Home / Դատարան / Դատ․ տերտերը «հանուն զինվորների» հարձակվում է Եհովայի վկաների վրա

Դատ․ տերտերը «հանուն զինվորների» հարձակվում է Եհովայի վկաների վրա

Եհովայի վկաներ քրիստոնեական կազմակերպությունը դատի է տվել Մեսրոպ Աշուրյանին՝ իրենց անդամներին վիրավորելու, զրպարտելու, իրենց գործարար համբավը վնասելու համար և 3 միլիոն դրամ փոխհատուցում պահանջել բարոյական վնասի համար։

Հայ Առաքելական եկեղեցու քահանա Աշուրյանը 2017 թվականից ի վեր մոտենում է հանրային վայրերում քարոզ իրականացնող Եհավայի վկաներին, վիրավորում նրանց՝ «ազգակործան», «սրբապիղծ», նկարում առանց թույլտվության և այդ տեսանյութերը տեղադրում սոցցանցերում՝ կոչ անելով այլոց հետևել իր օրինակին՝ «վռնդել սրանց մեր սրբազան երկրից»։ 

«Եհովայի վկաները» պահանջում են քրեական գործ հարուցել նաև ատելություն և բռնություն հրահրելու մեղադրանքով։ Քահանայի տեսանյութերը տարածել են նաև 168.am, Asekose.am, hayeli.am լրատվամիջոցները։ Հաղորդումը նաև այս խմբագրատներին է վերաբերում։

Ոստիկանությունը քրեական գործ դեռ չի հարուցել։ Քաղաքացիական հայցն էլ գտնվում է դատավարության վերջին փուլում։ 

Հայցի հիմքում ընկած տեսանյութերում պատասխանող կողմը՝ քահանա Մեսրոպ Աշուրյանը, Արարատ քաղաքում Եհովայի վկաների է մոտենում և բղավում. «Ձեր քարոզած ադրբեջանցիները ձեզ համար բարեկա՞մ են, թե՞ թշնամիներ։ Էսօր էսքան արցախցիների վտարանդի դարձրեցին, աքսորեցին։ Դուք առնետների պես խորտակվող նավից փախչողներ եք։ Դուք առնետներ եք, որ մեր ազգը ներսից քայքայել եք»։

Դատարանում քահանա Աշուրյանը հայտարարել է, որ վիրավորելու միտում չի ունեցել և չի պատրաստվում ներողություն խնդրել։ Անկախ փորձագետները տեսանյութը գնահատել են որպես վիրավորանք։

Եհովայի վկաների կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ Աշուրյանի ատելության արշավը, չնայած դեռ չկա դատական որոշում, մինչև հիմա էլ շարունակվում է։ Դատարանը, սակայն, հրաժարվում է քահանայի նոր տեսանյութերն ուսումնասիրել կամ արգելել դրանց տարածումը մինչ վճռի հրապարակումը։ Ատելության շարունակվող քարոզը, ըստ Իսպիրյանի, շատացրել է բռնությունները Եհովայի վկաների հանդեպ։

Հունվարի 9-ի դատական նիստին քրիստոնյա խմբի փաստաբանները միջնորդել են, որ դատավորը թույլ չտա, որ դատը վերածվի կրոնական և դավանաբանական քննարկումների։

«Տեսանյութերում մենք դավանաբանական վեճ չենք տեսնում, այլ տեսնում ենք հարձակում», – ասել է փաստաբանը։

Կազմակերպության նախագահ Արթուր Իսպիրյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ Աշուրյանը, հակառակը, սովորաբար դատարան է ներկայանում քահանայի շորերով, պահանջում իրեն դիմել «տեր հայր Աշուրյան» կամ «թագավոր Աշուրյան», տալիս է դավանաբանական հարցեր, օրինակ՝ ինչու Եհովայի վկաները դեմ են արյան փոխպատվաստմանը։

Գործը քննող՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը մեղադրող կողմի միջնորդությունը չի բավարարել և հայտարարել է, որ կրոնական հարցերը չեն հանվի, եթե դրանք գործի համար էական նշանակության ունեն։ Դատավորը ակնարկել է, որ գործը երկու կրոնական ուղղությունների մասին է, որոնք վեճի մեջ են։ Եհովայի վկաները սա սխալ մոտեցում են համարում։

Նրանք պահանջում են հայցի քննության հիմքում դնել մարդու իրավունքներն ու գործող օրենքները, ոչ թե դավանաբանական քննարկումները։

Նշենք, որ 2014 թվականից կրոնական համոզմունքների հիմքով անձը կարող է անցնել այլընտանքային քաղաքացիական ծառայության՝ պարտադիր զինվորականի փոխարեն կատարելով հանրային աշխատանք 3 տարի ժամկետով։ Այս իրավունքից օգտվում են, ի թիվս այլոց, Եհովայի վկաները։ Նրանք առաջնորդվում են Հիսուսի «սիրիր մերձավորիդ քո անձի պես» պատվիրանով և հրաժարվում ռազմական որևէ գործ կատարելուց։ 

Խղճի և դավանանքի ազատության իրացման, սակայն, դեմ է Հայաստանում «առանձնահատուկ դեր» ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու քահանան։ Աշուրյանը Եհովայի վկաներին մեղադրում է բանակ գնալուց խուսափելու մեջ, թեև պարտադիր զինվորական ծառայությունից ավելի շատ ազատվում են ՀԱԵ-ի անդամները՝ Կառվարության որոշումներով։