Home / Բանտ / Լրագրողի արտահանձնումը Ադրբեջան հետաձգվել է մեկ շաբաթով

Լրագրողի արտահանձնումը Ադրբեջան հետաձգվել է մեկ շաբաթով

Թբիլիսիի դատարանը ուժի մեջ է թողել ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին արտահանձնելու որոշումը։ Պաշտպանական կողմը կանխատեսում էր դա, և դեռ դեկտեմբերին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս, հաշվի առնելով, որ Ադրբեջանում լրագրողի իրավունքները կխախտվեն, կասեցրել է արտահանձնումը մեկ շաբաթով՝ մինչև Ստրասբուրգի դատարանը այս գործով վերջնական որոշում կայացնի։

Ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Վրաստանում ձերբակալել են օգոստոսի 4-ին։ Լրագրողը Թբիլիսի տեղափոխվել էր 2023 թվականին՝ առողջական պատճառներով։ Հետո փորձել է Ստամբուլ գնալ։ Չեն թողել։ Ասել են, որ Ադրբեջանը արտահանձնման պահանջ է ներկայացրել, Վրաստանից նա կարող է միայն Ադրբեջան գնալ։ Փաստաբանները բողոքարկել են լրագրողի ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանն այդ միջնորդությունը մերժել է։ Սադիգովը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Վրացական իրավապաշտպաններն ու փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան՝ ընդդեմ միգրացիոն ծառայության։

Աֆղան Սադիգովը 2024-ի սեպտեմբերի 20-ից բանտում հացադուլ է իրականացնում՝ ի նշան իր ազատազրկման և քաղապաստանի հայցի մերժման դեմ բողոքի։ Լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան, հոկտեմբերի 15-ին ամուսնուն այցելելուց հետո հայտնել է, որ հացադուլի 25-րդ օրը նա արդեն նիհարել էր ավելի քան 20կգ։ Անցյալ շաբաթ լրագրողի ճնշումը ծայրահեղ իջել է։ Վիճակը կայունացնել հաջողվել է միայն դեղերի միջոցով։

Կնոջ հետ վերջին հանդիպման ժամանակ նրան բերել են սայլակով։ Նախկինում թույլ էին տալիս տեսակցել երկար ու առանց բանտապահների։ Այս անգամ տեսակցությունը տևել է ընդհամենը մեկ ժամ, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ներկայությամբ։

Ամուսնուն տեսակցելուց առաջ Սադիգովան զրուցել է բանտային բժշկի և հոգեբանի հետ. «Բժիշկն ինձ ասաց, որ Աֆղանի վերջին անալիզների պատասխաններն անհանգստացնող են։ Երիկամների լուրջ խնդիրներ ունի, արյան մեջ շաքարի մակարդակը վտանգավոր ցածր է։ Դրա պատճառով ամեն վայրկյան կարող է կոմայի մեջ ընկնել։ Արյան ճնշումը ևս ցածր է, արագ քաշ է կորցնում»։

Բժիշկը Սևինջին խնդրել է համոզել ամուսնուն ընդունել գոնե նվազագույն սննդարար նյութերով սիստեմաներ։ Սադիգովը, սակայն, չի համաձայնել։ Հոգեբանը Սևինջի հարցերին չի պատասխանել դուստրերի ներկայությամբ, ասել է, որ վիճակը վատ է։

«Աֆղանն ասաց, որ շարունակելու է հացադուլը հանուն արդարության վերականգնման, նույնիսկ եթե ստիպված լինի կյանքով վճարել», – ասում է լրագրողի կինը։

Սադիգովը պատմել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փորձում են սադրել իրեն։ Լոգասենյակում, որը միակ չտեսանկարահանվող տարածքն է, բանտապահներից մեկը Աֆղանին սենդվիչ է առաջարկել։ Մերժել է։ Հետո աշխատակիցն այդ սենդվիչը աղբամանն է նետել։ Այսինքն, սենյակում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ աշխատակիցը մտնում է լոգասենյակ սենդվիչը ձեռքին, դուրս է գալիս դատարկ ձեռքերով։ «Աֆղանը չի հասկանում, թե ինչ են ուզում ցույց տալ հսկիչները այդպիսի գործողություններով։ Մտավախություններ ունի, որ քրեակատարողականի աշխատակիցները փորձում են սադրել իրեն», – ասում է Սևինջ Սադիգովան։