Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո հաճախ է խոսում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու մասին։ Այս առնվազն դեկլարատիվ խոստումների ֆոնին Ուկրաինայի քաղաքական շրջանակներում թարմանում են խոսակցությունները նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ «ՌԲԿ-Ուկրաինան» գրում է, որ որոշ կուսակցությունների շտաբերում արդեն լրջորեն վերլուծում են գործիչների վարկանիշերն ու մտածում հնարավոր քաղաքական կոալիցիաների մասին, թեև պաշտոնական հաստատում չկա, որ մոտակա ժամանակներում երկրում ընտրություններ կկազմակերպվեն։
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին, ով ընդհամենը մեկ տարի առաջ է հեռացել զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, այժմ երկրի ամենապոպուլյար մարդն է։ Հանրային և փակ հարցումները միաձայն ցույց են տալիս, որ Զալուժնին թեկնածուների ցանակացած խմբում ամենաշատ ձայներն է հավաքում։ «ՌԲԿ-Ուկրաինայի» աղբյուրների մեծամասնությունը կարծում է, որ նա ինչ-որ ձևով ընտրություններին հաստատ կմասնակցի, թեև ինքը գործիչը դեռևս պաշտոնապես ոչինչ չի ասել։
Հրատարակչությունը կարծում է, որ նա կամ դեռ վերջնական որոշում չի կայացրել, կամ մտադիր է «լուռ մնալ մինչև քարոզարշավի մեկնարկը՝ ֆալստարտից խուսափելու համար»։ Այս պահին նա իր նկատմամբ հետաքրքրությունը պահում է տեսահոլովակներ և ինքնակենսագրական նյութեր հրապարակելով։ Հրատարակչության զրուցակիցներն այսպիսի պահվածքը համեմատում են 2019-ի ընտրություններից առաջ Վլադիմիր Զելենսկու նախընտրական քարոզարշավի հետ։
Այս պահին Զալուժնին ընտրություններին մասնակցելու համար սեփական թիմ չունի։ Շատերը նրան կոալիցiա կազմելու առաջարկներ են անում։ «ՌԲԿ-Ուկրաինայի» աղբյուրներն, օրինակ, պատմում են, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նաև այդ նպատակով է դեկտեմբերի սկիզբ Լոնդոնում հանդիպում ունեցել Զալուժնու հետ։ Երմակը նրան առաջարկել է չառաջադրվել նախագահի պաշտոնի համար, այլ ուղղակի ղեկավարել Զելենսկու կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում։
«Զալուժնին նրան պատասխանել է, որ դեռ ինքն իր համար չի որոշել՝ մտնում է քաղաքականություն, թե ոչ։ Տպավորություն է, որ նա դեռ վախենում է նման պատասխանատվություն վերցնել իր վրա։ Բայց նա կարող է վերջապես որոշում կայացնել, եթե քաղաքական դաշտ մտնելը ոչ թե «իր որոշումը» լինի, այլ այդ մասին «խնդրեն»՝ զինվորականները, կամավորները, ակտիվիստները», – պատմել է հրատարակչության աղբյուրներից մեկը։
Զալուժնուն իրենց քաղաքական թիմում ներգրավելու փորձեր անում են նաև այլ ուժեր։ «ՌԲԿ-Ուկրաինայի» տեղեկություններով, դեսպանին համագործակցություն առաջարկել է նաև Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական սոլիդարությունը» և Յուլյա Տիմոշենկոյի կուսակցությունը։ Երկու դեպքում էլ, կարծես, Զալուժնին հրաժարվել է։
Նախկին գլխավոր հրամանատարի հետ կոալիցիա կազմելուն կողմ է նաև Կիևի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոյի ՈՒԴԱՐ կուսակցությունը, թեև ուղիղ բանակցություններ գործիչների միջև դեռ չեն եղել։ «ՌԲԿ-Ուկրաինան» նշում է, որ գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները Զալուժնուն նույն պայմաններն են առաջարկում. «Մեզնից՝ կուսակցական ստրուկտուրաներն ու աջակցությունը նախագահական մրցավազքում, քեզնից՝ վարկանիշն ու բարձր պաշտոնը, օրինակ՝ խոսնակի կամ վարչապետի»։
Հրատարակչությունը գրում է, որ գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու վերաառաջադրման հետ կապված հստակ տեղեկություններ չկան։ Ամեն ինչ կախված է պատերազմի ավարտից. ինչ պայմաններում դա կլինի, ինչ տրամադրություններ կլինեն հանրության շրջանում, ովքեր կլինեն հիմնական հակառակորդները։
Նախագահի թիմում տարբեր կարծիքներ կան։ Զելենսկու մոտ շրջապատը կարծում է, որ ցանկացած դեպքում պետք է փորձել վերընտրվել։ Մյուսները պնդում են, որ որոշում պետք է կայացնել, երբ ընտրություններն արդեն մոտ լինեն։
Այդ անորոշության պատճառով գործող նախագահի «Ժողովրդի ծառա» կուսակցությունն ամենաքիչն է զբաղվում ընտրությունների նախապատրատական աշխատանքներով։ Միակ հստակությունը քաղաքական ուժի անվանափոխության հարցում է. կուսակցությունն այլ անուն կունենա, քանի որ «Ժողովրդի ծառան» «վաղուց սպառել է իրեն և դարձել անկհայտ տոքսիկ արտահայտություն»։
Կուսակցությանն առհասարակ գլոբալ փոփոխություններ են սպասվում։ «ՌԲԿ-Ուկրաինայի» աղբյուրները կանխատեսում են, որ Զելենսկու բլոկն ընտրություններին կմասնակցի պահելով ներկայիս պատգամավորական կազմի առավելագույնը 10 տոկոսը։ Մնացած կազմը կհամալրեն նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի թիմի ներկայացուցիչները՝ մարզային ղեկավարներ, ակտիվիստներ, զինվորականներ ու «տեխնոկրատներ»։ «Թարմացած» կուսակցության հավանական ղեկավարներից կարող է լինել փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը։
Քաղաքական բոլոր ուժերի մեջ այս պահին կոնսենսուս կա, որ ընտրությունները պետք է անց կացվեն պատերազմից հետո։ Իսկ թե ինչպես կկազմակերպվի քվեարկությունը՝ պարզ չէ։ Հայտնի չէ անգամ հերթականությունը. սկզբում նախագահական, հետո՝ խորհրդարանակա՞ն, թե՞ հակառակը։ Հրատարակչությունը գրում է, որ թե հերթականությունը, թե ընտրությունների միջև ինտերվալը կարող է ազդել քվեարկության արդյունքների և առանձին մասնակիցների ցուցաբերած արդյունքների վրա։
«ՌԲԿ-Ուկրաինայի» զրուցակիցների մեծամասնությունը կարծում է, որ սկզբում կանցկացվեն նախագահական և ՏԻՄ ընտրությունները, հետո՝ խորհրդարանինը։ Պատճառն այն է, որ պետության ղեկավարի ընտրական պրոցեսը տեխնիկապես ավելի հեշտ է կազմակերպվում. թեկնածուների թիվն ավելի փոքր է, հաշվարկն ավելի արագ է։ Ամեն դեպքում քվեարկությունից առաջ լուծելու շատ հարցեր կան։ Պետք է քննարկվի երկրից հեռացած ուկրաինացիների ընտրելու իրավունքի թեման։ Գուցե անհրաժեշտություն առաջանա նոր ընտրացուցակներ կազմել՝ արտերկիր տեղափոխված կամ պատերազմի արդյունքում զոհված քաղաքացիներին ցանկերից հանելու և ընտրախախտումները կանխելու համար։ Հավանաբար օրենսդրական փոփոխություններ կպահանջվեն։
Հրատարակչության փորձագետները ռազմական գործողությունների ավարտից հետո ընտրություններին պատրաստվելու համար անհրաժեշտ նվազագույն ժամանակը գնահատում են չորսից վեց ամիս։