Home / Հայաստան / Ինչ կարող է խոստանալ գազպրոմցի վարչապետը Իրանին

Ինչ կարող է խոստանալ գազպրոմցի վարչապետը Իրանին

«Հայկական Ժամանակ» օրաթերթը, հոկտեմբերի 11-ի համարում անդրադառնալով վարչապետի Իրանում տված խոստումներին, շեշտում է Կարեն Կարապետյանի գազպրոմյան անցյալը և հայաստանյան շուկայում ռուսական ընկերության գերիշխող դիրքը։

«Մենք մեր իրանական գործընկերների հետ ինչ- որ առումով պայմանավորվել ենք, որ ռեստարտ տանք մեր հարաբերությունները: Նախկին, երկար խոսացած որոշակի թեմաների շուրջ, եթե չենք եկել ինչ-որ արդյունքի, անընդհատ դա չհիշենք»: Երեկ այսպիսի հայտարարություն է արել Իրանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Այս հայտարարությունը հատկապես ուշագրավ է դառնում, երբ այդ մասին խոսում է Կարեն Կարապետյանը: Մոտ 15 տարի առաջ արդեն «երկար խոսացած» Իրան-Հայաստան գազամուղի տրամագիծն անսպասելի որոշմամբ փոքրացվեց, որպեսզի այն տարանցիկ չդառնա ու չխանգարի ռուսական «Գազպրոմի» հարավկովկասյան ծրագրերին, հետո մի գիշերվա մեջ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկն իրանցիներին հանձնելու որոշումը կասեցվեց եւ այն տրվեց «Գազպրոմին»:

Բացի այդ, Իրանը ոչ մի կերպ չի կարողանում մուտք գործել Հայաստանի գազի ներքին շուկա, որը հանձնված է «Գազպրոմին»: Իսկ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ եղել է «Գազպրոմին» պատկանող «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը: Գուցե իրանցիները իրո՞ք մոռանան այդ ամենը ու «ռեստարտ» տան մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին, եզրակացնում է «ՀԺ»-ն: