չունի։ Բավական են խարիզման, ռեսուրսները, կապերն ու սեփական զինվորների անձնական նվիրվածությունը։  

2․ Իհարկե, մասնավոր բանակ ունի նաև Չեչնիայի Հանրապետության վերոհիշատակված ղեկավար Ռամզան Կադիրովը2։ Ֆորմալ տեսանկյունից՝ զուտ գուբերնատոր, ազդեցությամբ՝ անշուշտ, դաշնային մասշտաբների քաղաքական գործիչ։

Կադիրովյան գաղտնի ոստիկանության ծայրահեղ դաժանությունից և Չեչնիայում հաստատված՝ Ախմադ Կադիրովի ամբողջատիրական պաշտամունքից անկախ, հանրապետությունում դեռևս ընդհատակյա ընդդիմություն կա․ վախենալու է անգամ պատկերացնել, թե ինչ դժգոհություն է դուրս պրծնելու, եթե Ռամզան Կադիրովը թեկուզ մի քանի շաբաթով կորցնի վերահսկողությունը։

Այստեղից պարզ հետևություն՝ հայրենիքում Կադիրովը չափազանց շատ թշնամիներ ունի, ուստի նա, վերջնական հաշվով, հենվում է ոչ թե Չեչնիայի, այլ հենց Մոսկվայի վրա։ Քաղաքացիական պատերազմի դեպքում նրա արյան շահն է լինելու պահպանել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը և Կրեմլի անձեռնմխելիությունը՝ անկախ նրանից, թե ով է այնտեղ նստելու։

3․ Ուկրաինական պատերազմի ևս մեկ մասնակից, որ պատրաստ է ներգրավվել նաև քաղաքացիական պատերազմում՝ Իգոր Ստրելկով3։ Ի տարբերություն նախորդների, նա ոչ փող ունի, ոչ էլ անձնական բանակ, բայց չափազանց պոպուլյար է հասարակության առավել պահպանողական և ռազմականացված շրջաններում։

Եթե Պրիգոժինն ու Կադիրովը անսկզբունքային բանդիտ-կապիտալիստներ են, որոնց կարողությունները սերտորեն կապված են ՌԴ վարչական ապարատի և դրա տարածքային ամբողջականության հետ, Ստրելկովը ազնիվ, հետևողական և անշահախնդիր ռուս ֆաշիստ է։

Անկարգությունների դեպքում նա կկարողանա հավաքել ոչ միայն սեփական բանակը, այլև գտնել հովանավորների՝ ամենակարճ ժամկետում։ Իհարկե, եթե մինչ այդ չսպանվի պալատական ինտրիգների ընթացքում, ինչպես սպանվեցին դոնբասյան դաշտային հրամանատարներից մյուսները։ 

4․ Ընդդիմության գլխավոր դերակատարն է մնում Ալեքսեյ Նավալնին4։ Նախ և առաջ, հարկավոր է հաշվի առնել, որ մինչպատերազմական Ռուսաստանի ընդդիմադիր շարժման մեջ նրան հաջողվեց հասնել միանձնյա առաջնորդության․ միայն նա էր, որ կարողացավ փողոց հանել հարյուր հազարավոր մարդկանց և դաշնային մակարդակով կազմակերպել կարգապահ պրոտեստային քվեարկություններ։

Այժմ նա բանտում է, նրա կուսակցական միավորներն ամբողջությամբ ջախջախված են։ Բայց, ինչպես հայտնի է, Ռուսաստանով մեկ գործում են ձախ, դեմոկրատական, ազգայնական հայացքներ ունեցող  առնվազն մի քանի հարյուր պարտիզաններ․ նրանք երկաթգծային ենթակառուցվածքներ են ոչնչացնում, վառում վայենկոմատներ և խորհրդարանական կուսակցությունների գրասենյակներ։ Պարտիզանությունն ինքնին քաղաքական ուժ լինել չի կարող․ ներկա պայմաններում այդ մարդիկ չունեն հրապարակային հայտարարություններ անելու կամ գոնե միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն։

Անանուն տելեգրամ-ալիքները, որոնք հավակնում են պարտիզանների բարձրախոսը կամ համակարգման շտաբը լինել, վստահություն, բնականաբար, չեն ներշնչում ոչ հանդիսատեսին, ոչ էլ ակտիվիստներին։ Այս համատեքստում աչքի են ընկնում նավալնիստները, որոնք գոնե փորձում են արտասահմանից որոշակի ընդհատակյա շտաբեր ձևավորել։ Որքան էլ կասկածելի չլինեն Միլովի կամ Վոլկովի5 պես ֆիգուրները, նրանք քաղաքական գործիչներ են, առնվազն այդ պատճառով ավելի վստահելի են, քան նորաստեղծ հարթակների անանուն ադմինները։

Բացի այդ, եթե էմիգրանտական կազմակերպությունները ապագայում ակնհայտորեն որևէ կշիռ Ռուսաստանի քաղաքական կյանքում չեն ունենալու, զուտ որովհետև ռուսաստանցիների հետ «հաց չեն կիսել» այս դժվար ժամանակներում, ապա «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» վրա լեգիտիմությունն իջնում է ուղիղ բանտախցից, ուր հոժարակամ մտավ Ալեքսեյ Նավալնին՝ վերադառնալով կարճատև էմիգրացիայից։

Վերջապես, որևէ քաղաքական ուժ չունի փող, հրապարակայնություն և կառավարչական փորձ, որը համեմատելի կլիներ Նավալնու թիմի ունեցած փողերի, հրապարակայնության և փորձի հետ։ Ավելին՝ ընդդիմադիր այլ միավորներ, որոնք ի վիճակի կլինեին գոնե ինչ-որ կերպ գործել դաշնային մասշտաբներով, պարզապես չկան։ Ժողովրդավարական ֆորումները, լիբերտարիական չատերը, ֆեմինիստական նախաձեռնություններն ու մարքսիստական խմբակները ավելի շուտ քաղաքական ենթամշակույթ են, քան քաղաքական կազմակերպություն։

5․ Հանրապետությունների ազգայնական շարժումները, նախ և առաջ՝ չեչենական, թաթարական, բաշկիրական, բուրյաթական, տուվայական, յակուտական։ Իհարկե, բոլոր այս հանրապետություններում՝ Չեչնիայից և Թաթարստանից բացի, մինչ այս անջատողականները միկրոսկոպիկ, ծայրահեղ մարգինալ խմբեր էին։

Խնդիրն այն է, որ այս ժողովուրդների մեծ մասը դեռևս քաղաքական ազգ չեն։ Նման ազգերը, ինչպես հայտնի է, կառուցվում են մտավորականության կողմից, որը երկար տարիներ ստեղծում է գրական լեզու, պատմական առասպել, կրոնական ինքնություն և այլ՝ կապիտալիստական պետական ազգերին բնորոշ ատրիբուտներ։ Հենց դրանով են այժմ զբաղված անջատողական շարժումների ակտիվիստները, որոնք լայն հասանելիություն են ստացել ռուսական ընդդիմության տեղեկատվական համակարգին։ Ուստի, հեղափոխական իրավիճակում այս մարդիկ իրենց հայրենակիցներին առաջարկելու բան արդեն իսկ կունենան։

Բայց որպեսզի ազգը կայանա, մի բան էլ է պետք՝ վարչական ապարատ և, ամենակարևորը, սեփական կենսունակ տնտեսություն։ Նույնիսկ եթե դուք նավթ ունեք, դուք պետք է հասկանաք, թե ով է այն վերահսկելու, ով է արդյունահանելու, ով է սարքավորումներ մատակարարելու, ուր է այն տարվելու և ինչպես է վաճառվելու։ Ռուսաստանցի սեպարատիստները քաղաքական կամ տնտեսական ծրագիր՝ Ռուսաստանից անջատվելուց բացի, չեն առաջարկում և, թերևս, չեն էլ փորձում առաջարկել։ Նրանց մտածողության մեջ բացակայում են սոցիալական գիտելիքի որևէ այլ կատեգորիաներ՝ ազգայինից բացի։

Դա է պատճառը, որ նրանք՝ օգտվելով մեդիայի մեծ աջակցությունից, ազգային ռեսենտիմենտ են բորբոքում՝ տիրաժավորելով, օրինակ, ազգային հանրապետություններից գերադասելի զորակոչի առասպելը (որը հերքվում է զորակոչը ըստ ռեգիոնների համեմատելու բոլոր հայտնի փորձերով) և համառորեն ցեղասպանություն են անվանում իրենց ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած անարդարություն։

Նոր պետությունների ինչ-որ քաղաքա-տնտեսական մոդել կառուցելու փորձերը, բնականաբար, նման բոցավառող էֆեկտ չեն ունենալու։ Գոնե այն պատճառով, որ համառուսաստանյան տնտեսության առանցքը ընդերքն ու լոգիստիկան է։ Եթե անգամ վերահսկողություն ստանաք նրանցից մեկի նկատմամբ, միևնույնն է՝ ստիպված եք լինելու պայմանավորվել երկրորդի շուրջ։

Հարկավոր է հավելել, որ չարժի լուրջ վերաբերվել ՌԴ տարբեր սուբյեկտների «անվանական գումարտակներին» կամ «գուբերնատորների բանակներին», որոնք, իբր թե, ապագա ռեգիոնալ էլիտաների պատրաստի ուժային կառույցներն են լինելու։ Չնայած այդ գումարտակները ձևավորվում են ռեգիոնների ներսում, դրանք ՌԴ ԶՈՒ մաս են կազմում և, ըստ ամենայնի, որևէ կերպ կապված չեն տեղական իշխանությունների հետ՝ ոչ մարդկային, ոչ էլ քաղաքական մակարդակում։ Գոնե այն պատճառով, որ ռուսաստանյան գուբերնատորները՝ իրենց ողջ ապարատով հանդերձ, որպես կանոն տխմար նորահարուստներ են, որոնք թալանից բացի ոչ մի վաստակ չունեն и երազում են միայն Մոսկվա նշանակվելու մասին։ Բացառություն են կազմում, թերևս, ազգային այն հանրապետությունների վարչակազմերը, որոնք կենտրոնի կողմից որոշակի տնտեսական զիջումների են հասել, օրինակ՝ Թաթարստանի և Յակուտիայի։ Բայց նույնիսկ նրանք այնքան սերտ են կապված մոսկովյան էլիտաների հետ, որ հեղափոխական իրավիճակում մարելու են միասին։

6․ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։ Ի տարբերություն հիշատակված կառույցների և շարժումների, սա ոչ թե ուժի կենտրոն է, այլ անորոշության հիմնական աղբյուր։

Հարյուր հազարավոր զինված տղամարդիկ, որոնք ունեն մարտական փորձ, բայց չունեն քաղաքական փորձ, անկարգությունների պարագայում ստիպված են լինելու ընտրել վերոնկարագրված կողմերից մեկին (եթե, իհարկե, ապագայում չհայտնվեն նոր կողմեր)։ Եթե նրանց մեծ մասը ընտրի նույն կողմին, վերջինիս հաջողությունը, անշուշտ, երաշխավորված է։ Այս առումով ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք պախարակում են զորակոչիկներին ներկայիս ֆյուրերին հնազանդվելու համար, արդեն իսկ ապագա չունեն։

Կարևոր է նշել նաև, որ գեներալները հազիվ թե ավելի պոպուլյար են, քան գումերնատորները, և նույնքան կոռումպացված․ զինվորների և կրտսեր սպաների քաղաքական ընտրության վրա ազդելու հնարավորություն նրանք չեն ունենալու, նույն պատճառով էլ՝ ռազմական հեղաշրջում անողը չեն։ 

Այս ուժերը կարող են հակակրանք տածել միմյանց նկատմամբ՝ ինչպես, օրինակ, Կադիրովն ու Ստրելկովը, կարող են նաև համակրել միմյանց՝ ինչպես տարբեր ճամբարների ընդդիմադիրները․ կրիտիկական իրավիճակում սա դաշնակցություն կամ թշնամություն է ենթադրելու։

Թե ինչպես են զարգանալու կողմերի միջև հարաբերությունները՝ կռահելն անիմաստ է։ Կարող ենք միայն ենթադրել, թե ովքեր են ի վիճակի լինելու դառնալ այդ հարաբերությունների կողմերը։

Անեծքներ

Միմյանց հետ, ինչպես արդեն պարզեցինք, հարաբերվելու են բանդիտները, մոլագարները, կայսերապաշտ ֆաշիստները,  նեոլիբերալ պոպուլիստները և ամեն տեսակի ազգայնականները․ այսպիսին է քաղաքական ընտրությունը, որի առջև (հավանաբար) կանգնելու են տասնյակ միլիոնավոր ապաքաղաքական ռուսաստանցիներ։

Նրանք կարող են փորձել պահպանել նախկին իշխանական ինստիտուտներից գոնե որոշները կամ նմանակել անցյալի կյանքը՝ չագուչի ստվերի տակ դրախտ կառուցելով։ Նրանք կարող հավատալ եվրասիական դավադրապաշտների զառանցանքներին, որոնք կայսերական ռեսենտիմենտ են բորբոքում, և որքան ուզեն՝ կարող են արտասվել ֆաշիստական դրոշի վրա՝ նախքան նոր պատերազմի մեջ ներքաշվելը։ Նրանք կարող են իրենց ճակատագիրը վստահել գեղեցիկ կոստյումներով մարդկանց, որոնք կբաժանեն խոշոր կապիտալը և իշխանության նոր ուղղաձիգ կկառուցեն՝ հարմար ռուսաստանյան նոր մանր բուրժուական կլիենտելային և արևմտյան պատրոններին։ Նրանք կարող են տրվել տեղային իշխանիկների մանիպուլյացիաներին՝ սուզվելու համար էթնիկ զտումների և հանուն գազային խողովակների պատերազմների զվարթ աշխարհը։

Այս հեռանկարներից և ոչ մեկը բավական գրավիչ չէ՝ մեծամասնությանը գայթակղելու համար։ Եվ, կարծում եմ, բոլոր կողմերն էլ սա հրաշալի հասկանում են։ Մենք գործ ունենք բազմաթիվ ուժերի հետ, որոնց թշնամանքը նույնքան անողոք է, որքան անիմաստ։ Այն ամենը, ինչ կարող են անել նրանք՝ միմյանց անիծելն է։ Եվ ես՝ որպես այս նույն համակարգի արտադրանք, չեմ կարող պատկերացնել, թե ինչ է հնարավոր անել այս ամենի հետ՝ նրանց բոլորին անիծելուց բացի։

Անիծում եմ ելցինյան խառնախմբին՝ ամենաանսկզբունքային և ինքնահավան կադրերից վերնախավ կերտելու, և պուտինյան խառնախմբին՝ Արևելյան Եվրոպայի կեսը պատերազմի մեջ ներքաշելու համար։

Անիծում եմ կայսերականներին, որոնք գերիշխանության երազանքները վեր են դասում մարդկային կյանքից, և ազգայնականներին՝ հավասարապես ռուսներին և մնացած բոլորին, որոնց ճմլված գավառական հպարտությունը վեր է կյանքից, որոնք երազում են մարդկանց միջև պատնեշներ կառուցել փշալարերից և ունենալ սեփական ֆոտոգենիկ պարլամենտականներ և սեփական գաղտնի ոստիկանություն։

Անիծում եմ միջազգային կապիտալիստական համակարգը, որում պաշարների բազաները պետք է կառավարվեն փքուն արքաների կողմից, որոնք երաշխավորում են ստաբիլ մատակարարումները և ցածր ծախսերը։ Անիծում եմ ռուսաստանյան կապիտալիզմը, որը մտահոգված է սոսկ նավթային և գազային խողովակներով, որը ռեգիոնների կեսին վերածել է կիսագաղութների, մյուս կեսին՝ դոտացիոն անապատի։

Եվ ես չեմ տեսնում ոչ մի օթյակաշարք, ոչ մի ծակ հատակին, որից ռուսական քաղաքական բեմ կարող են դուրս գալ գոնե մի քիչ սթափ և մարդասեր շարժումներ՝ ունակ շահել մեծամասնության համակրանքը։

Իվան Գեորգիև

 

ծանոթագրություններ․

1 Եվգենի Պրիգոժինը Պուտինի մերձավոր բիզնեսմեններից է։ Նրա քեթրինգային ընկերությունը՝ «Կոնկորդը»,  կապալներ է ստանում բարձրագույն պետական մարմինների, դպրոցների, զորամասերի սննդամատակարարումը կազմակերպելու համար։ Հայտնի է «Պուտինի խոհարար» մականվամբ։ Նրան պատկանող մասնավոր բանակի վարձկանները օգտագործվում են Ուկրաինայում, Սիրիայում, Սուդանում, Լիբիայում, ԿԱՀ-ում, Մոզամբիկում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում։

Ռամզան Կադիրովն Առաջին չեչենական պատերազմին մասնակցել է անջատողականների կողմից, Երկրորդի ժամանակ անցել է Մոսկվայի կողմը։ Նրա հայրը՝ Ախմադ Կադիրովը, 2000-2004 թվականներին եղել է Չեչնիայի նախագահ, իսկ 2004 թվականին սպանվել է։ Ռամզանը 2007-ից գլխավորում է Չեչնիայի Հանրապետությունը, անցած տարիների ընթացքում ԶԼՄ-ներում բազմաթիվ վկայություններ են հայտնվել Կադիրովի ընդդիմախոսների, նրանց բարեկամների, լրագրողների, ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների և պատահական մարդկանց նկատմամբ զանգվածային տեռորի մասին։

3 Իգոր Գիրկին (Ստրելկով)՝ Մերձդնեպրյան պատերազմի մասնակից, Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) նախկին աշխատակից, 2014 թվականից՝ Ուկրաինայի ռուսամետ անջատողականների դաշտային հրամանատար, կարճ ժամանակով եղել է Դոնեցկի պաշտպանության նախարար, վերջերս խիստ պոպուլյար տելեգրամյան բլոգ է վարում։ Պնդում է, որ անձամբ է քաշել Ուկրաինայի արևելքում 2014 թվականի հակամարտության «ձգանը»։ Մոնարխիստ է, ինքն իրեն գործող իշխանությունների հակառակորդ է համարում։

4 Ալեքսեյ Նավալնի՝ քաղաքական գործիչ, իրավաբան, բլոգեր, պոպուլյար կոռուպցիոն հետաքննությունների հեղինակ։ 2017-2020թթ․ խոշոր փողոցային բողոքի ցույցեր է կազմակերպել, փորձել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին, կառուցել է նախընտրական շտաբերի ընդգրկուն ցանց, որը հետագայում վերաճել է, ըստ էության, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության։ 2020 թվականին ФСБ-ի աշխատակիցները թույնել են նրան, 2021-ից բանտարկված է։ 

5 Վլադիմիր Միլովը և Լեոնիդ Վոլկովը Նավալնու թիմակիցներն ու նրա կուսակցության ամենահայտնի դեմքերից են։ Այս պահին գտնվում են արտերկրում, Մարիա Պևչիխի, Գենադի Ալբուրովի և մյուսների հետ վարում են Նավալնու բլոգը, կազմակերպում ընդհատակյա «շտաբեր»։