Նոյեմբերի 26-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իսկ ավելի ուշ նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել են Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության մասին։
Պայմանագիրը բաղկացած է 13 կետերից.
— Հեզբոլլահը և Լիբանանի տարածքում գործող այլ զինված խմբավորումները չպետք է հարձակվողական գործողություններ նախաձեռնեն Իսրայելի դեմ,
— Իսրայելը չպետք է հարձակվի Լիբանանի տարածքի վրա՝ ո’չ ցամաքով, ո’չ օդով, ո’չ ծովով,
— Իսրայելը և Լիբանանը պետք է ընդունեն ՄԱՀ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կարևորությունը (1701 ռեզոլյուցիան կոչ է անում Հեզբոլլահի ուժերը կենտրոնացնել Լիտանի գետից այն կողմ),
— Այս պարտավորությունները չեն հակասում Իսրայելի և Լիբանանի իքնապաշտպանության իրավունքին,
— Պաշտոնական լիբանանյան անվտանգության զորքերն ու կանոնավոր բանակը միակ զինված խմբերն են, որոնց թույլատրվում է զենք կրել և ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանի հարավում,
— Զենքի արտադրությունը, վաճառքն ու մատակարարումը պետք է վերահսկվի լիբանանական կառավարության կողմից,
— Լիբանանում գտնվող զինարտադրության ոչ օրինական օբյեկտները պետք է ապամոնտաժվեն,
— Հարավային Լիբանանի բոլոր ռազմական ենթակառուցվածքներն ու բազաները պետք է ապամոնտաժվեն, չգրանցված զենքերը պետք է առգրավվեն,
— Պետք է հիմնադրվի կոմիտե՝ այս պարտավորությունների կատարումը վերահսկելու և անհրաժեշտության դեպքում օգնելու համար,
— Իսրայելը և Լիբանանը պետք է այս կետերի սպասվող խախտումերի մասին նախապես զեկուցեն հատուկ կոմիտեին և Լիբանանում ժամանակավոր գործող ՄԱԿ-ի գրասենյակին,
— Լիբանանը պետք է իր անվտանգության ուժերը և հիմնական զորքը տեղակայի սահմանի ողջ երկանյնքով և անցակետերում,
— Իսրայելը 60 օրվա ընթացքում պետք է աստիճանաբար հեռացնի իր զորքերը Լիբանանի հարավից,
— ԱՄՆ-ն պետք է հանդես գա որպես միջնորդ Լիբանանի և Իսրայելի միջև ճանաչված ցամաքային սահման հաստատելու գործում։
Համաձայնությունը ձեռք է բերվել Միացյալ նահանգների տրամադրած երաշխիքների շնորհիվ։ Սպիտակ տունը խոստացել է Իսրայելի կառավարության հետ փոխանակվել հետախուզական տեղեկություններով։ Անհրաժեշտության դեպքում ինֆորմացի կտրամադրվի նաև Լիբանանի իշխանություններին։
Համաձայնագիրը թույլատրում է իսրայելական օդային ուժերին տեղաշարժվել Լիբանանի օդային տարածքով՝ բացառապես հետախուզական և դիտորդական նպատակներով, առանց ձայնային բարիերը հաղթահարելու։ Իսրայելը իրավունք ունի պատասխան հարձակում սկսել՝ լիբանանական խմբավորումների կողմից համաձայնագրի կետերը խախտելու դեպքում։
Բանակցային պրոցեսներում ներգրավված էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել առավոտյան 4-ից։ Սահմանամերձ հատվածներից տեղահանված լիբանանցիներն անմիջապես սկսել են զանգվածաբար վերադառնալ իրենց տներ։