Home / Բանակ / Բայդենը վերջապես թույլատրեց Ուկրաինային օգտագործել ամերիկյան հեռահար հրթիռներ

Բայդենը վերջապես թույլատրեց Ուկրաինային օգտագործել ամերիկյան հեռահար հրթիռներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլ է տվել օգտագործել ամերիկյան հեռահար ATACMS հրթիռները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին Բայդենի աշխատակազմի իրենց աղբյուրներին հղվելով գրել են մի շարք ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցներ (1, 2, 3, 4, 5, 6)։ Սպիտակ տունն ու Պենտագոնը հրաժարվել մեկնաբանել։

Իսկզբանե նախատեսվում է ամերիկյան հրթիռներն օգտագործել Կուրսկի մարզում ռուսական և հյուսիսկորեական զորքերի դեմ, գրում են The New York Times-ը և The Washington Post-ը։ Axios-ի աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնը թույլատրել է դրանցով հարվածներ հասցնել միայն Կուրսկի մարզում տեղակայված թիրախներին։ Ապագայում հրթիռների կիրառման աշխարհագրությունը կարող է փոփոխվել, գրում է WP-ն։

Լրատվամիջոցների տեղեկություններով, Բայդենի որոշումը կապված է Կուրսկի մարզում շուրջ 10 հազար հյուսիսկորեական զինվորականների առկայությամբ։ Վաշինգտոնն այսպիսով ուզում է հասկացնել ԿԺԴՀ-ին, որ ռուս-ուկրաինական պատերազմում ներգրավվելը սխալ որոշում էր։ 

Միացյալ Նահանգներն այս թույլտվությունը տվել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից երկու ամիս առաջ։ Թրամփը խոստանում էր բանակցային պրոցեսներ սկսել և կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները։ Տեղական լրատվամիջոցները կարծում են, որ Բայդենն այսպիսով փորձել է ուժեղացնել Ուկրաինայի ռազմական դիրքը սպասվող բանակցություններից առաջ։

Փորձագետները բացատրում են, որ ATACMS-ների կիրառության արդյունքները խիստ սահմանափակ են լինելու։ Պենտագոնի տվյալներով, սեպտեմբեր ամսվա ընթացքում Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ինքնաթիռների 90 տոկոսն արձակվել է աէրոդրոմներից, որոնք գտնվում են ATACMS հասանելիության գոտուց դուրս։

Սպիտակ տունը հրաժարվում էր թույլատրել ամերիկյան հրթիռների օգտագործումը՝ մտավախությամբ, որ դա կարող է սրել հակամարտությունը։ Որոշ ամերիկյան չինովնիկներ կարծում են, որ ամերիկյան զինատեխնիկայի կիրառումը կարող է «զայրացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», նա կարող է ուժով պատասխանել։ Այլ պաշտոնական անձինք էլ վստահ են, որ այսպիսի մտավախությունները չափազանցացված են։ Ամերիկյան հետախուզությունը ենթադրում էր, որ ի պատասխան, Ռուսաստանը կարող է դիվերսիոն հարձակումներ սկսել Եվրոպայի դեմ, կամ թիրախավորել ամերիկյան ու եվրոպական զինվորական բազաները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնից թույլատվություն ստանալը ուղիղ չի հաստատել, բայց նշել է, որ «հրթիռներն իրենք ամեն ինչ կասեն»։ Արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները նա մեկնաբանել է նոյեմբերի 17-ի իր ուղերձում։

«Ուկրաինայի հզորացման պլանն այն հաղթանակի ծրագիրն է, որ ես ներկայացրել էի մեր գործընկերներին։ Կարևոր կետերից էր մեր ռազմական ուժի հեռահարության ապահովումը։ Այսօր շատ լրատվամիջոցներ գրում են, որ մենք համապատասխան գործողությունների թույլտվություն ենք ստացել։ Բայց հարվածները բառերով չեն հասցնում։ Այդպիսի բաները չեն հայտարարվում։ Հրթիռներն իրենք ամեն ինչ կասեն։ Հաստատ», – ասել է Զելենսկին։

Axios-ի տվյալներով, Միացյալ Նահանգները Բայդենի որոշման մասին Ուկրաինային հայտնել էին նոյեմբերի 14-ին։ Նախատեսվում է, որ ուկրաինական ուժերը ATACMS-ներ կկիրառեն արդեն մոտ ապագայում։  

Բայդենի որոշման հանրայնացման ֆոնին չհաստատված տեղեկություններ էին տարածվում նաև այն մասին, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան Ուկրաինային թույլատրել են Ռուսաստանի դեմ կիրառել SCALP և Storm Shadow տեսակների ֆրանկոբրիտանական զինատեխնիկա։ Այս մասին նոյեմբերի 17-ին գրել էր ֆրանսիական Le Figaro թերթը։ Ավելի ուշ լուրը ջնջվել էր։ Հետո բրիտանական The Times-ը գրել էր, որ Բայդենի որոշումը ATACMS-ի կիրառության մասին չի վերաբերում Storm Shadow-ին։ 

Նոյեմբերի սկիզբ լրատվամիջոցները գրում էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում Բայդենի հետ՝ Ուկրաինային Storm Shadow հրթիռներից կիրառելու թույլտվություն տալու համար։ Այն, որ Բրիտանիան դեմ չէ դրա օգտագործմանը, հայտնի էր դարձել դեռևս սեպտեմբերին։ Բայց քանի որ այդ հրթիռների մեջ օգտագործվում են ամերիկյան տեխնոլոգիաներ, ԱՄՆ համաձայնությունը պարտադիր էր։

Արևմտյան առաջնորդների այս քննարկումների ֆոնին ռուսական ԱԳՆ-ն հիշեցրել էր Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսական օբյեկտների ուղղությամբ ամերիկյան կամ եվրոպական զինատեսակների կիրառումը ՆԱՏՈ-ին դարձնում է հակամարտություն ուղիղ մասնակից, քանի որ հեռահար ճշգրիտ հարվածները հնարավոր են միայն ՆԱՏՈ-ի արբանյակային տվյալների հիման վրա։ 

Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին նոյեմբերի 17-ին ասել է, որ «ամերիկյան հրթիռների կիրառումը լուրջ հետևանքների կարող է բերել»։ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ Ամերիկայի այս որոշումը «մեծ քայել է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»։

ԱՄՆ նորընտիր նախագահը Բայդենի որոշումը չի մեկնաբանել։ Նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, X սոցիալական ցանցում գրել է, որ «ռազմաարդյունաբերական կոմպլեքսն ուզում է, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի ավելի շուտ, քան իր հայրը խաղաղություն հաստատելու և կյանքեր փրկելու հնարավորություն կունենա»։ Թրամփի գործընկեր, բիզնեսմեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Բայդենը «մասշտաբային էսկալացիայի» է տանում։ «Նրա նպատակը Թրամփի համար հնարավոր ամենավատ իրավիճակը ստեղծե՞լն է»։ 

Թրամփի թիմն արդեն հայտնել է, որ նրա պաշտոնավարման մեկնարկից հետո ATACMS հրթիռների մասին որոշումը կարող է վերանայվել։