Home / Տեսանյութեր / Ոստիկաններն առանց հիմնավորման բերման են ենթարկել, պատմել է Վարդգես Գասպարին

Ոստիկաններն առանց հիմնավորման բերման են ենթարկել, պատմել է Վարդգես Գասպարին

Հուլիսի 6-ին՝ երեկոյան 22.00-ի սահմաններում, ոստիկանները բերման են ենթարկել Ազատության հրապարակում էլէներգիայի թանկացման դեմ հավաքի մասնակից, ինժեներ Վարդգես Գասպարիին և շուրջ 3 ժամ պահել ոստիկանության Կենտրոնի բաժնում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին: Նրա խոսքով՝ բերման ենթարկելիս ոստիկանները որևէ հիմնավորում չեն ներկայացրել։

«Ազատության հրապարակում հավաքին էի ներկա, հետո գնում էի տուն, ոստիկանները պատնեշ էին կազմել Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկի մոտ: Երևի սպասում էին, որ ես պետք է ճանապարհս փոխեմ։ Այդպես չեղավ, և ես անցա իրենց պատնեշը։ Արդեն ահագին քայլել էի Թումանյանով, մոտեցել էի Թումանյանի տուն թանգարանին, երբ ինձ բերման ենթարկեցին: Ինձ ոստիկանությունից բաց են թողել մոտ 1-2-ի կողմերը: Հանեցին բաժնից, տարան, դրեցին ստադիոնի (Կենտրոնի բաժնի մոտ է գտնվում Հանրապետական ստադիոնը֊խմբ․) մոտի աղբանոցում»,- պատմել է Գասպարին:

Հիշեցնենք, որ երեկ ցերեկը ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցը։ Երեկոյան մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում, ցանկացել են երթ անել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։