Հայատանյան կալանավայրերը շարունակում են մնալ անմխիթար վիճակում, կալանավորների պայմանները անմարդկային են, այնտեղ պահվելը հավասարազոր է խոշտանգումների։ Դրանում հերթական անգամ համոզվել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որի ղեկավարած կառույցը հաղորդագրություն է տարածել մարտի 4-ին բանտային հիվանդանոց այցելելու վերաբերյալ։
Երկրի գլխավոր իրավապաշտպանը սկզբում շրջել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ, այնուհետև առանձին հանդիպումներ ունեցել ազատազրկվածների, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։
Ըստ հաղորդագրության, մարդիկ, ի թիվս այլնի, բողոքել են տրանսպորտային միջոցների սակավությունից կամ ընդհանրապես բացակայությունից, ինչի պատճառով տևական ժամանակով ձգձգվում են իրենց դատական նիստերը։
Կալանավորները խոսել են նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, արտաքին աշխարհի հետ կապի, ՄԻՊ-ի գրասենյակի տրամադրվող իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներից։ Օտարերկրացիներին կրոնական առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սնունդ չի տրամադրվում։ Բարձրացվել են նաև ֆունկցիոնալության գնահատման գործընթացի և հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատմանը վերաբերող հարցեր:
ՄԻՊ-ը այս խնդիրներին բազմիցս է անդրադարձել, մասնավորապես՝ կալանավորվածներին դատական նիստերի չտեղափոխելու պրակտիկայի, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց ոչ պատշաճ բուժսպասարկմանը:
«Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական», – նշված է հաղորդագրությունում։ Պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրերի շենքային պայմանների բարելավման հարցը, ինչը պետք է արժանանա առաջնահերթ ուշադրության․ այնտեղ խոնավ է, չկա օդափոխություն, ձմեռները ցուրտ է, ամառները՝ անտանելի շոգ և այլն։
Ինչպես նախորդ այցերի մասին պրես-ռելիզներում, այս մեկում ևս նշվել է․ «Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում»:
Միայն 2025-ի հունվար ամսին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 4 մարդ է մահացել․ մեկը՝ 20-օրյա հացադուլից հետո, մյուսը՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Երկուսն էլ, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել։ Հաճախ բանտարկյալները հացադուլ են հայտարարում հենց հիվանդանոց տեղափոխվելու պահանջով, և նույնիսկ դրանից հետո նորմալ բուժսպասարկում չեն ստանում։ Դատապարտյալների հիվանդանոցում խնդիրների մասին պարբերաբար ահազանգում է նաև ՄԻՊ-ը։
Տե՛ս․
Բանտերում մահերի «մտահոգիչ» թիվը չի բերում հետաքննության
Հայկական բանտերում տանջում են կենցաղով. պատմում է նախկին բանտարկյալը
«Տերմինոլոգիայից անցնեմ ժարգոնի»․ բանտը բանակ չէ
Նույնիսկ ոստիկանները չեն հարգում բանտի պետերին
Դատապարտյալները Հայաստանում ուղղվում են, համակարգը՝ ոչ