Ախթալայի կոմբինատի հանքափորները հունվարի 16-ից գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Գործարանը սպառնում է հեռացնել նրանց աշխատանքից։
Հունվարի 10-ին կոմբինատի բոլոր հանքափորներն ու հորատանցողները՝ 54 հոգի, դիմել են ղեկավարությանը և պահանջել 20 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը։ Նրանք 5 օր ժամանակ են տվել ղեկավարությանը։ Հունվարի 16-ից սկսվել է գործադուլը։ Կոմբինատում արհմիություն չկա, բանվորների բողոքը ինքնակազմակերպ է, հետևաբար՝ օրինական գործադուլ չի համարվում։
Հանքերում արդեն յոթերորդ օրն է հորատումներ չեն արվում։ «Մեր օղակը եթե չաշխատեց, ոչ մեկ գործ չի ունենա։ Հիմա եղած հումքն են օգտագործում, շուտով դա էլ կպրծնի, ու գործարանը կկանգնի», – Epress.am-ին պատմել է աշխատողներից մեկը։
Հանքափորների աշխատավարձը գործարքային է։ Մի կուբ հանքաքարի համար 1700 դրամ են ստանում, պահանջում են դրուքաչափը դարձնել 2200։
Վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ բանակցություններ են եղել, դրանցից մեկին մասնակցել է նաև Ախթալայի համայնքապետը։ Աշխատավարձի բարձրացման պահանջը գործատուն հրաժարվել է բավարարել։
«Եթե պղնձի գներն ընկնում են, իրենք ավտոմատ մեր աշխատավարձը իջեցնում են։ Մեր պայմանագրում հատուկ կետ կա, որ եթե պղնձի գինը 6500 իջնի, վարձատրությունն իջացնելու են, և մենք դրան համաձայնել ենք։ Բայց հակառակը չկա։ Հիմա պղնձի գինը կրկնապատկվել է, համարյա հասել է 13 հազար դոլարի, բայց մեր աշխատավարձը ոչ մի կերպ չի փոխվել», – նշել է գործադուլի մասնակիցը։
Հանքափորները պատրաստ են այս նույն աշխատավարձով էլ աշխատել, եթե իրենց գոնե չստիպեն կողմնակի գործեր անել։
«Մեր արած գործը շատ ա։ Ինչը որ պայմանագրում գրած ա, մենակ դա չենք անում։ Ուրիշ աշխատանքներ էլ ենք անում արդեն 10 տարի ա, օրինակ՝ պայթեցման աշխատանքներ, բայց դրա համար չենք վարձատրվում։ Ղեկավարությունն այստեղ էլ չի ցանկանում զիջել։ Խոստանում է այլ աշխատակիցներ ընդունել ապագայում՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու»։
Ախթալայի հանքը փակ հանք է, անվտանգության հատուկ միջոցներ չկան, պարբերաբար վթարներ էլ են լինում։ Բայց պայմանների բարելավման հարց գործադուլավորները չեն բարձրացնում՝ ուզում են, որ իրենց գոնե ձրի չաշխատացնեն։
Իրենց ամսական աշխատավարձը տատանվում է մոտ 200 հազարից մինչև 500-600 հազար։ Գործարանի ղեկավարությունը մի միլիոնի մասին է խոսում, բայց մեր զրուցակիցները 800 հազարի աշխատավարձ են ստացել մեկ-երկու անգամ ընդամենը, թեպետ արդեն երկար տարիներ աշխատում են կոմբինատում։ Ոչ բոլոր բանվորները ունեն հիմնական պայմանագիր։ Շատերի հետ գործատուն պայմանագիր է կնքում ընդամենը 3 ամսով՝ անընդհատ թարմացնելով, ինչի արդյունքում բանվորները նաև վարձատրվող արձակուրդ չեն ստանում։
Հանքի ղեկավարությունը երեկ նամակներ է ուղարկել բանվորներին՝ պահանջելով գրավոր բացատրություն ներկայացնել, թե ինչու հունվարի 16-18-ին չեն ներկայացել աշխատանքի։ Կոմբինատի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել հորատանցողների թափուր աշխատանքի մասին։
Գործադուլի մասնակիցները սա սպառնալիք են համարում․ «Նման բարդ աշխատանքի համար 54 բանվոր գտնելը մեկ օրվա գործ չէ։ Ով էլ գա՝ վաղ թե ուշ հասկանալու է, որ աշխատավարձը ցածր է, իսկ գործը շատ»։
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը Epress.am-ին հայտնել է, որ վաղը առավոտյան ճյուղային արհմիության նախագահը կլինի Ախթալայում և կմասնակցի բանակցություններին։ Լեռնահարստացման կոմբինատը Արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ չի։
Epress.am Լուրեր Հայաստանից