Home / մարտի-1 / Մարտի 1-ին մարդկանց վրա կրակած ոստիկանները չեն պատժվի

Մարտի 1-ին մարդկանց վրա կրակած ոստիկանները չեն պատժվի

15 տարվա քննությունից հետո 2008-ի Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ից կրակած 3 ոստիկանները չեն պատժվի, չնայած, ըստ իրավապահների, հենց նրանց կիրառած հատուկ միջոցից երեք ցուցարար է սպանվել։

Դատախազը զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի ծնողներին նամակով տեղեկացրել է, որ հանցանքի վաղեմության ժամկետն անցել է, ուստի գործն առանց դատարան գնալու փակվել է։

տե՛ս Մարտի 1․ «Չերյոմուխա 7»-ի 3 զոհերը

Քննությունն ավարտվել է ոչ թե մեղադրյալների կամ ապացույցների բացակայության, այլվաղեմության պատճառով։ Բայց վաղեմության ժամկետը լրացել էր դեռ 2013-ին։ Ինչո՞ւ այն ժամանակ իրավապահները չեն փակել գործը կամ՝ ինչո՞ւ գործը չի քննվել և բացահայտվել մինչև այդ ժամկետի լրանալը։

Դատախազությունից միայն փոխանցել են՝ մեղադրյալները վերջերս դիմել են, որ կիրառվի օրենքի այս հնարավորությունը, իրենք էլ կիրառել են։

«Մարտի 1»-ը վաղուց բացահայտված է ինձ համար, ինձ թվում է՝ բոլոր ծնողների համար՝ «Ազատության» հետ զրույցում ասել է «Չերյոմուխա 7»-ի կրակոցից որդուն կորցրած Ալլա Հովհաննիսյանը․ «Քաղաքական կամք է պետք մինչև վերջ այդ հարցը տանելու ու արդարադատությունը հաստատելու, որը ես չեմ տեսնում էս իշխանությունների մոտ», «խոստումներից ամենաառաջինը, որով այս իշխանությունը կատարել է հեղափոխություն, եղել է «Մարտի 1»-ի բացահայտումը։ 5 տարի անցել ա ու մենք չենք տեսնում «Մարտի 1»-ի բացահայտման ոչ մի նշույլ»:

Ոստիկանության զորքերի նախկին երեք զինծառայողները 2008-ից մեղադրվում էին զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ մահ պատճառելու մեջ։ Ինչո՞ւ ոչ սպանության՝ հարցնում են ծնողներն։ Ինչո՞ւ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումներ տված Փաշինյանի օրոք չի փոխվել մեղադրանքը։

Վարչապետ Փաշինյանը, որ 2008-ի հետընտրական հանրահավաքների ֆրոնտմեններից էր, 2018-ին իշխանության գալուց հետո պնդել էր, թե «Մարտի 1»-ը բացահայտված է։ Ամիսներ առաջ էլ Մարտի 1-ի հուշարձանի բացման ժամանակ ծնողների ներկայությամբ հայտարարել էր՝ գործը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ «Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա: Ես միայն մի դրվագ հիշեցնեմ, որ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են», – նշել էր Փաշինյանը:

Ծնողները հակադարձում են՝ վարչապետի նշած հանգամանքները գոնե «Չերյոմուխա 7»-ի կիրառմանը չեն վերաբերում, այս դեպքում մեղադրյալները հայտնի էին։ «Չեմ ուզում ասել, որ նախկին իշխանությունների հետ համագործակցում են, բայց ինչ-որ մի բան կա, ես չգիտեմ, ներքին պայմանավորվածություն կամ ինչ-որ մի բան կա, որ իրենց հետ է պահում «Մարտի 1»-ի բացահայտումից», – նշել է Ալլա Հովհաննիսյանը:

Վաչագան Ֆարմանյանի որդին՝ Արմեն Ֆարմանյանը, ևս զոհվել է «Չերյոմուխա 7»-ից։ Ձեռքերը ծալած նա չի նստի, նախ՝ կհանդիպի դատախազի հետ, կբողոքարկի գործը փակելու որոշումը․ «Մենք չենք կանգնելու, ուզում ա Նիկոլը լինի, ով ուզում ա լինի: Չէիք ասել, մինչև վերջ չասեիք, հիմա դուք ազգանունը ասելով, չե՞ք ասում՝ հիմա էդ մարդիկ, որ կարդան, ի՞նչ ապրումների մեջ են լինելու»:

Եթե անգամ ծնողների բողոքը տեղ հասնի, քննությունը վերսկսվի ու հասնի դատարան, ոստիկաններն էլ մեղավոր ճանաչվեն, միևնույն է՝ վաղեմության ժամկետի ուժով նրանք չեն պատժվի։

Անպատասխան է մնում հարցը՝ վերադասներից ո՞վ է այս երեք ոստիկաններին հրաման տվել «Չերյոմուխա 7» կիրառել մարդաշատ հավաքի ժամանակ։ Եվ ո՞ւմ շնորհիվ է ստացվել այնպես, որ երեք ցուցարարների սպանության գործը չի բացահայտվել, նրանց սպանած ոստիկաններն էլ չեն պատժվել վաղեմության ժամկետի սպառվելուց առաջ։