Home / Բանակ / 3 տարի առաջ 15 հոգի է վառվել. հավատալու և վստահելու չկա

3 տարի առաջ 15 հոգի է վառվել. հավատալու և վստահելու չկա

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից երեք տարի է անցել։ 15 զոհված զինվորների գործով դատավճիռ դեռ չկա. հարցաքննել են զոհվածների հարազատներին, ողջ մնացած ծառայակիցներին, փորձագիտական խմբի ղեկավարին։ Փետրվարի 6-ից կսկսվի մեղադրյալների հարցաքննության փուլը։ Վարկածը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր դեռ քննությունից առաջ, մնացել է անփոփոխ։

Զոհված զինվորների հարազատները այսօր ասուլիս էին հրավիրել իրենց փաստաբանի՝ կուսակցական գործիչ, ՊՆ նախկին աշխատակից, իրավաբան Նորայր Նորիկյանի գրասենյակում։ Ասուլիսին հիմնականում հենց Նորիկյանն էր խոսում։ Ուղերձը նույնն էր՝ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։

Գործով 5 մեղադրյալ կա։ Զորամասի հրամանատարի տեղակալը, կոմունալ շահագործման և ինժեներական ծառայությունների պետերը, վաշտի հրամանատարը մեղադրվում են պաշտոնական անփութության կամ իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ 

Հիմնական մեղադրյալը կապիտան Եղիշե Հակոբյանն է։ Ըստ պաշտոնական վարկածի (որը կրկնում է նաև Հակոբյանը), 2023-ի հունվարի 19-ի գիշերը նա բենզինով փորձել է վառել կացարանի մուտքի մոտ գտնվող փեջը։ Զինվորների մեծ մասն այդ պահին քնած է եղել։ Կայծից հրդեհ է բռնկվել, Հակոբյանը այրվածքներ է ստացել, մեխանիկորեն մի կողմ է շպրտել 5 լիտրանոց բենզինի տարան, որն ընկել է կացարանի մեջ։ Հրդեհն արագ տարածվել է՝ արգելափակելով մուտքը։ Կապիտանին հաջողվել է դուրս գալ տնակից, նա և նրա ծառայակից Լևոն Խառատյանը փորձել են մեկուսացնել կրակը, բայց չեն կարողացել։

Մինչև հիմա պարզ չէ՝ ինչպես են զինվորները հայտնվել գյուղական այդ տնակում, ինչ հրամանի կամ որոշման հիմքով են նրանց տեղակայել այնտեղ։ Տարրական կենցաղային պայմաններն ապահովվել են ծնողների հաշվին։ Կացարանում կարգուկանոն չի եղել, հարաբերությունները ոչ կանոնադրական էին, տղաները հաճախ հյուրեր են ընդունել (օրինակ՝ ծնողներն են եկել երբ ուզեն, այդ թվում հրդեհից մի քանի ժամ առաջ), պարբերաբար լքել են ծառայության վայրը, ապրել են ավելի շուտ որպես երիտասարդ տղամարդկանց համայնք, քան զինվորական ստորաբաժանում։ Երբեմն միջանձնային վեճեր կամ կռիվներ են եղել նաև սպաների հետ, դրանց մասնակցել են կողմնակի անձինք, որոշ զինվորների արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութեր, վկայություններ կան նաև վառելիքի ապօրինի առքուվաճառքի մասին։

Եթե կացարանի պատուհաններին ճաղավանդակներ չլինեին, ներսում մնացած զինվորներից շատերը կկարողանային փրկվել։ Բայց դրսում գտնվողները ահագին ժամանակ են ծախսել ճաղավանդակները ծռելու վրա, ավելի ուշ փորձել են բեռնատարով փլել այրվող տան պատը, պատուհանից ամենավերջում կարողացել են հանել ընդամենը երկու զինվորների՝ շարքայիններ Գարուշ Սարգսյանին և Ժիրայր Սահակյանին։

Զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն այսօրվա ասուլիսին դիմում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ 

«Քո գերատեսչությունում նման դեպք է տեղի ունեցել, ու դու այսօր կանգնում ասում ես, թե «ես իմ խղճի առաջ մաքուր եմ»։ Էտ երեխեքի համար ի՞նչ պայմաններ ես ստեղծել, որտե՞ղ էիր պահում էտ երեխեքին, ի՞նչ իրավունք ունեիր այդտեղ պահելու, ի՞նչ անվտանգություն ես ապահովել, որ գոնե կյանքը կարանայիք խնայել։ <․․․> Ասում ես՝ այս դեպքը մեզ լինի դաս, որ նմանատիպ դեպքեր էլ չունենանք։ Մեր երեխեքի կյանքի հաշվին պիտի դասեր քաղե՞ք։ <․․․> Մի անգամ էլ գցեց ծնողների վրա։ Ասեց՝ ես զարմանում եմ, որ էտքան ծնողներ գնացել-եկել են, էտ պատուհանների վրայի ռեշոտկեքը չեն տեսե՞լ։ Ծնողը պիտի տենա՞ր։ Բա քո համապատասխան մարմինները ինչո՞վ էին զբաղված։ ՊՆ նախարարը որ գնում ա աբխոդի, նենց տեղեր ա գնում, որ լիարժեք կահավորված լինի։ Դեպքից մի քանի վախտ առաջ գնացել էր էնտեղի պոստեր․ տղերքը մի շաբաթ ա չգիտեմ ինչեր էին տանում-բերում, որ էտ պոստերը կահավորեն, ինքն էլ գար ասեր՝ ամեն ինչ նորմալ ա։ Մի շաբաթ էլ էտ ամեն ինչը հետ էին իջացնում։ Տենց եք աբխոդներ անում»։

Հրդեհը վերապրած զինվորների ցուցմունքներում դրվագային հակասություններ կան, որոնք նրանք բացատրում են հիշողության դեֆորմացիաներով․ խառը իրավիճակ է եղել, խառնվել են իրար, վախեցել են, ինչ-որ դետալներ հիմա մշուշոտ են հիշում։

Զոհվածների ծնողները այդ բացատրությանը չեն հավատում։ Փաստաբան Նորիկյանը և նրան վստահած տուժողները դժբախտ պատահարի վարկածը համարում են անարժանահավատ։ 

Նիկոլ Փաշինյանը դեպքից անմիջապես հետո հրապարակային հայտարարել էր, թե հրդեհը անփութության հետևանք է։ Ծնողները կարծում են, որ նա ուղղորդել է քննությունը, և կառավարության այդ նիստից հետո որևէ այլ վարկած չի ուսումնասիրվել։ Փաստաբան Նորիկյանն այսօր հայտարարել է, որ պաշտպանական կողմը միջնորդելու է, որպեսզի դատարանը հարցաքննի նաև Փաշինյանին և պաշտպանության նախարարին։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ զոհվածների մեծ մասը մահացել է շմոլ գազից կամ ջերմային էներգիայից։ Շմոլ գազը առաջանում է հրդեհից ոչ միանգամից։ Ինչո՞ւ կրակի տարածման ընթացքում տղաները չեն արթնացել, դուրս չեն պրծել այրվող տնակից, այլ մնացել են ննջասենյակում։ Ծնողները այլ հարցեր էլ ունեն։

Ինչո՞ւ են փրկարարները և քննիչները խախտել դեպքի վայրը, ինչո՞ւ են վերապրածների ցուցմունքները հընթացս փոխվել, ամենակարևորը՝ ի՞նչ է եղել դեպքից առաջ։ Սկզբում վկաները, ըստ նրանց, «անգիր արած» տեքստեր էին ասում, հետո սկսել են քիչ-քիչ իրար «մատնել»։ Օրինակ՝ սպաների կողմից վառելիքի ապօրինի առքուվաճառքն է բացահայտվել, սկսել են խոսել ներքին կոնֆլիկտների մասին ու որ լքում էին ծառայության վայրը առանց օֆիցիալ թույլտվությունների։ Կա ենթադրություն, որ վերապրած զինվորներից որոշներն առհասարակ դեպքի վայրում չեն եղել, բայց թաքցնում են դա, որ չդատվեն։ 

Ծնողները հազարումի այլընտրանքային վարկած ունեն․ ադրբեջանական դիվերսիա, իսրայելական հետքեր, միտումնավոր սպանություն, հետքերը թաքցնելու փորձ և այլն։ «Ես ցանկացած վարկածի կարող եմ հավատալ բացի պաշտոնականից, բայց ամենաշատը հակված եմ դիվերսիայի վարկածին», — այսօրվա ասուլիսին ասում էր Գաբրիել Կիրակոսյանը։ Քննչական կոմիտեն սա անհիմն ենթադրություն է որակում։

Նորիկյանը խոսում է ավելի զգույշ։ Ասուլիսին նա ակնարկներ էր անում, բայց խնդրում էր ճշտող հարցեր իրեն չտալ։ Օրինակ՝ պատմում էր, որ անցած տարվա հունվարին կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի հետ։ Կապիտանն իրեն որոշ բաներ է պատմել։ Հիշատակվել են ինչ-որ կրիմինալ խմբերի ներկայացուցիչների և նույնիսկ ազգային ժողովի ոմն պատգամավորի անուններ, որոնք մասնակցել են կամ պիտի մասնակցեին, կամ կարող էին մասնակցել կացարանում հարաբերություններ պարզելու ինչ-որ գործընթացներին։ 

Բոլորը համաձայն են, որ պաշտպանության նախարարությունում լիակատար բարդակ է տիրում, և որ քննիչներն ու զինդատախազները քննությունը վարել են սովորականի պես՝ վատ։ Զինվորների նախնական ցուցմունքների արձանագրություններից, օրինակ, պարզ երևում էր, որ դրանք բանավոր խոսքի սղագրություն չեն, այլ հեղինակային տեքստ, որը գրվել է հարցաքննող քննիչի կողմից։ Փաստաբան Նորիկյանն այսօրվա ասուլիսին այլ օրինակ էր բերում․ եթե դեպքի վայրը խախտվել է (ով ուզեցել մտել է տարածք, տեղաշարժել են իրեղեն ապացույցները), կարո՞ղ են արդյոք ծնողները մտածել, որ դա հատուկ է արվել, իսկ եթե հատուկ չի արվել, ինչո՞ւ քրեական գործ չկա անփությության հատկանիշներով։

Դատական հաջորդ նիստին՝ հունվարի 28-ին ուսումնասիրվելու են իրեղեն ապացույցները։ Մեղադրյալների հարցաքննությունից հետո պաշտպանության կողմը միջնորդելու է, որ իրականացվի կրկնակի քննչական փորձարարություն, հնարավորինս վերականգնվի դեպքի վայրը, հանգամանքները, իրադարձությունների հերթականությունը։

Դատավարությունից անջատված մասով այս ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև օրվա հերթապահ ժամկետային զինծառայող Ռադիկ Մաթևոսյանին։ 2025-ի օգոստոսի 8-ին նա մեղավոր է ճանաչվել կանոնագիրքը խախտելու համար (ՔՕ 543-րդ հոդվածի 3-րդ մասով) և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Մաթևոսյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, հետևաբար դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ։