Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կտրվի «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը այսկերպ փորձում է արձանագրել ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը», ընդլայնել «նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորությունները պետական և միջազգային առումով»։
Կառավարությունն այս որոշումը վաղը կընդունի։ Սրանից հետո, ըստ Փաշինյանը, Ղարաբաղից տեղահանված մարդիկ հնարավորություն կունենան դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար․
«Մարդկանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ/փախստականի կարգավիճակ տալով, որով այդ թվում՝ նրանց գույքային իրավունքների հետագա հետապնդման և պաշտպանության համար կստեղծվի իրավական հիմք, որից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո այդ թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն», – նշել է Փաշինյանը։
Ստացվում է, որ հայկական կապույտ անձնագիր ունեցող արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն համարվում, չնայած շատերը անձնագիր են ստացել հենց Հայաստանում․ այժմ նրանց կարգավիճակ և «Հայաստանի քաղաքացիություն ստանալու» հատուկ հնարավորություն է շնորհվելու։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ահազանգում են՝ մինչև հիմա ո՛չ թոշակ են ստացել, ո՛չ նպատաստ։ Օրեր առաջ հրապարակված հրամանագրով Լեռնային Ղարաբաղի պետաշխատողները, բացառությամբ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների, հետին թվով ազատվել են աշխատանքից։ Աշխատավարձ չեն ստացել նաև պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողները։ Նրանց և գործազուրկ դարձած հազարավոր քաղաքացիների ապագան դեռ անորոշ է։
տե՛ս Ղարաբաղցիների մեծ մասը չինովնիկներ չեն․ ցույց՝ Արցախի նախագահի ներկայությամբ
Հայաստանի կառավարությունից պարզաբանում են՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին թոշակ, նպաստ կամ աշխատավարձ տալու իրավասություն իրենք չունեն։ Արդյոք հնարավոր է Ղարաբաղի բյուջեի մնացորդից վճարել տեղահանվածների փողերը։ ԼՂ ֆինանսների նախարարությունից պատասխանել են՝ ոչ, քանի որ սեպտեմբերի վճարումները փոխանցելու համար հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը պիտի ամենամսյա հատկացում աներ։ Նախկինում Հայաստանի բյուջեից ամսական 12 միլիարդ դրամ էր ուղարկվում Լեռնային Ղարաբաղ, այս գումարը ձևակերպվում էր որպես միջպետական վարկ։ 12 միլիարդի մոտ կեսը ուղղվում էր պետաշխատողների աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները մարելուն։ Սեպետմբերյան մեկօրյա պատերազմից, Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի ստորագրումից և արցախահայերի զանգվածային տեղահանումից հետո այս գումարները չեն փոխանցվել, Արցախի կառավարության աշխատողներն էլ՝ գերատեսչությունների անմիջական ղեկավարներից բացի, ազատվել են աշխատանքից։
Ստեղծված իրավիճակը մեղմելու կամ ինչ-որ կերպ լուծելու համար Հայաստանի կառավարոթյունը տեղահանված ղարաբաղցիների համար աջակցության երեք ծրագիր է հաստատել․
— 100 հազար դրամի միանվագ աջակցություն է տրամադրվում Արցախից տեղահանված բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից։ Հոկտեմբերի 20-ի դրույթամբ, աջակցության այս ծրագրից օգտվել է 95 հազար 200 անձ (24 հազարը երեխաներ են, 71 200-ը՝ մեծահասակներ):
— Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվում է ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի համար: Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու են բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից: Բացառություն է արվել միայն այն ընտանիքների համար, որոնք Հայաստանում ունեն բնակարան կամ ապրում են խնամքի հատուկ կենտրոններում և չեն կարող բնակարան վարձել։
— Հոկտեմբերի 23-ին նոր ծրագիր է հաստատվել, որով տեղահանվածները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 50 հազար դրամ կստանան: 4 հոգանոց ընտանիքն, օրինակ, 200 հազար կստանա, ըստ փոխվարչապետի՝ սա մասսամբ կոմպենսացնում է չստացված թոշակներն ու աշխատավարձները։ 50 հազարական դրամից կզրկվեն այն արցախցիները, որոնք իրենց բանկային հաշվին որոշակի շեմը գերազանցող մնացորդ ունեն․ այդ սահմանաչափը կառավարությունը կհայտարարի առաջիկայում։