Home / Բանակ / Մյուս տարվանից բանակը կհավասարեցնի նաև կանանց

Մյուս տարվանից բանակը կհավասարեցնի նաև կանանց

Կանանց առաջին զորակոչը նախատեսվում է 2024 թվականի ձմռանը՝ կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բայց ռազմական գերատեսչությունը, ըստ նրա, ավելի մեծ ակնկալիքներ ունի ամառային գալիք զորակոչից։

Կառավարությունն այսօր լրացումներ և փոփոխություններ է «կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության» անցնելու համար դիմում ներկայացրած կանանց առնչվող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

«Իգական սեռի քաղաքացիներին» զորակոչելու գործընթացը հստակեցվել է, սահմանվել են դիմումներ ներկայացնելու ժամկետները, զորակոչի առանձնահատկությունները, զինծառայության համար ոչ ենթակա ճանաչելու պայմանները, ծառայության կազմակերպման սկզբունքները։

Ամիսներ առաջ Կառավարությունը ազդարարել էր 18-ից 27 տարեկան կանանց «կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգի» ներդրման մասին: Ծառայությանը, ըստ նախագծի, դիմում են հոժարակամ, մինչև զորակոչի օրը հնարավորություն կա հրաժարվելու, զորակոչից հետո «կամավորը» դառնալու է «պարտադիր»՝ «ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ արձակման հնարավորություն» այլևս չի տրվելու։ Զորակոչված կանայք ծառայելու են 6 ամիս՝ ուսումնական զորամասերում, ծառայության ավարտին ստանալու են 1 միլիոն դրամ պատվովճար։ Ըստ պաշտպանության նախարարի՝ Հայաստանում կանանց գումարտակ, իսկ հետո նաև կանանց զորագունդ է ձևավորվելու։

տե՛ս Կանանց առաջարկում են 1 միլիոնի դիմաց ծառայել բանակում

6-ամսյա ծառայությունից հետո կին զինծառայողները համալրելու են պահեստազորը, ինչը, հավանաբար, ենթադրում է, որ ռազմական դրության, մոբիլիզացիաների կամ մասնակի մոբիլիզացիաների պարագայում նրանք կարող են նաև զորակոչվել։

երկու խնդիր

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այսօր ընդունված փոփոխությունները թույլ կտան իրականացնել զորակոչի ենթակա կանանց հաշվառումն և կկարգավորեն ծառայության հետ կապված հարցերը:

«․․․Մենք փորձում ենք երկու խնդիր լուծել՝ բարձրացնել կանանց ներգրավվածության մակարդակը, այդ թվում Զինված ուժերում, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել, որտեղ նրանք կարող են լինել և լիարժեք աշխատանքային կարիերա անել: 6-ամսյա ծառայությունից հետո բոլոր ծառայություն անցած մեր հարգելի կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության, մասնավորապես՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով [5 տարի ժամկետով]: ․․․Այդ համատեքստում, նաև կամավոր ատեստավորում անցնելու պարագայում, նրանց աշխատավարձերը արդեն կլինեն կրկնապատկված դրույքով՝ կախված իրենց ատեստավորման արդյունքներից», – Կառավարության նիստին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կանանց զորակոչելու նորամուծությունը գործադիր իշխանության ներկայացուցիչները մինչ այս փորձում էին արդարացնել «գենդերային հավասարությամբ»՝ ակնարկելով, իբր կանանց բանակ տանելը հենց կանանց համար է արվում։ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս», – հայտարարում էր պաշտպանության նախարարը։

տե՛ս Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

կանանց գումարտակ

Նրա ղեկավարած գերատեսչությունն այժմ ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները.

«Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է Հայաստանի Հանրապետության համար և ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել՝ ցանկացած հնարավոր, ամենապատշաճ մակարդակով: Իհարկե, առաջիկայում նաև տեղում կլինենք, աշխատանքների ընթացքին կծանոթանանք, որպեսզի ամեն ինչ մեր ուզածով ընթանա», – Կառավարության նիստին ասել է նախարարը:

Պաշտպանության նախարարությունը անընդհատ ընդլայնում է զորակոչման ենթակա մարդկանց շրջանակը՝ զանգվածաբար զորակոչում են պահեստազորայիններին, առաջիկայում բանակ կտանեն նաև կանանց։ Բանակում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով խորանում են։ Հունվարից ի վեր հայկական զինված ուժերում 60-ի հասնող ոչ մարտական մահ է գրանցվել՝ «ինքնասպանություններ», «սպանություններ», «դժբախտ պատահարներ»․․․ Վերջին մեկ ամսում 9 մարդ է զոհվել ո՛չ հակառակորդի կրակոցից։

տե՛ս

25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել, խաբել | Epress.am

Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից

3 բանակային մահ 2 օրում. «սպանություն», «ինքնասպանություն», «հոսանքահարում»

․․․