«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը չի պատրաստվում դիմել ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ իրավապահ մարմիններին իր անդամների վրա Լաչինում (Բերձոր) հարձակման կապակցությամբ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա ասել է, որ իրենց շարժումը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համարում է օկուպանտներ և նրանցից արդարադատություն չի սպասում: Ավետիսյանի խոսքով՝ Բերձորի դեպքը կարող է բացահայտվել և մեղավորները կպատժվեն միայն օրինական իշխանությունների հաստատումից հետո:
Փաստաբան Հայկ Ալումյանը Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վնասվածքների ծանրությունից է կախված՝ արդյոք քրեական գործ հարուցելու համար պարտադիր է տուժողների հաղորդում ներկայացնելը։
Փաստաբանի խոսքով՝ այս իրավիճակում, անկախ ամեն ինչից, ԼՂՀ քննչական մարմինները նախ և առաջ պետք է դատաբժշկական փորձաքննություն նշանակեն, դրա արդյունքները ստանալուց հետո միայն կարող է կայացվել որոշում քրեական գործ հարուցել, թե գործը կարճել:
Epress.am֊ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը քրեական գործ չհարուցելը բացատրել է նրանով, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածիքից դուրս, չնայած՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ԼՂՀ ոստիկանապետին մանրակրկիտ ծառայողական քննություն անցկացնել տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և զեկուցել արդյունքների մասին:
«Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին`ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից և բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն»,- ասված է ԼՂՀ նախագահի պաշտոնական էջում: