Home / Բանակ / Մատնության երկու մշակույթ

Մատնության երկու մշակույթ

Չեմ կարծում, որ երբևիցե գործ եմ տվել ինչ-որ մեկի վրա… եթե նույնիսկ տվել եմ, ինքս ինձ համոզել եմ հավանաբար, որ ինչ-որ ուրիշ բան եմ անում։ Ավստրալիայում մատնությունը կամ շեֆին «խաբար տալը» սովորաբար կոչում են dobbing, և սա համարվում է ամոթալի դավաճանություն գործընկերների նկատմամբ։ Վստահ եմ, որ երեխա ժամանակ խաբարբզիկություն չեմ արել դասատուների մոտ․ դա աամոթ բան էր դպրոցական մշակույթում, և ես հաստատ կհիշեի, եթե այդպիսի բան արած լինեի։ Մեծերի համար ավելի հեշտ է քողարկել նման արարքները։ Ինձ ծանոթ դեկաններից մեկը պատմում էր, որ Այվի լիգայի իրենց համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պարբերաբար մտնում են իր գրասենյակ՝ կենցաղային զրույցների, որոնց իրական նպատակը անուղղակիորեն տեղեկացնելն է, որ «ինչ-որ խնդիր կա» իրենց գործընկերներից որևէ մեկի հետ․․․

․․․«Գործ տալու» մասին խոսելը հեշտ չէ նաև այն պատճառով, որ այդ երևույթը նկարագրելու համար կան չափազանց շատ բառեր, և դրանք բարոյականության լրիվ հակադիր ընկալումներ են առաջարկում։ Եթե դու մատնում ես ինձ, ուրեմն անձնական դրդապատճառներ ունեցող գործ տվող ես։ Եթե ես եմ քեզ մատնում, ուրեմն ես օրինապահ քաղաքացի եմ։ Տարբեր լեզուներում հանդիպող տերմինները հիմնականում բացասական են կամ լավագույն դեպքում չեզոք պաշտոնական, և միայն ամերիկացիներն են, որ հորինել են մատնությունը նկարագրող բացառապես դրական տերմին՝ «whistleblowing» (բառացի՝ «փչել սուլիչը», ազդարարել)։ Այս բառը ներմուծել է Ռալֆ Նադարը 1970-ականների սկզբներին՝ «գործ տալ» կամ «տեղեկացնել» բառերի վարկաբեկված ենթատեքստերից խուսափելու համար։ Հիմնականում այն օգտագործվում էր, երբ ենթակաները հաղորդում էին կորպորացիաների կամ կառավարական գերատեսչությունների ղեկավարների կողմից շահագործման դեպքերի մասին։ Քանի որ ազդարարներն այս պարագայում կանգնում էին վրեժխնդրության ռիսկի առաջ, բոլորը (բացի թիրախներից) ընկալում էին նրանց որպես համարձակ, հանրային ինքնագիտակցություն ունեցող ճշմարտախոսներ։

«Crime stoppers»-ը (հանցավորությունը կանխողները)՝ 1970-ականների մեկ այլ արտադրանք, անանուն մատնության նոր ձև էր առաջարկում քաղաքացիներին, որոնք չափազանց քմահաճ կամ զգուշավոր էին ոստիկանությանը ուղիղ դիմելու համար։ «Crime stoppers»-ն այսօր արդեն միջազգային կազմակերպություն է, որի գործառույթն է՝ անհատներից ստացված տեղեկությունները փոխանցել համապատասխան ազգային կամ միջազգային գերատեսչություններին։ Նույնիսկ ավստրալացիները՝ իրենց ուժեղ «հակամատնիչ» ավանդույթով, ընդունեցին այս օգտակար «ծառայությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս կիսվել չբացահայտված հանցագործությունների և կասկածելի գործողությունների մասին ինֆորմացիայով առանց ինքնությունը բացահայտելու», ինչպես նշված է կազմակերպության ավստրալական կայքում։

Գաղափարը, որ (ահաբեկիչների կամ ուրիշների վրա) գործ տալը պարտականություն է, գնալով ամրապնդվում էր։ «Եթե ինչ-որ բան տեսնես՝ ասա» (If you see something, say something) կարգախոսը, որը ծնվեց Նյու Յորքի տրանսպորտային վարչությունում 9/11-ից հետո, 2010 թվականին արտոնվեց Ներքին անվտանգության նախարարության կողմից որպես համազգային հակաահաբեկչական արշավի մաս։ Մեծ Բրիտանիայում կիրառվող համարժեքը՝ «Տե՛ս, ասա՛, անցիր առաջ» (See it, say it, sorted), շեշտադրում էր թեթևությունը, որը պետք է զգան ուղևորները՝ ազատվելով անցանկալի ինֆորմացիայից և պատասխանատվությունից։

Մի խումբ ռուս գիտնականներ, անհանգստացած հակապատերազմական դիրքորոշում ունեցող ակադեմիկոսների դեմ մատնությունների մասշտաբներից, հետազորություն էին արել՝ հիմնվելով հարցազրույցների և վավերագրված արձանագրությունների վրա։ Նրանք նկարագրում էին մթնոլորտը, որում մատնությունները՝ արված ուսանողների, կոլեգաների և անծանոթ «վրիժառուների» կողմից, գնալով ավելի սովորական են դառնում և մեծ վնաս հասցնում հակապատերազմական դիրքորոշում ունեցող անձանց հեղինակությանը։ Հաղորդումները, որպես կանոն, հասցեագրվում են ոչ թե ՖՍԲ-ին (ԿԳԲ-ի իրավահաջորդը), այլ համալսարանի վարչակազմին։ Սկզբանական շրջանում համալսարանները փորձում էին պաշտպանել իրենց աշխատակիցներին, բայց աստիճանաբար սկսեցին դիմել կարգապահական միջոցների՝ ստիպելով ազատման դիմում գրել կամ հեռացնելով աշխատանքից։

Մի վայրկյան․ իսկ հակաթրամփական ուժերը հակագրոհ չպիտի անե՞ն։ Երևի հենց սրանով էին դեմոկրատները հիմնավորում Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովում ընդունված որոշումը՝ ստեղծել սեփական թեժ գիծը, որով հաղորդումներ կներկայացվեն «Թրամփի վարչակազմի օրոք հնարավոր անօրինությունների» մասին։ Փետրվարին արված հայտարարության մեջ նշվում էր՝ «ազդարարները կարևոր դեր են խաղում, օգնելով Կոնգրեսին իրականացնել վերահսկողության իր սահմանադրական պարտականությունները», և կոչ էր արվում հաղորդել վարչակազմի կողմից «իշխանության չարաշահման և դաշնային աշխատողների նկատմամբ սպառնալիքների» մասին։ Fox News-ը սա նկարագրել էր որպես [դեմոկրատ սենատոր] Չակ Շումերի «թեժ գիծը՝ գործարկված խորքային պետության կողմից հատուկ այն մատնիչների համար, որոնք ուզում են ծախել Թրամփին»։ Մի խոսքով՝ դեմոկրտաները կրակին կրակով են պատասխանում, գործ տալուն՝ գործ տալով։ Եվ կից ձևաթուղթը կարող է լրացվել անանուն։

Շեյլա Ֆիցպատրիկ
անգլերեն բնագիրրը՝ London Review of Books