Այսօր Մարտի 1֊ի զոհերից՝ ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 32 տարեկան։
«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանն ասել է, որ այսօր գնալու է որդու գերեզման՝ նրա մահը սգալու․ «Ինչ պետք է անեմ, աղջիկ ջան, գնալու եմ, խունկ ծխեմ, իմ որդու մահը սգամ, տուն գամ»։
Հարությունյանը չի հավատում, որ երբևէ կստանա այն հարցի պատասխանը, թե հանուն ինչի 2008 թվականի մարտի 1-ին զոհվեց իր որդին։
«Իմ որդին զոհվեց հանուն մի քանիսի աթոռների կամ բազկաթոռների, չգիտեմ՝ ինչու զոհվեց իմ որդին, դա պետք է իշխանությունը պատասխաներ, այդպես էլ ես պատասխան չստացա այս 7 տարում ու դժվար էլ ստանամ։
Ես այնքան հոգնել եմ, էլ ընդհանրապես չեմ ուզում ոչ խոսել, ոչ հարցազրույց տալ, ոչ ինչ֊որ բան պատմել, որովհետև ես այս 7 տարիների ընթացքում համոզվեցի, որ դա մեռած գործ է և ոչ մի բան չի ստացվելու։ Դրա համար աշխատում եմ ընդհանրապես քիչ մարդկանց հետ շփվել, քիչ խոսել և իմ սևը քաշած իմ սրտի մեջ՝ ես գնում եմ միայն գերեզման, գալիս եմ, այդքան բան։ Ես համոզվել եմ, որ ոչ մի բան էլ չի լինի, այնքան որ որդիս անմեղ զոհ էր, գնաց, որի համար ամեն օր ես իմ որդուց ներողություն եմ խնդրում։ Ես հոգնել եմ արդեն։ Ես վատ եմ, իմ սիրտը վատ է, ես հիվանդ կին եմ, իմ նյարդերը թուլացած են, ոտքերս չեն աշխատում։ Դուք էլ անընդհատ զանգում եք, վերքս քչփորում եք։ Ինձ համար դա չի մոռացվում։ Բայց դա այնքան քնած գործ է, որ չեմ պատկերացնում, ես հասկանում եմ, որ դա չբացահայտվող գործ է», ֊ ասել է Հարությունյանը։
Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների մասին՝ այստեղ
2008-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանին սատարող ընդդիմադիրները 10 օր խաղաղ հավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց ՀՀ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը բռնության գործադրմամբ ցրել են ընդդիմության վրանային քաղաքը։ Նույն օրը՝ մի քանի ժամ անց, մարդիկ հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։ Երեկոյան ցուցարարների դեմ հրազեն է կիրառվել։ Սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։ Մարտի 1-ի դեպքերից հետո լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել, որոնք ապացուցում են, որ այդ օրն ընդդիմադիրների դեմ գործողություններում օգտագործվել են զինված ուժերը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում