Home / Բանակ / Վիգեն Սարգսյանը պնդում է՝ հրաժարական դեռ չի տվել, բայց նոր թիմի հետ չի աշխատի

Վիգեն Սարգսյանը պնդում է՝ հրաժարական դեռ չի տվել, բայց նոր թիմի հետ չի աշխատի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ երեկվա իր հայտարարությունը չի նշանակում, թե ինքը հրաժարական է տվել։ Երեկ իր ուղերձում նա, մասնավորապես, ասել էր․ «Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում»։

Այսօր, սակայն, լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «անթույլատրելի եմ համարում ՊՆ նախարարի հրաժարականը մինչև նշանակված չի նոր նախարար»։

«Որևէ բան չի կարող ինձ իմ պարտականություններից հետ պահել, մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնել այդ նույն պարտականությունները։

Ես երեկ հայտարարել եմ, այո՛, ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, քանի որ ցանկացած նախարար և պաշտպանության նախարար դա վարձու աշխատող չէ։ Դա քաղաքական պաշտոն է, քաղաքական հայացքների խնդիր է, թիմի և միասնության խնդիր է, վստահության խնդիր է։

Արդյունավետ նախարար լինել, դա շատ դժվար է, եթե դու չունես համախոհների թիմ և եթե դուք նույն խնդիրին չեք ծառայում…

…Ես հրաժարականի մասին երբեք չեմ խոսել ո՛չ Ձեր հետ, ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ես խոսել եմ նրա մասին, որ նոր ձևավորված թիմը իմ պատկերացմամբ չի կարող ապահովել արդյունավետ առաջընթաց և ունեմ քաղաքական հայացքների տարբերություններ, որ երբեք թույլ չեն տա այդ թիմի հետ աշխատել…

Բայց բացառվում է, որ ես ինքնամեկուսացվում եմ գործընթացներից և ես համարում եմ երկրին, ժողովրդին, հայրենիքին կարելի է ծառայել ամենատարբեր ձևերով և, իմ խորին համոզմամբ, մասնագիտական աշխատանքը՝ հենված գիտելիքի վրա, փորձի վրա, միշտ անհրաժեշտ է` դա լինի հասարակական ոլորտում, քաղաքական ոլորտում, մանկավարժական աշխատանքի տեսքով։ Բազմաթիվ ձևեր կան, և խոստանում եմ ձեզ, որ իմ ծառայությունը լինելու է բազմազան, բազմատեսակ», ֊ ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Հայաստանում ծավալված իրադարձությունների հետ կապված՝ Սարգսյանը նշել է, որ ինքը տեղի ունեցածը հեղափոխություն չի համարում․ «Հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչին»։