– Կարո՞ղ է արդյոք սուիցիդը լինել փոփոխության գործիք: Եվ ընդհանրապես որքանո՞վ արդյունավետ է նահատակման և զոհաբերերության մոդելը սակրալացնելու միջոցով որևէ հանրային խնդրի լուծման հասնելը: Զոհաբերությունը, որպես միջոց, էլք ու հաղթանակ դիտարկելով՝ Շեքսպիրը զոհաբերում է իր հերոսներին, նահատակում, զրկում անձնական երջանկության ու միաձուլման հասնելու հնարավորությունից, սակայն լուծում խաղաղության հանրային պայմանագրի խնդիրը: Անձնական կյանքի իրավունքն ու անձեռնամխելիությունը դիտարկվում է երկրորդական մի բան, խաղաղության հասնելու ճանապարհն էլ անցնում մարդկային կյանքերի զոհաբերության միջով: Արդյո՞ք խաղաղության պայմանագրի հնարավոր է հասնել առանց նահատակների, թե դա անխուսափելի և անփոփոխելի է:
Դեռևս նախաքրիստոնեական ժամանակահատվածում նահատակությունն ուներ մարդկանց ու աստվածների միջև հաշտության պայմանագրի և խաղաղության հաստատման իմաստավորում: Ցանկացած ծես անցնում էր լավագույնի զոհաբերությամբ՝ քմահաճ աստվածներին, և դա դիտարկվում էր, որպես հաշտության, բարեհաճության ու խաղաղության պայմանագրի հաստատում: Այդ ծիսական բնույթի, սակայն խորը հոգեբանական արմատներ ունեցող սովորույթը ներթափանցեց նաև քրիստոնեական մշակույթ և դարձավ նոր կրոնի հաստատման հիմնաքարերից մեկը: Այսպիսով, հենց Քրիստոսի կերպարը՝ նահատակի կերպեր է, ինքնասպան-նահատակի, ով գիտակցաբար զոհաբերեց իրեն՝ հանուն հանրային գիտակցության փոփոխության:
Ի՞նչ տեղի ունեցավ Ռոմեոյի և Ջուլիետի նահատակության արդյունքում՝ կատարվեց այն, ինչ չէր հաջողվում անել որևէ մեկին: Վերացավ մոնտեգյուների և կապուլետների գերդաստանների միջև եղած ոխերիմ թշնամությունը: Գինը՝ ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ սերը: Սերը՝ կյանքի մշակույթի հիմնական բաղադրիչը պարտվեց բռնության մշակույթին՝ հանուն հանրային շահի, հանուն հանրային գերակա շահի: Ընդհանրապես, ցանկացած ինստիտուտի առկայությունը՝ երկու սիրեցյալների միջև, արդեն իսկ մարդու անձնական կյանքի անձեռնամխելիության կոպիտ խախտում է, իսկ այստեղ միանգամից երկու կառույց՝ այն է եկեղեցին և ընտանիքը հայտնվում են երկու ամենամոտ մարդկանց արանքում, մեկը՝ թշնամանքի ու ատելության ձևով, մյոսը՝ հաշտարարի ու պրոցեսները մոդելավորողի: Նրանից ոչ մեկին չի հետաքրքրում այն, ինչ կատարվում է երկուսի միջև: Այո, չի հետաքրքրում, առաջին հայացքից թվում է, թե հոգևորական Հայր Լորենսը համաձայնում է միավորել սիրո հրաշքում հայտնված երիտասարդներին, բայց դա պատրանք է, նա օրհնում է ամուսնությունը՝ բացառապես տեսնելով երկու գերդաստանների հաշտեցման հնարավորություն այդ միության միջոցով: Ինչ վերաբերում է սիրո զգացմունքի ճանաչմանը, ապա նա խստորեն դատապարտում է, ասելով. «նման կրքերի վերջն աղետալի է, Ռոմեո»: Այսինքն, անձնական երջանկությունն այս դեպքում անգամ դատապարտելի է, սակայն կարող է հանդիսանալ որպես գործիք՝ կոնֆլիկտի հաղթահարման ճանապարհին: Փաստորեն մի պատրիարխալ ինստիտուտին, որն ընտանիքն է, գալիս է փոխարինելու մեկ այլ հայրիշխանական կառույց, որն ամբողջովին իր վերահսկողության տակ է վերցնում երկու սիրեցյալների անձնական կյանքի և մարմնի ազատության վերահսկողության գործառույթը: Սիրեկաններն իրար չեն մոտենում, մինչև եկեղեցականի օրհնությունը ստանալը, սակայն այն, ինչ պետք է կատարվեր նրանց միջև պոռթկուն կրքի և տրոփի ալիքի վրա, պետք է որ հովանավորներ չփնտրեր, չառաջացներ մեղքի զգացում: Բայց ոչ, երիտասարդները մարտահրավեր են նետում ընտանիքներին, սակայն ամբողջովին ենթարկվում են եկեղեցուն:
Այստեղ Շեքսպիը երկու հայրիշխանական կառույցների միջև կատարել է ընտրություն և առաջնությունը տվել եկեղեցուն: Ի դեպ, այս ստեղծագործության մեջ հստակորեն տարբերություն կա կնոջ և տղամարդու միջև՝ սիրո ազատության տեսանկյունից: Ռոմեոն գալով կապուլետների դղյակ բոլորովին այլ աղջկա սերը շահելու, տեսնում ու սիրահարվում է Ջուլիետին: Ինչ վերաբերում է Ջուլիետին, ապա նա նկարագրված է որպես դեռատի, մանկական խաղերով տարված աղջնակ, որը երբևէ չի էլ մտածել տղամարդու մասին: Այսինքն, այստեղ հակադրվում են կնոջ մարմնի ու մտքի անաղարտությունը՝ տղամարդու բազմասիրությանը: Միևնույն ժամանակ Ջուլիետին վերահսկում է միանգամից երկու տղամարդ՝ նրա հայրը և ավագ եղբայրը: Ավանդական մոդել, որտեղ ավագ եղբայրները վերածվում են ավելի մեծ բռնարարների: Այս երկու տղամարդկանց ավելանում է նաև տղամարդ հոգևորականը, ով էլի ակտիվ մասնակցություն ունի Ջուլիետի մարմնի անաղարտության պահպանման գործում, և երբ թունավորված Ռոմեոն մահանում է երկօրյա թմբիրից զարթնած Ջուլիետի գրկում, հայր Լորենսը փորձում է նրան տանել կուսանոց, որպեսզի քույրերը հոգան նրա մարմնի մասին: Սա ևս մի փորձ է՝ կնոջ մարմնի վրա վերահսկողություն հաստատելու:
Այսպիսով Շեքսպիրը, «Ռոմեո և Ջուլիետ»-ը գրելիս հենվում է երեք հիմնական ելակետային դրույթների վրա՝
1. Եկեղեցու դերի բարձրացում, որը գալիս է փոխարինելու ընտանիքին և որոշումներ է կայացնում մարդու անձնական կյանքի վերաբերյալ:
2. Հանրային գերակա շահի սպասարկում՝ ի հեճուկս անձնական կյանքի և սիրո վայելքի:
3. Զոհաբերության մոդելի ամրապնդում, որը դիտարկվում է որպես փոփոխության գործիք, և հանդիսանում խաղաղության հասնելու միջոց:
Երեք ելակետային դրույթներն էլ հակասության մեջ են մարդու անձնական կյանքի իրավունքի և այդ իրավունքի իրացման հետ, ինչն ամբողջովին տանում է բռնության մշակույթի տրիումֆին: Իսկ սերը՝ կյանքի մշակույթի տիրույթում է, որը ցավոք, այս ստեղծագործության մեջ պարտվում է բռնության մշակույթին: