Այսօր Ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանի հեղինակած մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծի քննարկմանը եկել էին նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի քանի ծնողներ: Այս փաստը զայրացրել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, ով Փոստանջյանին ասել է, թե «դուք ցանկանում եք շոու սարքել»:
Epress.am-ի հետ զրույցում քննարկմանը մասնակցած` 2010 թվականի բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը (լուսանկարում), ասել է, թե ՀՀԿ-ական պատգամավորը հիմնավորում էր, որ իրենց ներկայությունը հանձնաժողովի նիստին ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է:
Ծնողներն, այնուամենայնիվ, մասնակցել են նիստին: Հանցագործությունների մասին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը, սակայն, երկու շաբաթով հետաձգվել է՝ նախագծում ուղղումեր կատարելու համար ժամանակ տալու պատճառաբանությամբ:
Ղազարյանի խոսքով՝ Հովհաննես Սահակյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել էր իրենց և ասել է, որ հանձնաժողով ստեղծելն իմաստ չունի, քանի որ ԱԺ պատգամավորի մանդատը թույլ չի տալիս քրեական գործերով քննությանը մասնակից լինել: Նա նաև ասել էր, որ Մարտի 1-ի հարցով էլ ԱԺ֊ում ցանկանում էին հանձնաժողով ստեղծել, սակայն որևէ արդյունքի չհասան: