Home / Տեսանյութեր / Ռուսաստանն ավելի լավ գիտի՝ ինչ է ցեղասպանությունը․ ռուս֊թուրքական կապերը չե՞ն խզվի

Ռուսաստանն ավելի լավ գիտի՝ ինչ է ցեղասպանությունը․ ռուս֊թուրքական կապերը չե՞ն խզվի

Նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանության 100֊ամյա տարելիցին նվիրված միջոցառումների լույսի ներքո խնդիրներ են առաջացել Թուրքիա֊Ռուսաստան հարաբերություններում։ Միջազգայնագետ Գյոքհան Բասիկը Today's Zaman պարբերականի իր սյունակում վերլուծում է տեղի ունեցածը․

«Թուրք քաղաքական գործիչների համար սովորական է դարձել արտաքին քաղաքականության մասին խոսելիս մեծ թվով անքաղաքավարի արտահայտություններ գործածել։ Շատերը դա ընդունում են որպես թուրք իսլամիստների արտաքին քաղաքական դիրքորոշման արտացոլում։ Ի տարբերություն Թուրքիայի ավանդական արտաքին քաղաքական ուղղվածության՝ նոր իսլամիստական քննախոսությունն իրապես հղկող է ու հաճախ բավական կոպիտ։

Այնուամենայնիվ, զարմանալիորեն, թուրք իսլամիստները կարևոր բացառություն են անում Ռուսաստանի համար։ Չնայած բազմաթիվ խնդիրներին, Թուրքիան շատ քաղաքավարի վերաբերմունք է դրսևորում Ռուսաստանի հանդեպ։ Երկու տարի առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանն անվանեց իր «երկրորդ տունը»։ Այս տարի, սակայն, Էրդողանը երես թեքեց Իրանից՝ Եմենում և Սիրիայում իրադարձությունների վերաբերյալ այդ երկրի դիրքորոշման պատճառով։ Ռուսաստանը, մյուս կողմից, շարունակում է բացառիկ մնալ։ Հետաքրքրական է, որ Թուրքիան շատ զգուշավոր է գործում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին։ Նախագահ Էրդողանն իր նախընտրական քարոզարշավում չվարանեց նախատել նույնիսկ ԱՄՆ֊ին։ Նման ոչինչ, սակայն, Ռուսաստանի վերաբերյալ տեղի չի ունենում։

Բոլորովին վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի դեպքերը որակեց որպես «ցեղասպանություն»։

Զարմանալիորեն, առաջին արձագանքը Մոսկվայի այդ քայլին լռությունն էր։ Պուտինի արտահայտությունների վերաբերյալ լռությունը կոտրելու պահանջով ուժեղ հասարակական ճնշումից հետո՝ Արտաքին գործերի նախարարությունը բավական լուրջ հայտարարություն արեց․ «Մենք մերժում և դատապարտում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 1915 թվականի դեպքերը «ցեղասպանություն» որակելը, չնայած մեր բազմաթիվ զգուշացումներին և կոչերին։ Նման քաղաքական հայտարարությունները, որոնք օրենքի կոպիտ խախտում են, առոչինչ են Թուրքիայի համար»,֊ ասված էր նախարարության հայտարարության մեջ։

Սա Թուրքիայի կողմից Ռուսաստանի առաջին «բանավոր դատապարտումն» է․ երկիրը նախկինում զգուշավոր լռություն է պահպանել Ռուսաստանի հետ կապված բազմաթիվ ճգնաժամերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, Սիրիան ու Ղրիմը։

Սա դեռ ամենը չէ։ Թուրքիայի պաշտոնական արձագանքը Ռուսաստանին մի շարք այլ սուր կետեր է ներառում․ «Հաշվի առնելով Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի իրականացրած զանգվածային վայրագություններն ու աքսորը, Հոլոդոմորի նման կոլեկտիվ պատժի մեթոդները, ինչպես նաև Ռուսաստանի սեփական պատմության ընթացքում անմարդկային վերաբերմունքը հատկապես թուրք և մահմեդական ժողովուրդների հանդեպ, մենք գտնում ենք, որ Ռուսաստանը ավելի լավ գիտի, թե ինչ է «ցեղասպանությունը» և որոնք են դրա իրավական սահմանումները»։ Եկեք ևս մեկ անգամ կարդանք․ Թուրքիան Մոսկվային հիշեցնում է՝ «Ռուսաստանն ավելի լավ գիտի, թե «ցեղասպանությունն» իրականում ինչ է»։

Սա, հավանաբար, հետսառըպատերազմյան շրջանում Անկարայի` Մոսկվային ուղղված ամենակոպիտ հայտարարությունն է։ Ինչ֊որ առումով, Անկարան Մոսկվային շատ հստակ հիշեցնում է, որ սա իր կարմիր գիծն է։

Այսպիսով, ի՞նչ ակնկալել։ Անկասկած, Պուտինի՝ ցեղասպանություն բառն արտասանելը իսկապես վրդովեցրել ու զայրացրել է Անկարային։ Այնուամենայնիվ, Թուրքիան ամբողջովին կախված է Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Ավելին, Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանի ռեակտորը, ինչը միայն կամրապնդի Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից։ Հետևաբար, Անկարայի լծակները Ռուսաստանի դեմ շատ սահմանափակ են։ Իրականում, շատ ցավալի է Թուրքիայի համար, որ Պուտինն արհամարհել է Թուրքիայի զգացմունքները, չնայած 35 միլիարդ դոլարի երկկողմ առևտրաշրջանառության ծավալը։

Պուտինի՝ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելը չի խզի ռուս֊թուրքական հարաբերությունները։ Այս խորհրդանշական դեպքը, սակայն, մի քանի կարևոր կետեր ի հայտ բերեց։ Առաջինը՝ այժմ ակնհայտ է, որ չնայած լավ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին, Թուրքիան ու Ռուսաստանը պատկանում են տարբեր մշակութային ճամբարներին։ Չպետք է մոռանալ, որ ռուս֊թուրքական հարաբերությունները սոսկ պրագմատիկ բնույթ են կրում ու չունեն մշակութային ու սոցիոլոգիական հիմքեր։ Երկրորդը՝ ժամանակն է Անկարան վերանայի էներգետիկ հարցերում իր անընդունելի կախվածությունը Ռուսաստանից։

Ի վերջո, Ռուսաստանի կողմից ցեղասպանության ընդունումը Թուրքիայի վատ արտաքին քաղաքականության վկայությունն է։ Թուրքիան դառնում է մեկուսացված։ Մի շարք պետությունների կողմից, հատկապես՝ Ռուսաստանի ու Գերմանիայի, 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը ցույց է տալիս, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ ինչ֊որ բան այն չէ»։