Ալավերդիի Մանկապատանեկան արվեստի պալատի (նախկին Պիոներ պալատ) աշխատակիցը Epress.am-ին ահազանգել է, որ 3 ամիս է` շենքում ջրամատակարարումը դադարեցվել է։ Պալատի հարևանությամբ շենք է կառուցվում․ շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել են պալատի ջրախողովակները։ Պալատում երկու խմբակներ կան՝ պարի և շախմատի, և շուրջ 35 աշխակերտ։ Շենքը թեև գազաֆիկացված է, սակայն չի ջեռուցվում։ Դասասենյակները էլեկտրական վառարաններով են տաքացվում։ Շենքը նորոգման կարիք ունի, բայց հիմա մեծագույն խնդիրը ջրախողովակի վթարն է, որի պատճառով չեն աշխատում սանհանգույցները։
Epress.am-ը պարզել է, որ հարևան շինության սեփականատերը Կադաստրի պետական կոմիտեի «Ալավերդի» սպասարկման գրասենյաի պետ Դավիթ Թարմինյանն է։
Խնդրի մասին մենք ահազանգեցինք Ալավերդիի քաղաքապետարանի Մշակույթի, սպրոտի և կրության բաժնի պետ Սուսաննա Շաղինյանին։ Նա մեր հարցին նախ հարցով պատասխանեց՝ ի՞նչ նպատակ եք դուք հիմա հետապնդում։
– Այդ շենքում մենք (քաղաքապետարանը-խմբ․) գործունեություն չենք ծավալում։ Դուք այդտեղ երեխա տեսա՞ք։ Ո՞ւմ համար ջեռուցենք։ Եթե մասնավոր խմբակներ են, մենք իրենց այլ դպրոցներ ենք առաջարկել, թող ուրիշ տեղ պարապեն։ Ջուրը առաջին խնդիրը չի այդ շենքում։ Դուք տեսաք այդ շենքը հիմնանորոգման կարիք ունի, միայն ջուրը չէ։ Չնայած դրա մասին մենք ահազանգ չենք ստացել, ես չգիտեմ՝ ով է ձեզ ասել։ Հիմնանորոգումը ներառված է համայնքի ծրագրերում, ուղղակի բյուջեն չի հերիքում։ Մենք այդ շենքի վերանորգոման համար ծրագրեր ենք փնտրում։
– Ի՞նչ ծրագրերում եք ուզում ներառել։
– Դե հիմա չեմ կարող ասել։
– Ալավերդիում կա պղնձաձուլական գործարան, գուցե, համայնքի հանրային տարածքները պահպանելու համար դիմե՞լ եք գործարանին։ Հատկապես բնությանը հասցրած մեծ վնաս պատճառող գործարանները պարտավորվում են գոնե համայնքներին օգնել։
– Հիմնականում՝ այո, բայց մեզ մոտ այդպես չէ։ Ես ու դու չենք որոշելու՝ ինչ անի գործարանը։
Քիչ հետո Շաղինյանը զանգեց ու ասաց, որ ջրի համակարգի խաթարման
մասին տեղյակ են և՛ ջրմուղում, և՛ Կադասատրում։
– Ում որ պատկանում է շինությունը, խոստացել է վերականգնել պատճառված վթարը։ Եթե նա չանի, Ջրմուղը կանի։