Home / Մշակույթ / Մուհամեդ մարգարեի ծննդյան առթիվ Իրանում ներում են շնորհել 3000 մարդու

Մուհամեդ մարգարեի ծննդյան առթիվ Իրանում ներում են շնորհել 3000 մարդու

Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկով գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ներում է շնորհել շուրջ երեք հազար բանտարկյալների։ Ներում ստացածների թվում են տարբեր հոդվածներով դատապարտված օտարերկրացիներ և հակապետական հանցագործությունների մեջ մեղադրվողներ։

Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ համաներման հրամանը վերաբերելու է 2 հազար 887 բանտարկյալների, որոնցից ոմանք ազատ են արձակվելու, ոմանց պատիժը մեղմանալու է։ 59 մարդու մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ։ Խամենեիի այս որոշումը նվիրված էր Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա նախաշեմին:

2024 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Իրանում առնվազն 376 դատապարտյալի կախաղան են բարձրացրել։ Միայն այս ամսվա առաջին 15 օրերի ընթացքում մահապատժի է ենթարկվել 70 մարդ։ Նախագահական ընտրությունների ընթացքում «օրինական սպանություններ» ժամանակովորապես չէին իրականացնում։ Ընտրական պրոցեսների ավարտից հետո դրանց թիվը կտրուկ մեծացել է։

Amnesty International-ի տվյալներով, 2023 թվականին Իրանում առնվազն 853 մահապատիժ է իրականացվել, ինչը աշխարհում բոլոր մահապատիժների մոտ 73 տոկոսն է կազմում։ Դեպքերից 481-ը՝ կեսից ավելին, վերաբերում են թմրանյութերի օգտագործմանը։ 2022-ին թմրանյութ օգտագործելու կամ իրացնելու համար կախաղան էին բարձրացրել 255 դատապարտյալի, այսինքն մեկ տարում այս ցուցանիշն աճել է 89 տոկոսով։ 2021-ին նմանատիպ մեղադրանքներով մահապատժի ենթարկվածների թիվը 132 էր։