Վանաձորի համայնքապետի ապօրինի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որը ավագանու նիստի ժամանակ հայհոյել էր Հայաստանի խուլերի միավորման նախագահին և նրան աջակցող իրավապաշտպաններին, մնալու է անպատիժ։
Քննչական կոմիտեն դեռ անցած շաբաթ է որոշել, որ Փելեշյանը (հայտնի է «Ակա» մականունով) հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, բայց պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ «խուլիգանության հանցակազմ չկա»։
Վանաձորում սպասում են արտահերթ ընտրությունների։
ՔՊ-ն հաշտ է քֆուրի հետ, օրենքը քաղաքապետի համար չէ
Լոռվա մարզում հայտնի բիզնեսմեն, քրեական հեղինակություն Արկադի Փելեշյանը, որը 2010-ականներից ի վեր նաև քաղաքականությամբ է զբաղվում, երկու տարի առաջ ընտրվել էր ավագանու անդամ, ամիսներ անց կասկածելի քաղաքական մանևրների արդյունքում նշանակվել համայնքապետի պաշտոնակատար։ Սեպտեմբերից ի վեր նրա պաշտոնավարումը ապօրինի է։ Փելեշյանն, ամեն դեպքում, շարունակում է կատարել քաղաքապետի պարտականությունները։
Նոյեմբերի 29-ին գումարված Վանաձորի ավագանու արտահերթ նիստը հենց նա էր վարում։ Օրակարգում Հայաստանի խուլերի միավորման զավթված գրասենյակի հարցն էր։
«Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ Խուլերի միավորմանը հատկացված տարածքը 2013 թվականին փոխանցվել է «Խուլերի կրթամշակութային կենտրոն» կազմակերպությանը, որը 2008-ից փաստացի չի գործել՝ նույնիսկ ռեգիստրում գոյություն չուներ։ Կազմակերպությունը վերաբացվել է այս տարի, երբ տարածքի հետ կապված հարցներն արդեն բերվել էին օրակարգ։
«Այդ տարածքը իբր թե տրված է Խուլերի կրթամշակութային կենտրոնին։ Իրականում այն բանջարեղենի խանութ է։ Խուլերի կրթամշակութային կենտրոն ասվածի տնօրենը, որը համատեղությամբ ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի մորական կողմից բարեկամն է, այն վարձով է տվել խանութի սեփականատիրոջը՝ մեր տեղեկություններով, ամսական 150 հազար դրամ վարձավճարի դիմաց։
Բնականաբար, Խուլերի միավորմանը սա դուր չի գալիս։ Նախ՝ որովհետև Վանաձորում իրենք տարածք այլևս չունեն։ Քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող հանրակացարանի ուղիղ կեսը պատկանում է Հայաստանի խուլերի միավորմանը, բայց սիմվոլիկ գնով՝ տարեկան 1 միլիոն 44 հազար դրամով, իրենք այն տվել են Վանաձոր համայնքին, որպեսզի անօթևաններին՝ 20-ից ավել ընտանիք, ապահովեն տանիքով։ Ի սկզբանե պայմանավորվածությունն այսպիսին է եղել՝ հանրակացարանի տարածքը Միավորումը տալիս է համայնքին, դրա դիմաց համայնքապետարանը ներում է գույքահարկի իրենց պարտքն ու գրասենյակի համար անհատույց մեկ այլ տարածք է տրամադրում։ Վանաձորի ավագանին այդ պայմանավորվածությունը 2013-ից խախտել է, գրասենյակի տարածքը տրվել է մարզպետի հիշատակված բարեկամին, խուլերը մնացել են առանց տարածքի։ Գյուղերից գալիս են մարզկենտրոն, բայց հավաքվելու տեղ չունեն։
«Հայաստանի խուլերի միավորումը» դիմել էր մեր կազմակերպությանը, մենք մոտ կես տարի բանակցում էինք՝ համոզում էինք տեղական իշխանություններին, բացատրում, որ չի կարելի համայնքային գույքը աննպատակ վատնել, այն չի կարող ինչ-որ մեկի բարեկամին օդից եկամուտ բերել, եթե այդ տարածքը տալ չեք կարողանում, գոնե մեկ այլ տարածք տվեք։ Համայնքապետարանից ասացին՝ կքննարկենք այդ տարբերակը ավագանու նիստում։ Բայց ավագանի բերվեց մի նախագիծ, որով փորձում են օրինականացնել նախորդ անօրինական որոշումը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Քոթանջյանը։
Վանաձորում սա նոր բան չէ՝ համայնքային գույքը վաղուց մեջ-մեջ է արվել։ Իրավապաշտպանը ընդամենը մի օրինակ է բերում։ Վերջին ՏԻՄ ընտրություններում վերընտրված նախորդ քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին ընտրություններից անմիջապես հետո կալանավորել են գերեզմանի տարածքի հետ կապված չարաշահումների համար։ Նրա կալանավորումից հետո նույնիսկ այդ չարաշահումներն են շարունակվել՝ ո՛չ իրավապահներն են սա նկատում, ո՛չ էլ քաղաքական իշխանությունները։
Նոյեմբերի 29-ի նիստին ընդունված որոշումն այդ առումով բացառություն չէ, ավելի շուտ՝ տիպային օրինակ է նրա, թե ինչպես են տեղական իշխանությունները հարցեր լուծում։
«Նիստը անցնում էր մոտավորապես այսպիսի մթնոլորտում․ համայնքապետի պաշտոնակատար Ական (Փելեշյանը) ռեպլիկներ էր թողնում, ընդհատում, տեղ-տեղ ծաղրում ներկաներին։ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Մարինե Հարությունյանը այդ ընթացքում սուրդո թարգմանչի օգնությամբ փորձում էր հակադարձել նրան։ Ինչ-որ պահի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հարց ուղղեց ինձ։ Պատասխանեցի, որ խնդրո առարկա գործարքը եղել է ապօրինի, փաստաթղթեր են կեղծվել, և հիմա այդ ապօրինի գործարքը վերավավերացվում է։ Պատասխանը նրան դուր չեկավ։ Սկսվեց հայհոյանքների պահը։ Տեղից քֆուր էր անում՝ սեռական բնույթի հայհոյանքներ։ Հայհոյանքը ուղղված էր ոչ թե անձամբ ինձ կամ տիկին Հարությունյանին, այլ ընդհանուր՝ քաղհասարակությանը»։
Իրավապաշտպանը սա խուլիգանություն է որակում։ Դեպքից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի ղեկավարած Կառավարությունը Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժ/պ է նշանակել։
Օրեր անց Քննչական կոմիտեից պատասխանել են, որ քրեական գործ չեն հարուցելու։
Մինչ այդ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ
Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը չի ենթարկվում իր ծառայողական մեքենան կանգնեցրած պարեկների պահանջին, շեշտում է իր համայնքի ղեկավար լինելն ու փորձում զանգահարել մարզի բարձրաստիճան ոստիկաններին։
Թե ինչպես է պարեկների կողմից նկարահանված տեսանյութը հայտնվել Իոաննիսյանի ձեռքում՝ պարզ չէ։ Ըստ իրավապաշտպանի, դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին։ Իրավապահներից արձագանք չկա։
Այս ամենի հետևում, ըստ Քոթանջյանի, ՔՊ-ի և Արկադի Փելեշյանին առաջադրած ՀԱՍԿ կուսակցության միջև քաղաքական պայմանավորվածությունն է։
Խուլերի միավորումից ապօրինաբար խլված տարածքի օրինականացմանը դեմ է քվեարկել ընդամենը 4 ավագանու անդամ՝ «Ապրելու երկրից» և «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։ ՔՊ 9 ավագանու անդամները (և, իհարկե, ՀԱՍԿ-ի 5 ներկայացուցիչները) այդքան փաստարկներ լսելուց, քաղաքապետի քֆուրներին ունկնդրելուց հետո էլ կողմ են քվեարկել։ Արժի հիշել նաև, թե ինչպես է Արկադի Փելեշյանը, որի առաջնորդած քաղաքական ուժը ՏԻՄ ընտրություններում ընդամենը երրորդ տեղն է զբաղեցրել, հաջողացրել հասնել համայնքապետի աթոռին։
ՔՊ-ի «չեզոք», ԱԱԾ-ի պետի մտերիմ, իշխանության յուրացում
2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հաղթել էր կալանավորված նախկին քաղաքապետի «Մամիկոն Ասլանյան դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» էր՝ 9 մանդատ։ Արկադի Փելեշյանի առաջնորդած «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը» (ՀԱՍԿ) 5 մանդատ ուներ, երկուական մանդատ էլ «Հայրենք» ու «Ապրելու երկիր» կուսակցություններն են ստացել։
Ենթադրվում էր, որ ընդդիմությունը կոալիցիա կկազմի և ավագանու առաջին իսկ նիստին քաղաքապետ կընտրի Մամիկոն Ասլանյանին, որը աջակցում էր ընդդիմությանը։ Ընտրություններից անմիջապես հետո Ասլանյանը կալանավորվեց։
Եթե քաղաքապետի ընտրության համար ավագանու նիստ գումարվեր, ՔՊ, այնուամենայնիվ, շանսեր չուներ։ Բայց ավագանու նիստ այդպես էլ չգումարվեց՝ ի հայտ եկավ «Լուսավոր Հայաստանի» անհասկանալի դատական հայցը, որով ավագանի չանցած ուժը վիճարկում էր քվեների հաշվարկի արդյունքները և մեկ մանդատ պահանջում։ Այս հայցի հիմքով արգելանք կիրառվեց՝ որոշվեց, որ մինչև դատարանի որոշումը չլինի, ավագանին չի կարող քաղաքապետ ընտրել։
Երկու տարի էր՝ ԼՀԿ-ն մեկ ատյանից մյուս ատյան էր գնում։ Այդ ընթացքում Կառավարությունը հասցրեց օրենք փոխել և Վանաձորի համայնքապետի ժ/պ նշանակել Ակային՝ կիսաքրեական հեղինակություն, «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին անդամ, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկին անդամ, Վանաձորի նախկին փոխքաղաքապետ (2017), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակով ավագանի անցած Արկադի Փելեշյանին։
Մինչ լրագրողները հիշում էին Փելեշյանի խուլիգանական և բիզնես անցյալը՝ հարբած վիճակում ծեծել է խանութի վաճառողին, ընտրակաշառքի շուրջ վեճի պատճառով ծեծել է Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդին, տարածքներ է սեփականացրել և այլն, վերջինս ամրապնդվում էր նոր պաշտոնում։
Ինչե՞ս է ստացվել, որ Կառավարությունը ժ/պ նշանակելիս նախապաստվություն է տվել «աշխատավորական սոցիալիստական կուսակցության» թեկնածուին։
Իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը պաշտոնական բացատրությունն է հիշում․ «Որ ասեն՝ տեսեք, մենք ոչ թե մերոնցից մեկին ենք նշանակում, այլ չեզոք թեկնածուի, որը նաև քաղաքապետի տեղակալ է եղել, բավականին պոպուլյար է քաղաքում և այլն»։ Փելեշյանը, ըստ նրա, քաղաքում մոտ 5 հազար աջակից-հետևորդ ունի, անկախ նրանից՝ ինչ կուսակցություն է ներկայացնում, այս մարդիկ սովորաբար հենց իրեն են ընտրում։ «Աշխատավորական սոցիալիստական» գաղափարները սրա հետ, իհարկե, կապ չունեն։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը հիշեցնում է նաև Փելեշյանի կապերի մասին՝ աշխատել է և՛ նախկինների, և՛ ներկաների հետ, բիզնեսով է զբաղվում, ամենակարևորը՝ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի մտերիմն է, նրա երեխաների քավորը։
Ի՞նչպես է Ական քաղաքապետ դարձել։ Ըստ Քոթանջյանի՝ շատ պարզ «իշխանության յուրացմամբ»։
«Ֆորմալ հիմքը Լուսավոր Հայաստանի հայցն էր դատարան, չէ՞։ Բայց նոյեմբերի 30-ին Վճռաբեկ դատարանը այդ հայցը վերջնականապես մերժել է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունից վերջերս պարզաբանել են՝ քանի որ դատական հայցը մերժված է, սեպտեմբերի 1-ի դրությամբ արգելանքը ավտոմատ համարվում է վերացված։ Օրենքի համաձայն՝ սեպտեմբերի 10-ին համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ պետք է գումարվեր։ Սա տեղի չի ունեցել։ Փոխարենը տեղի է ունեցել հանցավոր անգործություն, որի հետևանքով Ական շարունակել և շարունակում է պաշտոնավարել։ Տարածքային կառավարման նախարարությունը սա չէր նկատե՞լ։ Ստեղծված իրավիճակում Կառավարությունը պետք է ցրի ավագանին, այն ուղղակի պետք է լուծարվի և պետք է նշանակվեն նոր ընտրություններ», – նշել է Քոթանջյանը։
Նրա ղեկավարած կազմակերպությունը մինչ այս փորձել է դիմել դատարան՝ հիշատակված արգելքը վերացնելու համար։ Դատարանից պատասխանել էին, թե դատավորը սեմինարների պետք է մասնակցի և դրա պատճառով նիստը հետաձգվելու է մինչև եկող տարվա ապրիլի 17-ը․ «Այսինքն՝ փորձում էին այնպես անել, որ Ական առնվազն մինչև ապրիլ մնա պաշտոնակատար։ Հետո տեղի ունեցան Ալավերդիի դեպքերը՝ ՔՊ-ն իշխանությունն այնտեղ «խլեց»։ Այդ և այս վերջին սկանդալի ֆոնին դատարանը մտափոխվեց՝ դեկտեմբերի 5-ին մեզ պատասխանեցին դատարանից, թե Վանաձորում դեռևս սեպտեմբերի 10-ին պետք է համայնքապետ ընտրված լիներ։ Ոնց հասկանում ենք, նոր տարուց հետո ավագանին կցրվի և նոր ընտրություններ կլինեն»։