Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին:
Ըստ որոշման՝ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի կազմակերպությունները շահագործելիս անհրաժեշտ է պահպանել հետեւյալ կանոնները․
«Հաճախորդների սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում եւ տվյալների գրանցում գրանցամատյանում: Հաճախորդների սպասարկման սեղանների միջեւ անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հայտնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով»։
Անձնակազմերի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով)։ Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ եւ մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների եւ մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաեւ խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
«Աշխատողները պետք է ապահովվեն մեկանգամյա օգտագործման դիմակների եւ ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տեւողությունից եւ դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաեւ անձեռոցիկներով: Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք եւ սառը ջրի, ինչպես նաեւ ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ»,- ասվում է անվտանգության կանոնների պահպանման ուղեցույցում։
Հանրային սննդի օբյեկտներում պետք է նշանակվի կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, որը հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների եւ այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները: Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների եւ հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:
Ըստ ուղեցույցի՝ աշխատանքի մեկնարկին եւ ավարտին կատարվում է տարածքի ախտահանում, մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները եւ հաճախակի օգտագործվող պարագաները։ Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:
Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ եւ այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:
Ինչ վերաբերում է սպասքին եւ խոհանոցային պարագաների ախտահանմանը, ուղեցույցում նշվում է, որ նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:
Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը եւ պարագաները լվանալու համար: Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի եւ սեղանի պարագաների համար:
Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման եւ ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի եւ պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է: