Home / Համայնքներ / «Մի քիչ փող տանք՝ պրծնենք»․ Հայաստանը փախստականների համար տուն կառուցողը չէ

«Մի քիչ փող տանք՝ պրծնենք»․ Հայաստանը փախստականների համար տուն կառուցողը չէ

Կառավարությունն օրեր առաջ հրապարակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրի սկզբունքները։ Բնակարան գնելու համար մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամ են նախատեսում հատկացնել։ Կան հավելյալ պահանջներ։ Փախստականները ահազանգում են՝ այս ծրագիրը պարզապես չի՛ աշխատելու։ Լեռնային Ղարաբաղում ժամանակին գործող հասարարական կազմակերպությունները նախաձեռնող խումբ են ձևավորել և բաց նամակով դիմել Կառավարությանը։

3 «լուծում»

Ըստ փոխնախարար Դավիթ Խաչատրյանի՝ կառավարությունը տեղահանվածներին 3 լուծում է առաջարկվելու․
— հատկացված գումարով տուն կառուցել,
— տուն կամ բնակարան ձեռք բերել,
— նրանց, ովքեր չեն կարողանում ո՛չ կառուցել, ո՛չ գնել, կապահովեն սոցիալական կացարանով։

Ինչ «սոցիալական կացարանի» մասին է խոսքը՝ պարզ չէ։

կսեփականաշնորհեք 10 տարի հետո

Կառուցած կամ գնած բնակարանը սեփականաշնորհելու համար ընտանիքները պարտավորվելու են 10 տարի անընդմեջ ապրել այնտեղ։ Այսինքն՝ երկիրը լքելու հնարավորություն մարդիկ չեն ունենալու։

«Բնակարանը ձեռք բերելուց հետո նրանք 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, 10 տարի հետո կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր», – ասել է փոխնախարարը։

աշխատունակներին՝ պարտքով

Աշխատունակ քաղաքացիները աջակցության այս գումարը պարտավոր են լինելու վերադարձնել՝ 10 տարվա ընթացքում։ Նրանց պարագայում այս օգնությունն ավելի շուտ անտոկոս վարկ է, քան թե պետական հատկացում։

Անչափահասներն ազատվելու են գումարի վերադարձից։ Թոշակառուների և սոցիալական այլ խոցելի խմբերի համար, ըստ Խաչատրյանի, սահմանվելու են որոշակի արտոնություններ։ 

բազմազավակները՝ առաջնահերթ

Նախատեսվում է, որ առաջին փուլում գումար կստանան երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանքիները։ Աստիճանաբար կհասնեն միայնակ կամ երկուսով բնակվող չափահասներին։ 

Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի տվյալներով՝ բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։

Կառավարության այս առաջարկից կարող են օգտվել բոլոր տեղահանվածնորը՝ բացառությամբ նրանց, ովքեր նախկինում տան սերտիֆիկատ են ստացել։ «Թե սկսած 2020 թվականի պատերազմից հետո, այդ պահին, կամ դրանից որոշակի ժամանակ անց և իհարկե 2023 թվականին տեղի ունեցած դեպքերի մասնակիցները նույնպես», – ասել է փոխնախարարը։

պետք է Հայաստանի քաղաքացի դառնալ

Ծրագրերից օգտվելու համար արցախցիները պետք է Հայաստանի քաղաքացի դառնան։ Սա պարտադիր պահանջ է։

Այն մասին, որ իրենք Հայաստանի քաղաքացի չեն համարվում, Լեռնային Ղարաբաղի հայերից շատերն իմացել են տեղահանությունից հետո միայն։ Միգրացիոն ծառայությունից մինչ այս արդարացել էին՝ Ղարաբաղում թողարկված (070) կապույտ անձնագրերը զուտ ճամփորդական փաստաթուղթ էին համարվում, դա նորություն չէ։

տե՛ս Ղարաբաղցիների թոշակների, նպաստների և անձնագրերի մասին

Մարդիկ մինչև հիմա թղթաբանական քաշքշուկների մեջ են՝ հսկայական հերթեր, խնդիրներ կորսված փաստաթղթերը վերականգնելու հետ կապված։ Պատշաճ իրազեկում էլ չի արվել։ Շատերը չգիտեմ՝ ինչ է իրենց տալու քաղաքացիություն ընունելն ու ինչից է զրկելու։ 

տների գները կթռնեն

Epress.am-ի հետ զրույցում արցախցիները բողոքում էին՝ բնակապահովության այս ծրագրի մեկնարկից հետո մարզերում տների գները բարձրանալու են։ Տեղահանությունից հետո դրանք կտրուկ աճել են, հիմա էլ ավելի կթռնեն։

Անհանգստություններ կան նաև ժամկետների հետ կապված՝ գումարը ստանալուց հետո տուն սարքելու/գնելու համար որքա՞ն ժամանակ է հատկացվելու։

Ինչո՞ւ կառավարությունը չի դիտարկում ավաններ, շենքեր կառուցելու տարբերակը, ինչպես Արցախում է ժամանակին արվել՝ հարցնում էին մեր զրուցակիցները, որոնք ժամանակավոր ապաստանել են Երևանին մոտ գտնվող բնակավայրերում (Հրազդան, Չարենցավան, Էջմիածին, Գառնի)․ «Եթե նոր շենքեր կառուցեն, տան գները ոչ միայն արհեստականորեն չեն բարձրանա, այլև աստիճանաբար կնորմալիզացվեն», «Մարդիկ պատրաստ են սպասել, եթե իմանան՝ տուն են ունենալու», «Մենք էլ կմասնակցենք շինարարությանը», «Էս գումարով ոչ մի բան չենք գտնի, սերտիֆիկատը կմարվի, կասեն՝ դուք եք մեղավոր, որ չեք կարողացել տուն առնել, մենք էլ ոչ մի պարտավորություն չունենք»։

Հեղափոխությունից հետո կառավարությունը բնակապահովման մի հավակնոտ ծրագիր էլ Ադրբեջանից տեղահանված և մոտ 30 տարի տարրական հարամարություններից զուրկ հանրակացարաններում ապրող փախստականների համար էր սկսել։ Մայրաքաղաքի հանրակացարաններում ապրող ընտանիքների տրամադրել էին բնակարանի գնման սերտիֆիկատներ՝ մեկ տարի ժամկետով։ Ընատնիքների զգալի մասը այդ սերտիֆիկատն օգտագործել չի կարողացել՝ գումարը հաշվարկել էին ոչ թե միջին շուկայական, այլ միջին կադաստրային արժեքով։ Այդ գնով բանակարան գտնել շատերը չէին կարողացել, սերտիֆիկատները ինքըստինքյան մարվել էին։ Հիմա համարվում է, որ պետությունն այս մարդկանց առջև այլևս որևէ պարտավորություն չունի՝ բնակարանով, իբր, արդեն ապահովել են, ով չի կարողացել սերտիֆիկատն օգտագործի՝ ինքն է մեղավոր։

Հիմնավոր կասկածներ կան, որ նույն պատմությունը կրկնվելու է նաև այս անգամ։

«Ես հարցին նայում եմ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից և գտնում եմ, որ արցախցիների մեծ մասի բնակարանային խնդիրների լուծումը պետք է տրվեր ՀՀ թերբնակեցված մարզերում նոր բնակֆոնդի կառուցման ու ընտանեկան տնտեսությունների ստեղծման ճանապարհով […] կառավարության «փող տամ՝ պրծնեմ» քաղաքականությունը բերելու է հակառակ արդյունքների՝ խնդիր ունեցող մարզերից դեպի Երևան և երևանամերձ մարզեր արտագաղթ է սկսվելու։ [․․․] Առանց լուրջ բնակարանաշինության անիմաստ թանկանալու է մարզերում գտնվող երկրորդային շուկայի տները։ Ինչպես Արցախի վերաբնակիչների սերտիֆիկատների պարագայում գյուղական տները 3-4 միլիոնից արհեստականորեն բարձրացան 10 միլիոնի, հիմա էլ թանկացման նոր ալիք է սկսելու։ […] Բյուրոկրատական սնոբությունը հաղթահարել չկարողացող, ընթացակարգերի մեջ խճճված կառավարությունն այլ արդյունքներ չի էլ կարող ակնկալել։ Վկան՝ Շուռնուխում կառուցվող 13 առանձնատները, որոնք կառուցվում են 3 տարուց ավելի», – գրել է Հայկ Խանումյանը։

Ըստ նրա, արցախցիների ու նրանց ներկայացուցիչների հետ նախօրոք քննարկում չի եղել։ Փակ հանդիպման ժամանակ արդեն պատրաստի նախագիծ են ներկայացրել․ «Սա է ու վերջ»։

իսկ մինչ այդ արցախցիները մնալու են փողոցում

Ամսավերջին ավարտվում է արցախցիներին հատկացվող սոցաջակցության ծրագրի ժամկետը։ Տեղահանվածների ասում են՝ սոցապը մտադիր է կտրել բնակարանի վարձակալության համար հատկացվող օգնությունը (40+10 հազար դրամները), աջակցությունը միայն երեխաների հաշվարկով է բաշխվելու, 20 հազարի օգնություն էլ թոշակառուներին և հաշմանդամներին են տալու։ 

Եթե այս նախագիծն ընդունվի՝ հազարավոր մարդիկ զրկվելու են բնակարան վարձելու հնարավորությունից և մնալու են փողոցում։

տե՛ս Արցախցիները կարող են փողոցում հայտնվել 

թարմացում (մարտի 12) – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի իր ասուլիսում հավատացրել է, որ 40+10 հազարների կրճատում չի լինի, սոցաջակցության ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ։

բաց նամակ

«Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը», որը ձևավորվել է ԼՂ-ում ժամանակին գործող 32 կազմակերպությունների կողմից, բաց նամակով դիմել է Կառավարությանը։ 

Նամակը հրապարակել է Արցախի նախկին օմբուդսմեն, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նախաձեռնությունը պահանջել է․

1․ Բնակարանային ապահովման ծրագրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով.
2. Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ.
3. Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին.
4. Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը.
5. Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին.
6. Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին.
7. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000+10,000 դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը.
8. Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում.
9. Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով.
10. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար.
11. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար.
12. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։

Բաց նամակին կարելի է միանալ հղումով։