Գլխավոր / Տեսանյութեր / Արտոնություններ սահմանապահ գյուղերին․ օրենքի նախագիծ ԱԺ-ում

Արտոնություններ սահմանապահ գյուղերին․ օրենքի նախագիծ ԱԺ-ում

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

Համաձայն Փաշինյանի, նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:

Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները․

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:

բ) սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:

գ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

ե) սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: