Home / Հայաստան / Գնահատել փորձառությունը և կղզիացումը՝ Ռոբինզոնի օրինակով

Գնահատել փորձառությունը և կղզիացումը՝ Ռոբինզոնի օրինակով

Հոդված՝ Ռոբինզոն Կրուզո. փորձառությո՞ւն, թե՞ կղզիացում

Հեղինակ՝ Մարինե Մելիք֊Ադամյան, լեզվաբան

Ի՞նչ է հարկավոր անհատին, որ այն մշակվի, տաշվի և ցույց տա աշխարհին իր մեջ թաքնված անգին անհատականության փայլը: Ի՞նչ է հարկավոր երկրին, որ բացահայտի այն, ինչի մասին ինքն էլ չէր գիտակցում: Արդյո՞ք անհրաժեշտ են ցնցումներ, փոթորիկ, նավաբեկություն, փայլակ, կայծակ, հուր, երկաթ: Թե՞ կղզի, սպիտակ փղոսկրե աշտարակ, որտեղ ոչինչ չի խանգարի ամենօրյա մանրակրկիտ մշակման աշխատանքին, փորձի և գիտելիքի կուտակմանը, վարպետի կատարելիությանը:

Եթե նավաստի Կրուզոն այս պատմության սկզբում ունենար ընտություն. մնալ ամայի կղզում և բացահայտել իր մեջ անհայտ գանձեր, թե՞ շարունակել սովորական նավի սովորական ծովագնացի կյանքը, ապա նա անշուշտ կընտրեր վերջինը: Քչերն են իրենց հոժար կամքով հրաժարվում պարզ ու հասարակ կյանքի հրապույրներից՝ ի օգուտ վարպետության ձեռքբերմանը: Բարեբախտաբար, երբեմն պարզ ու հասարակ կյանքը չի լսում մեր աղերսանքները, այլ տանում է մեզ ի չարե: Դեպի այն չարիքը, որ հավերժ չարիք է կամեցել, բայց հավերժ եղել է բարի ուժի մի մաս, ինչպես պնդում էր Գյոթեն:

Ի՞նչ էր Ռոբինզոնը մինչ Ճակատագրական նավաբեկությունը: Հազարավորներից մեկը: Այն, ով դարձավ նա՝ ի շնորհիվ փորձառության և կղզիացման, եզակի մի երևույթի մարմնավորում է, պաշտամունքի առարկա, բաղձալի երազանք մարդկանց համար, ովքեր կուզենային փախչել առօրյա տաղտկալի պարտականություններից:

Սակայն ակնհայտ է, որ Ռոբինզոնի կղզիացման բացասական հետևանքները անմիջապես սարսափեցնում են շատերին՝ անապահովություն, հարմարությունների բացակայություն և ամենամեծ վախը՝ ինքն իր հետ մնալու տագնապը: Նույն կերպ, մենակության ահռելի ֆոբիան ժամանակակից մարդկանց ստիպում է անվերջ լուսանկարվել և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում, որպեսզի մյուսները, ուշադրություն դառձնելով, հաստատեն նրանց գոյության փաստը:

Մարդիկ մեզ ստիպում են համապատասխանել իրենց սպասումներին: Ամեն անգամ ընդունված հագուստը ընտրելով կամ երաժշտություն լսելով, աշխատանքի գնալով կամ կինոնկար դիտելով՝ մենք ենթարկվում ենք հասարակության թելադրանքի: Ազատվելով այդ պարտրադրանքից՝ Կրուզո ազգանունով մարդը իրեն դժբախտ զգաց: Այլևս չկար որևէ մեկը, որին հետաքրքիր լիներ նա կամ նրա կարծիքը: Բացի ինքն իրենից՝ Կրուզո ազգանունով մարդուց:

Կտրված հասարակությունից և իր արմատներից՝ Ռոբինզոնի նման անձը կարող էր դառնալ ակնառու հերոս հատկապես արևմտյան փիլիսոփայության շրջանակներում, որ Վերածնունդից ի վեր փառաբանում է Անհատին և իր սխրսնքները: Արևելյան քաղաքակրտության մեջ Դեֆոյի վեպը հազիվ թե կարողանար երեք դար գոյատևել՝ հիացնելով, ոգեշնչելով և բազմաթիվ նմանակներ կյանքի կոչելով:

Հեմինգուեյի ծովի հետ պայքարող ծերունին Ռոբինզոնի ամենավառ գրական հետնտորդներից է: Ոգով ուժեղ՝ նրա, ինչպես և Դեֆոյի վեպի հերոսը, չի հուսահատվում՝ համառորեն շարունակելով պահել հսկայական ձկանը իր կառթով և պայքար մղելով հանգամանքների դեմ: Չէ՞ որ մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել:

Իրական ռոբինզոնների ահռելի բանակից աչքի է ընկնում XX դարում ապրող Ջերեմի Բիբսը: Տասնչորսամյա յունգան, անչափ հիանալով Դեֆոյի հերոսով, անգիր հիշում էր գիրքը: Երբ 1911 թվականին նավը, որտեղ ծառայում է պատանին, խաղաղօվկիանոսյան փոթորիկի պատճառով խորտակվում է, ամբողջ անձնակազմից բախտի քմահաճույքով փրկվում է միայն Ռոբինզոնի երկրպագուն: Տղան լողալով հասնում է մի անմարդաբնակ կղզի և մանրամասն հիշելով, թե ինչպես էր Կրուզոն տուն կառուցում, շորեր կարում և փայտյա օրացույց վարում՝ ամեն ինչում հետևելով նրա օրինակին:

Ջերեմի Բիբսի կղզիացման և փորձառության դեպքը առանձնանում է այն հանգամանքով, որ նա անցկացրել է կղզում ոչ թե 26, այլ՝ 74 տարի, և, հիշեցնեմ, դա իրականություն է և ոչ թե գեղարվեստական գրականություն: Ռոբինզոնների ռեկորդակիրին օգնեց Դեֆոյի գիրքը: Գրողը անչափ ուրախ կլիներ իմանալ, որ իր վեպը ոչ միայն ոգեշնչել է, այլ և պարզապես փրկել Ջերեմիի կյանքը: Միայն 1985 թվականին, երբ Բիբսը արդեն 88 տարեկան էր, մի նավ պատահական հայտնաբերեց նրան և վերադարձրեց իր հայրենի Բրիտանիա: Կղզիացումը հեռու պահեց նավաստիին երկու համաշխարհային պատերազմներից, ատոմային ռումբի պայթյուններից, ինչպես նաև համացանցի ազդեցությունից:

Հուսահատությունը թվում է այնքան բնական, երբ Կրուզոն գիտակցում է, որ նա կարող է մնալ այս կղզում երկար տարիներ, մահանալ այստեղ, և ապա ոչ ոք չի իմանա, թե ի՞նչ իրականում պատահեց նրան, ինչպե՞ս էր նա հայթայթում իր հանապազորյա հացը, ընտելացնում վայրի այծերին և հետազոտում իր կղզին: Անհայտության մատնվելը անտանելի միտք է, որ դրդում է նրան օրագիր վարել: Եվ դա է, կարծես, նույն դրդապատճառը, որ ստիպում է պրոֆեսիոնալ գրողին շարադրել իր մտքերը թղթին:

Անշուշտ, հաց վաստակելու անհրաժեշտությունը Ռոբինզոնի համար փրկություն էր, քանի որ այն դրդում էր շարժվել, գործել, փորձառություն ձեռք բերել: Լինելով խելացի և զարմանալիորեն զարգացած տասնությերորդ դարի նավաստիի համար, դատելով այն լեզվից, որով գրված է օրագիրն ու ամբողջ գիրքը՝ նա պլանավորում, իրագործում, գնահատում, գտնում էր իր սխալը, այնուհետև փոխում իր ռազմավարությունը և նոր եռանդով գործի լծվում: Իրականում հենց սա է ցանկացած վարպետի՝ փորձառության ձեռք բերման ամենօրյա ճանապարհը:

XVIII դարի վեպը մեզ՝ XXI դարում ապրողներիս համար հենց այդ պատճառով է մնում ժամանակակից և արդիական, որ, փառաբանելով անդադար աշխատանքի գաղափարը, հանգում է մտքին, որ օրեցօր, տարեց տարի մարդը կերտում, ստեղծում է ոչ միայն նյութական բարիքներ: Կղզիանալով՝ Կրուզոն կերտում է նաև ինքն իրեն, հմտանում իր անձի առաքելությունը ըմբռնելու մեջ, ինչպես որոշ արձաններ, որոնք պատկերում են մարդուն իր իսկ դեմ պայքար մղելիս՝ ինքն իրեն կերտելու միտմամբ՝ մարդկության անհուն երազանքով:

Երբ անմարդաբնակ, կամ ավելի ճիշտ, միաբնակ կղզում հայտնվում են սկզբում մոտակա կղզու տեղաբնակներ, հետո ծովահեններ, նավաստիներ, Դեֆոյի գրքի հերոսը իրեն ուղղակիորեն անվանում է իր փոքրիկ պետության գլուխ՝ նահանգապետ: Կղզիացումը պահպանելու կամ նոր փորձառություն ստանալու հեռանկարը ծանր երկընտրանք է նրա համար նույնչափ, որքան ազգայինը պահպանելու և գլոբալացման ենթարկվելու հակաոակ ուղղվածություն ունեցող այս վեկտորների երկընտրանքը՝ ժամանակակից Հայաստանի համար:

Մի կողմից ակնհայտ են բազմաթիվ առավելությունները: Ռոբինզոնի տնտեսությունը ստանում է օգնական, ով կիսում է իր առօրյա հոգսերը: Մահից փրկված աբորիգենը նրան պարգևում է Սենտ-Էքզյուպերիին և իմաստուններին  հայտնի միակ շքեղությունը՝ մարդկային շփումը: Քսանչորս տարվա լռությունից և մենակությունից հետո այդ շքեղությունը երևի այժմ համացանցին միանալու նման մի բերկրանք էր:

Եվ կղզիացած պետությունը՝ ի դեմս նահանգապետ Կրուզոյի պահանջում է, որ ակամա ներգաղթողը սովորի տեղական և ճակատագրի բերումով միջազգային լեզուն՝ անգլերեն, և ինքն էլ ձեռնամուխ է լինում կրթական ծրագիրը իրականացնելուն: Նորաթուխ կրթության նախարարը չի մոռանում ուսումնական պլանի մեջ ընդգրկել կրոնի դասերը, որտեղ ուսուցիչը երբեմն չի կարողանում պատասխանել հեռավոր գյուղից եկած աշակերտ Ուրբաթի պարզունակ հարցերին:

Կրուզո-պետության կղզիացման առավելությունները այդքանով չեն սահմանափակվում: Արդյո՞ք նրա մտքով կարող էր անցնել, որ նրան բախտ կվիճակվի Անգլիայի թագավորից ավելի շատ իշխանություն ունենալ: Այլ մարդկանց հայտվելուն պես Կրուզոն ստանձնում է դատական և օրենսդիր մարմինների ներկայացուցչի դեր: Նա կարող է պատժել կամ ներություն շնորհել, թույլատրել կամ արգելել, մահապատժի վճիռը կայացնել և ինքն էլ այն իրագործել: Համարյա Աստծո դատաստան մի մարդու ձեռքում՝ ավելի մեծ, քան որևէ հանրապետության նախագահի հասանելիք իշխանությունը, որ հաշվետու է ազգային ժողովի, նախարարների և, օրենքով՝ իր ժողովրդի առջև: Կրուզոն իրագործում է միապետ-տիրակալի իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես իր ժամանակակից երկիր-կղզու միապետը: Կղզիանալու գաղափարը, թվում է, բրիտանացու արյան մեջ է:

Կրուզո-պետության կղզիացման թերությունների թվին են դասվում տնտեսական դժվարությունները, որոնք անընդհատ ծառանում են երկրի բնակչի առջև: Գյուղատնտեսությունը, պարզում է նա, հրատապ խնդիրներից մեկն է: Եթե դա չլիներ բախտի բերմամբ, նա շուտով կմնար առանց ցորենի և գարու: Իսկ սեփական կղզին մսամթերքով ապահովելու անհրաժեշտությունը բերում է անասնապահության զարգացմանը, և շուտով վայրի այծերի հոտը Կրուզոյի անքակտելի հոգսերից մեկն է դառնում;

Անվտանգության և շինարարության հիմնահարցերը, որոնք ցանկացած երկրի համար առանցքային են, նվազ ջանքեր չեն պահանջում և երբեմն երկրի ժողովրդի ուժերից վեր են: Սակայն ժողովուրդը, չսպասելով, որ պետությունը կհատկացնի նրան կացարան կամ կասֆալտապատի միակ փողոցը, ինքն է լուծում շինարարության և բարեկարգման հետ կապված առկա խնդիրները: Հետաքրքիր է՝ ի՞նչն է մեզ խանգարում հետևել Ռոբինզոնի օրինակին առանց մանկամիտ սպասումների և ավելորդ բողոքների՝ ուղղված պետությանը, կառավարությանը և համապատասխան մարմիններին: Գուցե մենք նույնպես սովորե՞նք չսպասել, որ ուրիշը՝ քաղաքապետարանը, թաղապետարանը կամ համայնքապետարանը մի օր որոշի մաքրել մեր դռան աղբը և բարեկարգել մեր բակը:

Երևի յուրաքանչյուրից անհրաժեշտ է հասկանալ, զգալ, որ բոլորս ռոբինզոն ենք կյանքում: Երբեմն մեզ հաջողվում է մեր կողքին Ուրբաթ ունենալ, երբեմն՝ երկու: Համենայն դեպս, սեփական երջանկությունը և բավարարվածության զգացումև ունենալու համար մարդ պիտի ստեղծի իրեն անհրաժեշտ իրերը և շրջապատը ինքնուրույն բարելավի:

Այս գաղափարը հարկավոր է հիշել ոչ միայն տնտեսական շրջափակման, կղզիացման օրերին: Ինքնաբավության քաղաքականությունը Կրուզոյին պարտադրված անկախության գրավականն է, որն, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ միշտ հարթ է ընթանալու: Օրինակ, տրանսպորտի նախարարի պաշտոնում Կրուզոն ձախողեց աշխատանքը. ահռելի ծառը կտրելուց և նավակ պատրաստելուց հետո միայն նա գիտակցեց իր ուժերի սահմանափակ լինելը: Փորձելով կա´մ նավակը լծակի միջոցով տեղափոխել, կա´մ ծովից գետ փորել՝ տրանսպորի նախարարությունը՝ մեկ անձից բաղկացած, փորձառություն ձեռք բերեց առ այն, որ նույնիսկ շատ ժամանակ ունենալու պարագայում նա չի կարողանա իրագործել այն, ինչ մտածել է: Զուտ կղզի լինելու պատճառով: Իսկ մեր՝ ոչ կղզիացած աշխարհում, միշտ մտածում ենք, որ ժամանակ անուն կրող ռեսուրսը բոլոր հարցերի լուծումն է: Եթե ժամանակ ունենայի, ինչե~ր կանեյի…

Ի միջի այլոց, կարելի է արդյո՞ք լիակատար կղզիացում համարել Դեֆոյի հերոսի հանգամանքները, եթե Ռոբինզոնը օգտագործում է պատահաբար իր ձեռքն ընկած գործիքները, մթերքը, նույնիսկ գրենական պիտույքները: Հաշվի առնենք նաև գիտելիքները, որոնք նա օգտագործում է գոյատևելու և իր կյանքը բարեկարգելու համար: Կղզիացումը բնավ չի ենթադրում ամեն ինչ զրոյից սկսելը. նույնիսկ կղզիաբնակ Ռոբինզոնը իր հասարակության ներկայացուցիչն է՝ մենիշխան, բայց օտարերկրացի:

Ե՛վ կղզիացումը, և՛ փորձառությունը համաձուլվելով հանգեցրին արդյունքում այս յուրօրինակ երևույթին՝ Ռոբինզոն Կրուզոյին կամ ռոբինզոնացմանը: Առանձին-առանձին դրանք, հնարավոր է, հանգենցնեին բոլորովին ուրիշ պատմության, բոլորովին ուրիշ մի կերպարի:

Իր կյանքի վիթխարի մասը մարդն անցկացնում է ինքն իր հետ՝ համոզում, քննադատում, գովում, ուղղորդում, սովորեցնում, կերտում առաջին հերթին իր սիրելի «ես»-ը: Ռոբինզոնը սովորեց գնահատել կղզիացումը և փորձառությունը: Եվ ահա իր փորձը փոխանցում է մեզ, երբ կարդալով Դանիել Դեֆոյի գիրքը, մենք ևս հաղորդակից ենք դառնում աշխարհի ամենահետաքրքիր գործընթացներից թերևս ամենահետաքրքրին՝ արարությանը, ստեղծագործությանը, կերտող աշխատանքին: Ակնհայտ է, որ այն պարտադրում է միաժամանակ այս երկու գործոնի առկայությունը: