Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանը կարգելի նաև գետնանցումներում առևտուրը

Երևանի քաղաքապետարանը կարգելի նաև գետնանցումներում առևտուրը

Երևանի քաղաքապետարանն առաջին փուլով վերացնում է քաղաքում բացօթյա առևտուրը, այնուհետև պատրաստվում է բարելավել շուկաների պայմանները, ինչպես նաև այլընտրանքային տարածքներ տրամադրել վաճառողներին:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Սպառողների իրավունքերի ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ողջունել է Երևանի քաղաքապետարանի` բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշումը և հույս է հայտնել, որ քաղաքապետարանը հետևողական կլինի իր քայլերում:

«Մեր քաղաքը վերածվել ա արաբական շուկայի, եկեք մենք ինքներս մեզ հարց տանք` էն մարդը, որ փողոցում կանաչի է վաճառում, որտե՞ղ է լվացվում», – ասել է Պողոսյանը:

Ղալեչյանի խոսքով` այժմ Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում նաև գետնացումներում իրականացվող առևտուրն արգելելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ իրենք ոչ թե արգելում են մարդկանց առևտրով զբաղվել, այլ առաջարկում են իրենց առևտուրն իրականացնել շուկաներում:

Ղալեչյանը տեղեկացրել է, որ մոնիտորինգի արդյունքում իրենք պարզել են, որ բացօթյա առևտրով զբաղվող մոտ 200 մարդ արդեն տեղավորվել են շուկաներում:

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս շարունակ Երևանի տարբեր վայրերում բացօթյա առևտւորր իրականացնող մարդիկ բողոքում են վերոնշյալ արգելքի դեմ: Բազմաթիվ բողոքի ակցիաների ընթացքում նրանք նշում են, որ իրենց համարժեք պայմաններ չեն առաջարկվում և կարծիք հայտնում, որ արգելքի պատճառը երևանյան խոշոր սուպերմարկետներին հավելյալ հաճախորդներով ապահովելն է: