հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Կրակոցը պատահական էր, պնդում է սպանության մեջ մեղադրվողի պաշտպանը․ զոհվածի հայրը ցմահ է պահանջում

Կրակոցը պատահական էր, պնդում է սպանության մեջ մեղադրվողի պաշտպանը․ զոհվածի հայրը ցմահ է պահանջում

Նոյեմբերյանի զորամասերից մեկում մեկ տարի առաջ շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանին (լուսանկարում) մահացու վիրավորում հասցրած Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կայացած դատական նիստի ընթացքում միջնորդել է վերաորակել պաշտպանյալի մեղադրանքը՝ դիտավորյալ սպանություն, և մեղադրանք առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 373-ի երկրորդ և երրորդ մասերով՝ զենքի և զինամթերքի հետ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է փաստաբանը և նշել, որ երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում, հիմնական միջնորդությունից բացի, համապատասխան հիմնավորումներ են ներկայացվել։

«Ձեռք բերված բոլոր ապացույցներով հիմնավորվեց, որ Լյուքսի ու Դավիթի միջև եղած խոսակցությունը բացարձակապես կատակ է եղել, ինչն այդ պահին հասկացել են և՛ ներկաները, և՛ Լյուքսը։ Այդ ընթացքում որևէ պատճառ չի եղել, ինչը պետք է ստիպեր Դավիթին նման ծայրահեղ քայլի գնալ կամ նման դիտավորության դիմել, իսկ կրակոցն ընդամենը պատահականության արդյունք է․ ճիշտ է՝ ինքը զենքը դիրքավորած պահել է [Լյուքսի վրա] կատակ անելու համար ու հենց այստեղ է նրա հանցագործությունը, որ խախտել է կանոնները», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 4-ին նշանակված դատական նիստի ընթացքում Դավիթ Խաչատրյանը հանդես է գալու վերջին խոսքով, ինչից հետո դատարանը վճիռ կկայացնի։

«Մեր կողմից վկայակոչված ապացույցներով դահլիճում գտնվողները միանշանակ համոզվեցին, որ մենք ճիշտ ենք։ 42 թերթանոց պաշտոնական ճառով մենք ոչ թե մեր ցանկությունն ենք ներկայացրել, այլև 90 տոկոսանոց ապացույցների վերլուծություն: Սա ընդամենը ցանկություն է [պետական մարմինների], որ նա դատապարտվի դիտավորյալ սպանություն հոդվածով․ ի սկզբանե այս ուղղությունը բռնել էին պետական մարմինները, հիմա արդեն նույն պետական մարմինները կաշկանդված են իրենց տված խոստումներից ու բռնած ուղղությունից։ Ես վստահ եմ, որ տուժող կողմը առաջինը ինքը պետք է շահագրգռված լիներ, որ օբյեկտիվ իրականությունը բացահայտվի։ Չեմ կարծում, որ ավելի լավ է, երբ մեկին սպանել են, քան այդ սպանությունը պատահականության հետևանք լինի», – եզրափակել է Սարգսյանը։

Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը «լավ կազմակերպված շոու» էր, որին ոչ ոք չի հավատացել։ Իշխան Ստեփանյանը նշել է, որ իրենք շարունակելու են Խաչատրյանի համար պահանջել ցմահ ազատազրկում կամ գնդակահարություն։ Նշենք, որ Հայաստանում մահապատիժ գոյություն չունի։ 

Նշենք, որ սպանության դեպքից հետո Ստեփանյանի հարազատները որդու դին որոշել էին տեղափոխել Երևան։ Սևան-Երևան մայրուղու վրա նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և երկար բանակցություններից հետո համոզել էր Իշխան Ստեփանյանին տուն վերադառնալ և հողին հանձնել որդուն։ Օհանյանը խոստացել էր իր հսկողության տակ պահել քրեական գործի քննությունը։