Home / Բանակ / Ղարաբաղով չաղտոտված Վրաստանը կարող է և ցանկանում է միջնորդ լինել

Ղարաբաղով չաղտոտված Վրաստանը կարող է և ցանկանում է միջնորդ լինել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցանկանում է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Իմ միջնորդությամբ և ամերիկյան գործընկերների և ընկերների մասնակցությամբ 30 տարվա մեջ առաջին անգամ ստեղծվել է հաջողված նախադեպ, երբ Վրաստանը մեդիացիա է արել մեր երկու եղբայրական, հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ փաստը լայն ճանաչում է ստացել և արժանացել ԱՄՆ կառավարության և Եվրամիության հավանությանը։ Բոլոր կողմերից ենք հավանություն ունեցել, և հենց դրանով է պայմանավորված՝ գործընթացը ավարտին հասցնելու մեր ցանկությունը», – «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին։

Այդ հայտարարությունը պաշտոնյան արել է Բաքու կատարելիք այցից առաջ։ Վարչապետը ասել է նաև, որ շուտով Երևան էլ կգա։

Այս տարվա հունիսին Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Ադրբեջանը գերեվարված հայաստանցիներից 15-ին ազատել է, ինչին ի պատասխան հայկական կողմից ստացել է Աղդամի շրջանում ականապատված տարածքների քարտեզները։

Սահմանամերձ գոտում ապրող իրավապաշտպան Գեորգի Վանյանը տարիներ շարունակ խոսում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Վրաստանի միջնորդության ներուժի մասին։ Այդ թեմային էր նվիրված վրացական Թեքալի գյուղում կազմակերպված առաջին լսումները՝ նույնանուն խաղաղարար գործընթացի շրջանակներում։

Մեկնաբանելով Թբիլիսիի խաղաղարար ակտիվացումը PressKlub ադրբեջանական պարբերականի համար՝ Վանյանը մասնավորապես ասել է․ – Ավելի հարազատ և հասկանալի հարևաններ չունենք․․․ Վրաստանը հետսովետական Բաքվի և Երևանի համար շփման, դիվանագիտության, տնտեսության մեջ դյուրին գործընկեր կարողացավ դառնալ։ Վրաց ժողովուրդը՝ տարբեր էթնիկ ծագումներ ունեցող մարդիկ, ունի մշակութային կրակամարիչ, որը թույլ է տալիս ամենաբարդ իրավիճակներից խաղաղ ելք գտնել։

Համակեցության վրացական մշակույթը կատարյալ չէ․ բնական է՝ նրանում միախառնվել են միջնադարյան ավանդապաշտությունը, սոցիալիստական ինտերնացիոնալիզմը, արևմտյան ժողովրդավարությունը։ Հենց դա է հրապուրում հայերին և ադրբեջանցիներին։ Վրաստանն իր բոլոր խնդիրներով և ձեռքբերումներով բոլոր կովկասցիների համար եղել է և մնում է ձգողականության կենտրոն։ Մեր հասարակությունների վրա Վրաստանի ազդեցությունը թերագնահատվում է և չի ձևակերպվում քաղաքականության դաշտում։ Գուցե դա նույնիսկ լավ է։ Հավերժ թշնամանքի կեղծ կանխադրույթի վրա խարսխված Ղարաբաղյան հակամարտությունը մեր երկրներին տեղափոխել է արտաքին շահերի արհեստական և կեղտոտ դաշտ։ Բայց Վրաստանը կարողացել է այդ դաշտից դուրս մնալ, կարողացել է պահպանել հարևանության և խաղաղության առաջնահերթությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում։

Վրաստանի միջնորդությունը (խորհրդանշական է, որ այն սկսվեց գերիների վերադարձից) պետք է դիվանագետներին վերադարձնի գետնին՝ պրագմատիկ հարցերին։

Մինսկի խումբը ստեղծման առաջին օրվանից աղավաղել է միջնորդության մասին պատկերացումը։ Ռուսաստանն ի սկզբանե չէր կարող միջնորդ լինել ոչ այն պատճառով, որ վատն է, այլ քանի որ խառնված է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Մինսկի խմբի ողջ գործունեությունը՝ բանակցությունների իմիտացիան, անարդյունք մոնիտորինգը, ցավոք հենց սկզբից ծրագրավորված էր։

Այժմ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ուղիղ պայմանավորվելու բան ունեն, և Վրաստանի միջնորդությունը կարող է իրենց բանակցային սեղանին բերել։ Իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, սևծովյան երկրները, Արևմուտքը, մնացած բոլորը՝ այլ՝ աշխարհաքաղաքական մակարդակում պետք է միայն ընդունեն երկկողմ բանակցությունների արդյունքները։ Մեր ժողովուրդներին հենց այսպիսի իդեալական դասավորություն է սպասվում։ Եվ Թբիլիսիի միջնորդությունը իրական երկկողմանի երկխոսության հույս է տալիս»։