Home / Բանտ / Դատապարտյալներից կպահանջվի իդեալական վարք, բայց խնդիրը դատարանների մեջ է

Դատապարտյալներից կպահանջվի իդեալական վարք, բայց խնդիրը դատարանների մեջ է

Դատապարտյալների վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխելու համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելի մանրակրկիտ կառավարել դատապարտյալների վարքը՝ հսկելով նրանց մասնակցությունը «բարեվարքության» դասերին։ Բայց վաղաժամ ազատման համակարգը չէր գործում ոչ թե դատապարտյալների վարքի, այլ դատարանների վախերի պատճառով։ Իրավապաշտպանները կարծում են, որ սխալ բարեփոխումը նոր խնդիրներ է ստեղծելու։

Ըստ նոր հայեցակարգի` վաղաժամկետ ազատման համակարգը կփոխվի երկու փուլով․ կարճաժամկետում կլինի դատապարտյալի վարքի գնահատման նոր մեթոդի ներդրում։

«Մարդիկ, չունենալով գիտելիքներ, օրինակ շախմատում, գրանցվում էին, որ պտիչկա ցույց տան՝ միավոր հավաքելու համար։ Այդ պրակտիկան վերանայելու համար մենք եկանք այն եզրահանգման, որ պետք է յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր ծրագիր գնահատվի, ոչ թե ամբողջության մեջ, այլ քայլ առ քայլ», – նշել է ԱՆ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը Մեդիա կենտրոնում ասուլիսի ժամանակ։

Երկարաժեմկետ բարեփոխմամբ ԱՆ-ն կկիրառի նաև փուլային տարբերակը․ այսինքն վաղաժամկետ ազատվելու համար դատապարտյալը պետք է անցնի անվտանգային գոտիներով՝ բարձրից ցածր։ Գոտիները որոշվում են ըստ հանցագործության ծանրության։

Իրավաբան, նախկինում պայմանական վաղաժամկետով ազատված Արման Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ խնդիրը ոչ թե գնահատման մեջ է, այլ դատական համակարգի։ Դատապարտյալն անցնում է բոլոր փուլերով՝ դասեր, պարապմունքներ, անվճար աշխատանք, կուտակում է բալերը, խուսափում է ՉէՊէ-ներից, հասնում է դատարան․ «Դիմում է առաջին անգամ, դատարանը վաղաժամկետից կտրում է, դիմում է երկրորդ անգամ՝ էլի կտրվում է»։

Թե դատարանը կոնկրետ ինչպիսի իրավական մոտեցում պետք է ցուցաբերի նման գործերը քննելիս, հստակ չէ։ Վճռաբեկ դատարանն, ըստ Սարգսյանի, ունի մի քանի իրարամերժ նախադեպային որոշումներ․ մի մասն ի շահ դատապարտյալի են, մի մասն էլ՝ ի վնաս։

«Դատավորը, օրենքից բացի, պարտավոր է առաջնորդվել նաև դատական պրակտիկայով։ Այսինքն՝ չպիտի կայացնի այնպիսի որոշում, որը կհակասի Վճռաբեկ դատարանի ակտերին։ Դատավորը գիտի՝ եթե նման որոշում կայացնի, դատախազը, նախադեպին հղվելով, կարող է բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, որն էլ իր հերթին կարող է բեկանել առաջին ատյանի որոշումը։ Նման դեպքերի պակաս չկա։

Դատավորը, որը 10-ից ավել բեկանված որոշում ունի, կարող է ընկնել Արդարդատության խորհրդի կարգապահական վարույթի տակ։ Սա լավագույն դեպքում զգուշացում, վատագույն՝ աշխատավարձի կրճատում և լիազորությունների դադարեցում է ենթադրում։ Դատավորները նախընտրում են ռիսկի չդիմել, առավել ևս, որ նրանցից ոչ ոք կոնկրետ գործի դետալներում խորանալու ժամանակ չունի։ Դատավորները քիչ են, գործերը՝ շատ», – նշել է Սարգսյանը։

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նարե Հովհաննիսյանի կարծիքով, խնդրային են նաև անձին գնահատելու չափանիշները։ Եթե նախկինում ուղղման ճանապարհին գտնվող դատապարտյալ համարվելու համար անհրաժեշտ էր հավաքել 28 միավոր, այժմ անհրաժեշտ է 20-ը հնարավոր 40-ից։ Բայց հանցագործության ծանրությունից կախված՝ նրանից կարող են միավորներ հանվել՝ առավելագույնը 30։

«Սա անընդունելի է, որովհետև հանցագործության բնույթը, հանրային վտանգավորությունն արդեն նկատի առնվել է, երբ անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ է կիրառվել», – ասել է Հովհաննիսյանը։

Բացի այդ, առաջարկվող փոփոխությամբ, բալեր գումարվում կամ հանվում են տույժ ունենալու և չունենալու պարագայում․ չունենալու դեպքում տրվում է 10 միավոր, իսկ ունենալու դեպքում հանվում է առավելագույնը 15 միավոր։ Ըստ Նարե Հովհաննիսյանի՝ պրակտիկայում նման մոտեցումը կարող է այլ հարաբերությունների տեղիք տալ։ «Չենք բացառում, որ նման դեպք լինի, որ կարգապահական խախտումն անտեսվի ներքին պայմանավորվածությամբ»։

Նոր հայեցակարգով միավորներ կհանվեն նաև կրկնահանցագործությունների, քրեական ենթամշակույթին հարելու, կախվածություններ ունենալու դեպքերում։

«Գնահատվում է նաև արտաքին աշխարհի հետ կապը։ Առաջարկում ենք հաշվի առնել, որ կան դատապարտյալներ, ովքեր հարազատներ չունեն կամ նրանք Հայաստանում չեն կամ չունեն ֆինանսական միջոցներ դատապարտյալին այցելելու կամ զանգելու համար», – նշել է Հովհաննիսյանը։

Արման Սարգսյանի խոսքերով խնդիրներից մեկն էլ այն է, որ հայեցակարգը, ինչպես և նախկինում, հաշվի չի առնում ձերբակալման և կալանավորման փուլում գտնվողներին։ Այդ ընթացքում անձը իրավունք չունի մասնակցել վերասոցիալականացման ծրագրերին․ «Չորս տարի տևող դատավարության ժամանակ ենթադրենք դատապարտվում է հինգ տարի ազատազրկման և դատապարտյալի կարգավիճակով տեղափոխվում է ՔԿՀ։ Երբ տեղափոխվում է, վաղաժամկետ ազատման դիմումը ներկայացնելու ժամանակն է արդեն, սակայն չի կարողացել մասնակցել վերասոցիալականացման ծրագրին»։ ԱՆ ներկայացուցչի խոսքերով, արգելքն օրենսդրական է՝ մասնակցության դեպքում կխախտվի անձի անմեղության կանխավարկածը։

Փուլային տարբերակն, ըստ Սարգսյանի, թղթի վրա գրված հիանալի տեքստ է, գործնականում, սակայն, կիրառելի չէ։ Նույնիսկ եթե դատապարտյալը ստանա անհրաժեշտ միավորները, դիմի դատարան, դատարանը դրական որոշում կայացնի, բարձրից գնա միջին անվտանգային գոտի, հետո էլ ցածր, առաջ են գալու պահման պայմանների հետ կապված մի շարք խնդիրներ։

«Ստանդարտները ցածր անվտանգային գոտում ուրիշ են։ Օրինակ, դատապարտյալը պետք է ունենա 12 քառակուսի մետր բնակելի տարածք։ Եթե հերթը հասնի նրան, որ հարյուր կամ երկու հարյուր դատապարտյալ պետք է գտնվեն ցածր անվտանգային գոտու պայմաններում, մեծ քանակի մարդկանց համար մենք այդքան տարածք և պահման պայմաններ չունենք», – նշել է Սարգսյանը։