ռուս-թուրքական պարեկություն
Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ հայտարարել է Հուլուսի Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, դա անցած շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների գլխավոր պայմանավորվածություններից մեկն է։
«Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են, որ համատեղ [մոնիտորինգային] կենտրոնների ստեղծումը, համատեղ պարեկային ծառայությունն ու փորձագետների հանդիպումները շարունակվելու են», – Թուրքիայի խորհրդարանում այսօր հայտարարել է Աքարը։
Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում համատեղ թուրք-ռուսական պարեկության մասին համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս 2019-ին՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ։ 2022-ի վերջին, սակայն, պարեկային մի շարք շրջայցեր տապալվել են։
Թուրքական զորքերը պարբերաբար ռմբակոծում են Սիրիայի և Իրաքի հյուսիսը․ քրդական ուժերը սա ռազմական ագրեսիա են համարում, Անկարան՝ «հակաահաբեկչական գործողություն»։
Թուրքիան շարունակելու է աջակցել Ասադի դեմ պայքարող ուժերին
«Թուրքիան շարունակում է աջակցել սիրիական ընդդիմությանը և սիրիացի ժողովրդին», – գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նախօրեին նա հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր դաշինքի նախագահ Սալեմ Ալ-Մեսլեթի, սիրիական բանակցային խմբի ղեկավար Բադր Ջամուսի և ընդդիմության կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության ղեկավար Աբդուլռահման Մուստաֆայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում։
Չավուշօղլուն տեղեկացրել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, որ հունվարին [երկրորդ կեսին] կարող են տեղի ունենալ իր և իր սիրիացի պաշտոնակցի՝ ԱԳ նախարար Ֆայսալ Միկդադի բանակցությունները։ Թուրք դիվանագետը, սակայն, հավաստիացրել է՝ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի ընդդիմադիր ուժերին։
Հունվարի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ տեղի է ունեցել Սիրիայի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումը՝ առաջինը անցած 11 տարիների ընթացքում։ 2011 թվականից՝ Թուրքիայի սիրիական հակամարտության մեջ ներքաշվելուց հետո (Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ուժերին, Ռուսաստանը աջակցում է Ասադին), Անկարայի և Դամասկոսի միջև շփումները փաստացի սառեցվել են։
Թուրք-սիրիական բանակցությունների վերականգնումը լուրջ անհանգստություններ է հարուցում Սիրիայի ընդդիմության շրջանում։ Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի վերահսկողության գոտում գործող զինված կազմակերպությունները մտահոգված են, որ թուրք դաշնակիցները կարող են հաշտեցման գնալ Բաշար Ասադի կառավարության հետ։
զորքեր և բանակցություններ
2022-ի տարեվերջին Ռուսաստանում տեղի ունեցած՝ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ բանակցությունները մամուլում շրջադարձային են որակում։
Բանակցությունների արդյունքների մասին ստույգ տեղեկություններ չկան․ կողմերը հաղորդել են, որ հանդիպումները շարունակական կլինեն։
Սիրիական (իշխանամետ) «Ալ Վաթան» պարբերականը պնդում է, թե մոսկովյան բանակցությունների արդյունքում Անկարան պատրաստակամություն է հայտնել դուրս բերել Սիրիայի հյուսիսում տեղակայված իր զորքերը։ Դրա դիմաց, ըստ թերթի, Դամասկոսը պարտավորվել է համագործակցել Թուրքիայի հետ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող և Միացյալ Նահանգների դաշնակիցը համարվող քրդերի դեմ «հակաահաբեկչական» պայքարում։
«Կողմերը ընդգծել են, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց որակվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) ԱՄՆ-ի և Իսրայելի խամաճիկն է, որը պետք է դիտարկվի որպես լրջագույն սպառնալիք թե Սիրիայի, թե Թուրքիայի համար», – «Ալ Վաթան»-ին մեջբերել է «Ազատությունը»։
Թուրքական մամուլը, սակայն, գրում է, որ Անկարան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու մտադրություն չունի։
թուրքական ներխուժման նախերգանք
Սիրիայի քրդաբնակ շրջանների ապագան մնում է անորոշ։ Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Սիրիայի հյուսիսում կրկին էսկալացվել է։ Անկարայում խոսում էին Թուրքիային սահմանամերձ սիրիական շրջանների երկայնքով 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու և օդային հրթիռակոծությունները ցամաքային հարձակմամբ ամփոփելու մտադրության մասին։ Սիրիական Քուրդիստանի դեմ երկարամյա ռազմական ագրեսիան Անկարան «հակաահաբեկչական գործողություն» է համարում։
«Ազատությունը»՝ հղվելով Լիոնի համալսարանի դասախոս, արևելագետ Ֆաբրիս Բալանշենի մեկնաբանությանը, գրում է՝ Սիրիան, Թուրքիան և Ռուսաստանը նպատակ ունեն վերացնել առավելապես քրդերից կազմված «Սիրիական դեմոկրատական ուժերը»՝ զինված խմբավորում, որը տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում է Արևմուտքի հետ։
«Անկարան ցանկանում է վերացնել «քրդական սպառնալիքը»՝ պարզ ասած արտաքսել Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերին։ Մոսկվայի համար սա Միացյալ Նահանգների դաշնակիցներին վերացնելու հարց է։ Իսկ Բաշար Աասադը, քրդերի դեմ գործելով, երկու նպատակ է հետապնդում՝ հետ բերել այն տարածքներն ու նավթով հարուստ շրջանները, որոնք կենտրոնական իշխանության վերահսկողության տակ չեն», – AFP-ի հետ զրույցում նշել է ֆրանսիացի փորձագետը։
Բալանշեի խոսքով՝ եթե քրդերը չկատարեն Անկարայի պահանջը և իրենց ուժերը Թուրքիայի հետ սահմանից 30 կիլոմետրով հետ չքաշեն, «Մոսկվայի հանդիպումը թուրքական ներխուժման նախերգանքը կդառնա»։
Արևմտյան մամուլն այս կոնտեքստում հիշեցնում է նաև 2023 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների և Էրդողանի վարկանիշի անկման մասին։ Եթե Անկարան վերահսկողության տակ առնի Սիրիայի սահմանամերձ շրջանները (այսպես կոչված «անվտանգության գոտին») և վերաբնակեցնի դրանք սիրիացի փախստականներով, սա էական առավելություն կտա Էրդողանին։ Թուրքիան Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկիրն է (ավելի քան 3․5 միլիոն մարդ)․ փախստականներին հետ ուղարկելու խոստումներ են հնչում նաև ընդդիմադիր ճամբարում։