ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցները քաղաքացի Ա․Բ֊ին նվաստացրել են, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել՝ հասցնելով ինքնասպանության փորձի, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ իրենց դիմած Հ․Բ֊ն և Բ․Խ․֊ն և նրանց դուստրը՝ Ա․Բ֊ն պատմել են, որ 2014 թվականի նոյեմբերի 11-ին իրենց տուն են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժանմունքի 4 աշխատակիցներ՝ կրկին բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով: Վերջիններս հայտնել են, որ ցանկանում են զրուցել Ա. Բ.-ի հետ, բայց քանի որ նա գտնվել է Երևանում, նրա հորն իրենց հետ տարել են Տարոնի բաժին: Ոստիկանության բաժանմունքում թվով 5 ոստիկաններ Հ. Բ.-ին սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ և սպառնացել են, որ եթե իրենց չհայտնի աղջկա գտնվելու վայրը՝ կծեծեն նրան: Հ. Բ.-ն ոստիկանության բաժանմունքի տվյալ աշխատասենյակում մնացել է մոտավորապես 2 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նվաստացրել են նրան՝ սպառնալով, որ իրենց կապերի միջոցով վերջինիս կզրկեն նաև աշխատանքից:
Երկու ժամ տվյալ աշխատասենյակում մնալուց հետո, նրան տեղափոխել են հարակից աշխատասենյակ, որտեղ նա մնացել է միայնակ: Այնուհետև նրան վերադարձրել են բջջային հեռախոսը և ասել են, որ գնա աղջկան վերցնի ու գա ոստիկանություն: Նույն օրը Ա. Բ.-ն վերադարձել է Երևանից և ծնողների հետ ներկայացել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին: Աղջիկն իրավապաշտպաններին պատմել է, որ այդ օրը հարցաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է հոգեբանական անտանելի ճնշումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները դաջվածքներ, վնասվածքներ, թաքցված պարագաներ հայտնաբերելու նպատակով մերկացրել են Ա. Բ.-ին, ստուգել մարմինը, հեռախոսով նկարահանումներ կատարել: Այնուհետև, սկսելով հարցաքննությունը, ծաղրուծանակի, անձնական բնույթի վիրավորանքների, ճնշումների միջոցով ցանկացել են, որ նա խոստովանի, թե հանցագործություն է կատարել:
Ա․Բ֊ն պատմել է, որ հարցաքննության ընթացքում իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել, սկսել է շնչահեղձ լինել, ցանկացել է տեսնել ծնողներին, որպեսզի մոր մոտից իրեն անհրաժեշտ դեղերը վերցնի, սակայն ոստիկանության 3 աշխատակիցներ, որոնց անունները Ա. Բ.-ն չի հիշում, բայց կճանաչեր տեսնելու դեպքում, չեն թույլատրել մորը տեսնել՝ ծաղրելով, թե՝ «բա եթե հիմա չես կարող առանց մայրիկի, դե քեզ պատկերացրու կանանց գաղութում, որ առանց նրա ի՞նչ ես անելու»:
Ոստիկանության աշխատակիցները հարցաքննության ընթացքում կնոջը կոչել են անբարոյական, անդաստիարակ, չեն բացատրել նրան իր իրավունքները և պարտականությունները, ոստիկանությունում պահել են նոյեմբերի 11-ի ժամը 17:30-ից մինչ նոյեմբերի 12-ը՝ 03:30-ն ընկած ժամանակահատվածը, սպառնացել են նրան, որ կտեղափոխեն հանցագործների մոտ, և այլևս ծնողներին չի կարողանա տեսնել:
Տեսնելով, որ այդ կերպ չեն կարողանում ստիպել Ա. Բ.-ին ինքնախոստովանական ցուցմունք գրել, ոստիկանները սկսել են համոզել նրան: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ, ճնշումներին չդիմանալով, Ա. Բ.-ն սկսել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք գրել, որն իրեն թելադրել են ոստիկանության աշխատակիցները, որից հետո միայն նրան թույլ են տվել տուն գնա: Ոստիկանության աշխատակիցները Ա. Բ.-ին վստահեցրել են, որ տվյալ ցուցմունքի մասին ոչ ոք չի իմանա և պետք չի, որ ընտանիքի անդամներն իմանան հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքների մասին։ Աղջիկը ցուցմունքի մասին ծնողներին չի հայտնել մինչ 2014թ. նոյեմբերի 20-ը:
Աղջկա մայրը նշել է, որ ամբողջ այն ժամանակահատվածում, երբ Ա. Բ.-ն գտնվել է ոստիկանության բաժանմունքում, ինքը նույնպես գտնվել է այնտեղ և լսել է աղջկա լացի ձայները: Փորձելով ճշտել, թե ինչ է կատարվում քննչական սենյակում՝ մայրը բացել է հարցաքննության սենյակի դուռը և տեսել է աղջկան լաց լինելիս, որից հետո անմիջապես Բ. Խ.-ին ոստիկանության շենքից դուրս են հանել: Աղջկա հայրը նշել է նաև, որ 2014թ. նոյեմբերի 23-ի երեկոյան Ա. Բ.-ն, հասկանալով ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ճնշումնների հետևանքով ձեռք բերված ցուցմունքների լրջությունը, մեծ քանակությամբ դեղամիջոցներ է կուլ տվել՝ ինքնասպանություն կատարելու նպատակով, սակայն բժիշկների ցույց տված օգնության արդյունքում աղջիկը կենդանի է մնացել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ նոյեմբերի 26-ին Ա. Բ.-ն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա կողմից կատարված ինքնասպանության փորձի դրդապատճառների ուսումնասիրության հարցով ոստիկանության որևէ աշխատակից մինչ օրս նրան չի այցելել: Իրավապաշտպան կազմակերպությունը դեպքի առնչությամբ դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով Ա. Բ.-ի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների և բռնությունների ենթարկելու, ազատությունից անօրինական զրկելու, վերջինիս ինքնասպանության հասցնելու փաստերի հիմքով հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: