Home / Հայաստան / Անգղիարէն, անգլիարէն, անգղիերէն, անգլիերէն, այժմ՝ անգլերեն

Անգղիարէն, անգլիարէն, անգղիերէն, անգլիերէն, այժմ՝ անգլերեն

Հայաստանի Լեզվի կոմիտեն հերթական հորդորակն է տարածել, այս անգամ՝ անգլիագիր, անգլիալեզու, անգլիախոս բառերի գործածության մասին․ 

Հայերենում անգլիացիների լեզուն կոչվել է անգղիարէն, անգլիարէն, անգղիերէն, անգլիերէն, այժմ՝ անգլերեն։  Մինչ այդ գործածվել են «անգղիացւոց բարբառ», «անգղիացւոց լեզու», «անգղիական լեզու» բառակապակցությունները։

Անգղիարէն-ը կազմվել է XIХ դարի տասական թվականներին անգղիացի բառից՝ ացի ածանցի կրճատմամբ, և «լեզու» նշանակող արէն ածանցից։ XIX դարի առաջին կեսին՝ անգղիարէն-ի «իշխելու» ժամանակ, բառարանում գրանցվել են նույնարմատ անգղիաբան, անգղիաբանութիւն, անգղիախօս, անգղիական, անգղիացի բառերը։ 

Որոշ ժամանակ հետո –արէն ածանցի փոխարեն գործածվում է –երէն ածանցը, և հայերեն գրականության և մամուլի լեզվում հանդիպում է անգղիերէն տարբերակը նույնպես։

Հետագայում լեզվանվան պատմական զարգացումը հանգեցնում է անգլիերէն տարբերակին (ղ-ն դառնում է լ)։ 

XIX դարի կեսերից արևելահայերենում և արևմտահայերենում ամրակայվում է անգլերեն տարբերակը։ 

Ժամանակին Անգլիա, անգլիացի, անգլիերեն բառերի հիմքից կազմվել են անգլիաբանություն, անգլիաբնակ, անգլիագետ, անգլիադավան, անգլիական, անգլիահայ, անգլիահպատակ, անգլիամոլ, անգլիասեր և մի շարք այլ բառեր, որոնցում կա ի բաղադրիչը։ Բացառություն է անգլուհի բառը, որը կազմվել է անմիջականորեն անգլ ցեղանունից և –ուհի ածանցից։ 

Ինչպես տեսնում ենք, ի բաղադրիչի առկայությունն օրինաչափ է. պահպանվում է լեզվի ավանդույթը և չի խախտվում բառակազմական համակարգայնությունը։ 

Բառակազմական ավանդույթով են կազմվել անգլիախոս, անգլիալեզու, անգլիագիր բառերը, որոնք հայերեն գրավոր և բանավոր խոսքում հաճախադեպ են։ Ահա մի քանի բառակապակցություն՝ 

անգլիալեզու շաբաթաթերթ

անգլիալեզու հեղինակ

անգլիախոս երկրներ

անգլիախոս զբոսավար

անգլիագիր բանաստեղծներ

անգլիագիր գրականություն

Վերջին տարիներին, թերևս ելնելով անգլերեն տարբերակի անգլ հիմքից, տարածվել են «անգլալեզու», «անգլախոս», «անգլագիր» ոչ բարեհունչ տարբերակները։ 

Այս տարբերակները գործածող որոշ լեզվակիրներ, ընդդիմանալով ճիշտ ձևերին, ներկայացնում են փաստարկներ, առաջադրում հարցեր։ Անդրադառնանք դրանց։ 

Պնդումներ կան, թե անգլիալեզու կամ անգլիախոս բառերը պիտի առանց ի բաղադրիչի լինեն, քանի որ կազմվել են անգլերեն, ոչ թե Անգլիա հիմքից։ Սակայն ինչպես արդեն ասվեց, անգլիացների լեզուն հայերենում ժամանակին անգլիերեն է կոչվել, և օրինաչափորեն կազմվել են անգլիաբան, անգլիագետ, անգլիահայ, անգլիախոս և ուրիշ բառեր։ Այս բառերը գործածվել են ավելի վաղ, մինչև անգլերեն տարբերակի ամրակայումը։ Իսկ նորակազմ բառերը ստեղծվում են ավանդույթի համաձայն, ինչպես՝ անգլիագիր, անգլիալեզու։

Հարց․ եթե ժամանակին անգլիերեն-ը դարձել է անգլերեն, ապա ինչո՞ւ անգլիախոս-ը կամ անգլիալեզու-ն չեն կարող գործածվել առանց ի բաղադրիչի։ 

Երբ անգլիերեն-ը հանգել է անգլերեն-ի, այդ շրջանում ի-ով կազմված բառերը շարունակել են գործածվել, ստեղծվել են նորերը՝ պահպանելով բառակազմական ավանդույթը։ Ի բաղադրիչը հեռացնելու պարագայում պիտի հեռացնել ոչ միայն անգլիալեզու կամ անգլիախոս բառերի, այլև տասնյակ նույնարմատ ուրիշ բառերի ի-երը, որ անհնար է։ 

Որոշ լեզվակիրներ էլ հակադարձում են՝ հիշելով ֆրանսերենը, իտալերենը… փաստարկում են՝ չենք ասում, չէ՞, «ֆրանսիախոս», «իտալիալեզու» 

Այո՛, ճիշտ է, չենք ասում։ Պատճառն այն է, որ անգլերեն լեզվանունը հայերենում ունեցել է պատմական ուրույն զարգացում, իսկ ֆրանսերենն ու մյուս լեզվանունները՝ բոլորովին այլ։  «Շեղումները» երևում են նույնարմատ այլ բառերի պարագայում ևս։ Համեմատենք.

Անգլիա – անգլիական, անգլիացի       

Ֆրանսիա – ֆրանսիական, ֆրանսիացի 

Իտալիա – իտալական,   իտալացի

Իսպանիա – իսպանական, իսպանացի

Հայերեն խոսողների համար դյուրին կլինի իմանալ, որ Անգլիա, անգլիացի և անգլերեն բառերի հիման վրա կազմված բոլոր բառերը ի բաղադրիչն ունեն, քան թե խճճվելով բառն ասել կամ գրել մերթ ի-ով, մերթ առանց ի-ի։