Վայոց ձորի մարզի Եղեգիս գետին հարակից համայնքները պարբերաբար հարձակման են ենթարկվում գորշ արջերի կողմից: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ահազանգեց Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:
Ըստ նրա՝ արջերն այլևս առանց որևէ վախի մոտենում են Եղեգիս և հարակից այլ համայնքներին՝ վնասելով գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները: «Վնասում են մշակաբույսերը, պտղատու ծառեր են կոտրում, այգի, ձմերուկի ու կաղամբի դաշտ փչացնում, կենդանիներին են ուտում: Սա միջտեսակային գոյության կռիվ է սննդի համար: Եթե 15 տարի առաջ արջը, մարդուն 1 կմ հեռավորության վրա տեսնելիս, փախչում էր, ապա հիմա 5 մ-ի վրա գտնվելիս՝ մոտենում է, չի հեռանում: Ամռանը երեկոյան ժամը յոթին կարող ենք արջին տեսնել գյուղի հարակից տարածքում՝ 500 մ հեռավորության վրա քնած»:
Գեղամ Մարգարյանն արջերի այս վարքագիծը կապում է Եղեգիս գետի վրա կառուցված բազմաթիվ փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ: «Գետի հունը 50% չափով և ավելի ծանրաբեռնված է փոքր ՀԷԿ-երով, ինչը բուսական ու կենդանական աշխարհին մեծ վնաս է հասցնում: Վայրի ու գիշատիչ կենդանիներին զրկել ենք գետից օգտվելու բոլոր հնարավորություններից: Ամբողջ գետի ջուրն առնելով խողովակաշարի մեջ՝ թե՛ արջը, թե՛ մյուս վայրի կենդանիները չեն կարողանում օգտվել գետում ապրող կենդանական աշխարհից որպես սննդի միջոց: Հերհերում էլ կա այդ նույն ձորը, անտառը: Եղեգիս համայնքի անտառներում հատապտուղները մի քանի անգամ շատ են, բազմատեսակ ու սննդարար, քան թե Հերհերի, Ջերմուկի ու Կեչուտի անտառներում, բայց այս համայնքներում որևէ վնաս չի հասցնում արջը գյուղական տնտեսություններին: Այնտեղ ՓՀԷԿ-երի այդպիսի ծանրաբեռնվածություն չկա, դրա համար որևէ խնդիր չկա: Վայքի տարածաշրջանում չկա ՓՀԷԿ, ու չկան նման դեպքեր, որովհետև ոչնչի ձեռք չեն տվել, բնապահպանական խնդիր չի առաջացել: Իսկ Եղեգիսում լուրջ խնդիր է: Այստեղ, բնականաբար, սննդի շղթայի խախտում է առաջացել», – ասաց Մարգարյանը:
Հարցին, թե խնդրի կարգավորման ինչ փորձեր են արվել, Գեղամ Մարգարյանը նշեց, որ բազմաթիվ նամակներ են ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն, ինչին ի պատասխան առաջարկել են կիրառել ձայնային և լուսային ազդանշաններ: «Գյուղ կա անգամ փայտը ձեռքն են վերցրել, փորձել քշել, արջը չի հեռացել: Ի՞նչ ձայնային ազդանշան: Մեկ շաբաթից հետո արջը համակերպվում է, հասկանում է, որ դա իրեն չի վնասում», – ասաց նա:
Ըստ մարզպետարանի աշխատակցի՝ խնդրի լուծման համար պետք է գնահատվի մարդ-կենդանի միջտեսակային գոյության պայքարը և մասնագիտական վերլուծության ենթարկվի: «Հարկավոր է լուրջ ուսումնասիրություն կատարել: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակցիների հետ համագործակցել ենք: Այս տարի իրենք կփորձեն ուսումնասիրել խնդիրը»:
Եղեգիս գետի և նրա վտակների վրա ներկայում գործում է 17 ՓՀԷԿ: Անդրադառնալով խնդրին՝ Գեղամ Մարգարյանն ասել է որ, որ դրանց տրված ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) վերանայման անհրաժեշտություն կա:
«Ջրի քանակը որոշել են 2005թ., հիմա 2021 թ. է: Կլիմայի փոփոխություն կա, գլոբալ տաքացման փաստացի թիվ գոյություն ունի: Դրան զուգահեռ ջուրն է պակասել: Այսինքն՝ ՓՀԷԿ-ն աշխատեցնելու համար այլ ջուր է օգտագործվում: Պետք է ջրօգտագործման թույլտվությունները փոխել: Գետի ափի ծառերի 70%-ը կա՛մ կիսաչոր են, կա՛մ ամբողջությամբ չորացած, որովհետև ջրից զուրկ են: Բացի այդ, ձկնատեսակների համար նախատեսված ցանցերը շատ մեծ են: Այդտեղից մանրաձուկը անցնում է տուրբին: ԽՍՀՄ տարիներին ձկնագողությունը հինգ անգամ բարձր էր, բայց ձուկ կար: Հիմա տասն անգամ վերահսկվում է ձկնագողությունը, բայց ձուկ չկա»,- ասաց նա:
2020թ. սեպտեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ուսումնասիրության կենթարկվեն Եղեգիս գետի ավազանի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները: Վեր կհանվեն ՓՀԷԿ-երում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, կվերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու կհստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը: