Հանրապետական հիվանդանոցից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վերադառնալուց հետո՝ կալանավորված Հրաչյա Գևորգյանը որևէ բուժում չի ստացել։ Այս մասին ահազանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպանական կազմակերպության կայքը։ Գևորգյանը Հանրապետական հիվանդանոց էր երկկողմանի թոքաբորբի և սուր շնչառական անբավարարության պատճառով։
Հելսինկյան ասոցիացիան ընդգծում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց հետո կալանավորը որևէ բուժում չի ստացել, ավելին՝ նրա վիճակն ավելի է վատացել՝ չի կարողանում խոսել և ինքնուրույն քայլել։ Այդ վիճակով երեկ երեկոյան Գևորգյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ահազանգում են իրավապաշտպանները։ Խնդրի մասին նրանք ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Արագ արձագանքման խմբին, սակայն որևէ դրական արդյունք չկա․ Քրեակատարողական վարչությունն անտեսում է Գևորգյանին վերաբերող բոլոր բողոքները։
Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։
Ըստ մեղադրյալի՝ Արթուր Գևորգյանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է՝ ՔԿՀ֊ի աշխատակիցներին ներկայանալով որպես մեղադրյալի բարեկամ։ Համաձայն Հրաչյա Գևորգյանի, հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի մեղադրյալը բանտից դուրս գա, կպահի այնքան, մինչև մահանա:
Ավելի վաղ Epress.am-ն անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։