Home / Շուկա / Հանքում պաշարված բանվորները չգիտեին, որ գեներատոր չկա

Հանքում պաշարված բանվորները չգիտեին, որ գեներատոր չկա

Ավանի աղի կոմբինատը ապրիլի 22-ին հոսանքազրկվել է, և մոտ երեք ժամ բանվորները արգելափակված են մնացել ստորգետնյա հանքավայրում։

Պաշարված 46 մարդկանց մոտ 230 մետր խորությունից հանել է փրկարարների ջոկատը՝ բերելով հոսանքի գեներատոր, որը գործարկել է ստորգետնյա վերելակը։ Գետնի տակ արգելափակված են մնացել նաև մի քանի տուրիստներ. հանքում անձավաբուժարան կա, որում սպելեոթերապիայի սեանսներ են անում շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

IMG_5625
լուսանկարը՝ ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունից

Կոմբինատը ինքը գեներատորներ չունի։ Լիֆտում տեղավորվում է 10 մարդ, հանքավայրից դուրս գալու այլ ճանապարհ չկա։ Աստիճանավանդակը չի վերանորոգվել և չի օգտագործվում խորհրդային տարիներից ի վեր։ Հանքի ներսում ռացիա չկա, բջջային հեռախոսների ալեհավաքը չի բռնում, չկան առաջին օգնության պարագաներ, լուսավորությունը թույլ է և աշխատում է նույն հոսանքի գծից։

Epress.am-ի հետ զրույցում հանքափորները պատմել են, որ չգիտեին էլ, որ կոմբինատում գեներատոր չկա։ Ամբողջ հույսը հոսանքի երկու գիծ ունենալու վրա էր, բայց գծերից մեկն արդեն շուտվանից չի աշխատում։ Որ այն փչացած է՝ գիտեին թե՛ աշխատողները, թե՛ կոմբինատի տնօրինությունը։

Հանքավայրից դուրս գալուց  բանվորներին և տուրիստներին դիմավորել են շտապօգնության բժիշկները և փրկարար ծառայության հոգեբանները․

«Տագնապի մեջ չէինք, որովհետև սովոր ենք։ Ոչ բոլորը կարող են դիմանալ նման խորությանը։ Գետնի տակ աշխատելը բարդ է։ Հանքավայր ընդունվողներին սկզբից իջեցնում են, որ ստուգեն՝ կդիմանան թե չէ, հետո նոր գործի են վերցնում։ Օրինակ, ճնշում ունեցող մարդիկ, ասթմա ունեցող մարդիկ չեն կարող այսպիսի տեղերում աշխատել։ Սա համարվում է вредный цех՝ վնասակար արտադրամաս, բայց նման արտադրամասին հասանելիք բոլոր արտոնությունները կրճատվել են սեփականաշնորհումից հետո, մնացել է միայն այն, որ 15 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները կարող են թոշակի գնալ 55 տարեկանից», — անանուն պատմել է մեր զրուցակիցներից մեկը։

Կոմբինատը կառուցվել է 1967 թվականին՝ աղի հանքավայրի վրա Երևանի Ավան թաղամասում։ Խորհրդային տարիներին աշխատողների համար Աճառյան փողոցում կառուցվել են «Աղի հանքի շենքերը»։ 

2001 թվականին կոմբինատը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության։ Ըստ աշխատողների՝ դրանից հետո պետական արտոնությունները քիչ-քիչ վերացվել են, արհմիությունը փակվել է, սանատորիայի ուղեգիր այլևս չեն տալիս, հավելավճարները հանել են, հաստոցներն ու գործիքները ընթացքում հասցրել են մաշվել ու չեն թարմացվում։ 

aghi hanq 3

Հանքափորների աշխատանքը սկսվում է առավոտյան 8։30 և ավարտվում 15։30։ Բահերով փորում են հանքաքարը, լցնում ինքնագլորների մեջ, տեղափոխում էլեկտրաքարշեր, որոնք բարձրացնում են հումքը վերև՝ մշակման ֆաբրիկա։ Արտադրվում է յոդացված կերակրի աղ և քարաղ։ 

Ավանի բնակիչների համար գործում է աշխատանքային ավտոբուս։ Այլ տեղերից եկողները ինքնուրույն են հոգում ճանապարհածախսը: Առողջապահական մասնավոր ապահովագրություն չկա։ 2026-ից նրանք օգտվում են ընդհանուր պետական ապահովագրությունից, քանի որ աշխատավարձներն արդեն գերազանցում են 200 հազար դրամը։  

Աշխատավարձներն անցած տարի են բարձրացրել։ Հանքի աշխատողները՝ ոգևորված Քաջարանի գործադուլից, որոշել էին պայմանագրի վերանայում պահանջել նաև իրենց հիմնարկի տնօրինությունից։ Epress.am-ին նրանք պատմել էին, որ ստանում են մոտ 120 հազար դրամ, բողոքողներին տնօրինությունը առաջարկում է ազատման դիմում գրել կամ սպառնում է փակել գործարանը։

տե՛ս Աղի հանքում ցածր աշխատավարձից բողոքելը վտանգավոր է

«Հիմա արդեն մոտ 250 հազար մաքուր աշխատավարձ ենք ստանում, որը էլի չնչին գումար է մեր կատարած աշխատանքի համար։ Վտանգավոր պայմաններ են։ Գետնի տակ ենք աշխատում, մեր գլխի վրայով գնում է էլեկտրավոզը։ Պատահաբար կասկան գլխիդ չլինի՝ կհոսանքահարվես։ Պարբերաբար մանր միջադեպեր լինում են։ Մենք հույս ունենք, որ ՀԷՑ-ի պես՝ պետությունը մի օր էլ մեր հանքը կպետականացնի ու կունենանք ավելի լավ պայմաններ։ Հիմա որ մասնավոր է՝ լավ չի, առաջ ավելի շատ բան էր հասնում աշխատողներին», — ասում է հանքի աշխատակիցը։ 

Հանքի սեփականատերերի մասին աշխատողները հստակ տեղեկություն չունեն։ Կոմբինատի տնօրենը Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանն է՝ ՀՀԿ նախկին պատգամավոր։