հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանին 5 տարի տվեցին․ նա կարող է ազատ արձակվել ապրիլին

Վարդան Պետրոսյանին 5 տարի տվեցին․ նա կարող է ազատ արձակվել ապրիլին

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը դերասան Վարդան Պետրոսյանին 5 տարվա ազատազրկման է դատապարտել և 2 տարով զրկել է վարորդական իրավունքներից։ Մեղադրող դատախազը 6,5 տարի էր պահանջել։

Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդում տեղի ունեցած ավտովթարի համար, որի հետևանքով մահացել է երկու անչափահաս երեխա՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները:

Նիստից հետո Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում բողոքարկել դատավճիռը։

Փաստաբանը բացատրել է, որ ապրիլին համաներման ակտ է լինելու, որով մինչև 5 տարի ազատազրկված, անզգուշությամբ հանցանք գործելու մեջ մեղադրվածներն ազատ են արձակվելու: Այսպիսով, անկախ այն բանից՝ տուժող կողմը կբողոքարկի, թե ոչ, Վարդան Պետրոսյանը երեք ամսից ազատ կարձակվի։

Դերասանի կողմը, ինչևէ, այլ դատական գործընթացի մեջ կներգրավվի: Պետրոսյանի փաստաբանը հաղորդում է ներկայացնել քննիչի անգործության և փաստաթղթերի կեղծման փաստի առթիվ, այդ գործով շուտով կնշանակվի դատական փորձաքննություն:

«Երբ ստանանք արդյուքնները, նոր երևան եկած հանգամանքով կդիմենք [դատարան]։ Դատավարությունը կշարունակենք մի գործով, որով Վարդան Պետրոսյանը տուժող կլինի: Եթե մեզ հաջողվեց այդ գործով հասնել հաջողության, այս գործով բողոքարկումը տեխնիկական բնույթ կկրի: Բողոք կբերեմ երևան եկած նոր հանգամանքով, և Վարդան Պետրոսյանը կճանաչվի արդարացված»,- ասել է նա:

Դատավարության ընթացքում Վարդան Պետրոսյանի փաստաբանները բազմիցս նշել են, որ ավտովթարի դեպքի վայրում կատարված զննությունը լիարժեք չի կատարվել, զննության ընթացքում քննիչի կողմից արձանագրվել են հետքեր, որոնք իրականում գոյություն չեն ունեցել։

Նշենք նաև, որ այսօր դատարանն առանց քննության է թողել տուժողների և տուժողների
իրավահաջորդների քաղհայցը՝ Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժող՝ Տաթև Հակոբյանի 9 միլիոն 798 հազար 213  դրամ, տուժող Արթուր Հակոբյանի՝ 145.800 դրամ  բռնագանձելու պահանջը։ Տուժողներն այդ գումարը պահանջում էին որպես առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում։ 

Դատարանը բավարարել է Վարդան Պետորոսյանից հոգուտ Հայաստանի Հանրապետության  գումար բռնագանձելու քաղհայցը: 1 միլիոն 200 հազար դրամ կբռնագանձվի հոգուտ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման բաժնի, 51 հազար 500 դրամ կգանձվի հոգուտ պետբյուջե՝ դատահետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների համար։