Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը էկոակտիվիստ Քյամրան Մամեդլիին թույլ չի տվել հեռանալ երկրից։ Ակտիվիստն այս արգելքը կապում է COP29 կլիմայական միջազգային գագաթնաժողովի ժամանակ իրականացրած ակցիայի հետ։
Նոյեմբերի 15-ին Մամեդլին միանձնյա ակցիա էր արել COP29-ի տարածքում։ Պահանջում էր դադարեցնել Ադրբեջանում սովորական համարվող թափառող շների սպանությունները։ Նա կանգնել էր հասարակական կազմակերպությունների համար առանձնացված «կանաչ զոնայի» աթոռներից մեկին՝ «Դադարեցրեք թափառող շներին կրակելը» պաստառով։ Ուժայինները նրան ու ակցիան լուսաբանող լրագրողներին բռնի հեռացրել են ժողովի տարածքից։ Ժամեր անց Մամեդլիին բաց են թողել ոստիկանությունից։
Դեկտեմբերի 2-ին, սակայն, նրան չեն թողել Բաքվից ինքնաթիռով գնալ Թբիլիսի։
«Առավոտյան պետք է Թբիլիսի թռնեի։ Օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցը երկար նայեց անձնագրիս, հետո ինչ-որ մեկին զանգեց։ Ավելի ուշ ասացին, որ ՆԳՆ-ն արգելք է դրել իմ՝ երկրից հեռանալու վրա։ Պատճառների մասին ոչինչ չասացին», – պատմել է Մամեդլին։
Նա նշել է, որ այս տարվա հուլիսին առանց ինչ-որ խնդրի դուրս է եկել երկրից ու վերադարձել։ «Չգիտեմ ֆորմալ առումով ինչպես են իրենք բացատրում այս արգելքը, բայց ավելի քան վստահ եմ, որ այն կապ ունի Բաքվում COP29-ի ընթացքում իմ արած ակցիայի հետ։ Այն ժամանակ ինձ կարճաժամկետ բերման էին ենթարկել», – ասել է ակտիվիստը։ Նա դիմել է ՆԳՆ՝ բացատրություն ստանալու պահանջով։
Ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։