Մնացական Մարտիրոսյանը («Մացո») դարձել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար։
Անկախ Հայաստանի ամենավարկաբեկված դատավորներից մեկի կարիերային աճը ԲԴԽ-ից այսպես են մեկնբանել՝ երբ նախագահի հաստիքի թափուր է մնում, նախագահ է նշանակվում տարիքով ամենամեծ դատավորը։ Կենտրոնի նստավայրում դա Գագիկ Պողոսյանն է, բայց քանի օր նա հրաժարվել պաշտոնից, ինքնըստինքյան նախագահ է դարձել Մարտիրոս Մնացականյանը։
Բոլորովին վերջերս, ի դեպ, Մնացականյանը փորձում էր նաև նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալ։ ԲԴԽ-ն, որի կազմը 2018-ի իշխանափոխությունից հետո մեծամասամբ «թարմացվել է», հաստատել էր նրա թեկնածությունը։ Ավելի ուշ՝ հասարակական դժգոհության ֆոնին, Մարտիրոսյանի անունը հանվել էր թեկնածուների ցանկից։
Երեքուկես տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։ Այժմ եվրոպական դատարանի «եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների» ամենահայտնի հեղինակներից մեկը կարիերային աճ է գրանցում։
քաղաքական պատվերների դատավորը
Նախկին քննիչ և դատախազ Մնացական Մարտիրոսյանը՝ «Մացոն», որպես դատավոր հայտնի դարձավ հատկապես «Մարտի 1»-ին հաջորդած բռնաճնշումների շնորհիվ։ Մարտիրոսյանին էր պատվիրակվել ընթերցել քաղբանտարկյալների ամենաաղմկահարույց դատավճիռները։
Նախքան մարտիմեկյան իրադարձությունները, նա աչքի է ընկել նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի գործով։ Քոչարյանի թիկնապահը սրճարանի զուգարանում սպանել էր Պողոսյանին՝ նախագահին «Պրիվետ, Ռոբ» ասելու համար։ Սպանությունը և դրան նախորդող դեպքերը իր աչքով տեսած վկայի ցուցմունքները Մարտիրոսյանը որոշել էր չընթերցել և հաշվի չառնել։ Նախագահի թիկնապահն էլ ազատ էր արձակվել։
Մարտի մեկից հետո դատավոր Մարտիրոսյանին է վստահվել նաև «7-ի գործը»։ Այն ժամանակ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, երկրապահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը, նաև՝ Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը մեղադրվում էին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Նորանկախ Հայաստանի պատմության ամենասկանդալային դատավարություններից մեկի ընթացքում դատավոր Մարտիրոսյանը սանկցիաներ էր կիրառել փաստաբանների ու մեղադրվող քաղբանտարկյալների նկատմամբ, ակնհայտ կողմնապահ վարք դրսևորել՝ պաշտպանելով իշխանությունների դիրքորոշումը: 2018-ի իշխանափոխությունից հետո այս գործը վերաբացվել էր․ քաղբանտարկյալներից որոշները դիմել էին դատարան՝ պահանջելով արդարացնել իրենց։
Ի թիվս այլոց, Մարտիրոսյանը դատել է նաև 1 տարուց ավել ընդհատակում անցկացրած և հոժարակամ դատախազություն ներկայացած՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել (դատախազը 6 տարի էր պահանջել): Անցյալ տարի Մարդու իրավունքների եվրադատարանը վճռել էր, որ այս գործով Հայաստանը՝ ի դեմս Մնացական Մարտիրոսյանի, խախտել է Փաշինյանի «ազատության և անձնական անձեռնմխելիության, խոսքի և հավաքների ազատության իրավունքը»։
ՄԻԵԴ որոշում կա նաև նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով․ 2008-ի փետրվարին Գագիկ և Վարդան Ջհանգիրյանները ավազակային հարձակման էին ենթարկվել 6-րդ վարչության ոստիկանների կողմից՝ Արգավանդի խաչմերուկում։ Վարդան Ջհանգիրյանը հրազենային վիրավորում էր ստացել: Ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվել, փոխարենը՝ Վարդան Ջհանգիրյանին մեղադրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մնացական Մարտիրոսյանը նրան դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման: ՄԻԵԴ-ը հետագայում վճռել է՝ ոստիկանները Ջհանգիրյանին բերման ենթարկելիս ուժ են գործադրել, նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերը բացակայել են: Եվրադատարանի այս որոշումից հետո՝ 2022-ի օգոստոսին, արդարադատության այն ժամանակվա նախարար Կարեն Անդրեասյանի (այժմ նախագահում է Մարտիրոսյանին նոր պաշտոն շնորհած ԲԴԽ-ում) նախաձեռնությամբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր նախաձեռնվել։
2012-ին Մարտիրոսյանին էին «վստահել» նաև պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 քաղաքացիների գործը: Դատավարության ընթացքում որոշակի ապացույցներ էին ներկայացվել Կարեն Մեհրաբյանի մասով, ով, ըստ քննիչի, 2011-ին մեկնել է Թուրքիա և որոշակի վարձատրության դիմաց Տիգրան և Սայիդ անուններով հետախույզներին խոստացել է ԼՂՀ և ՀՀ բանակի վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրել: Մեհրաբյանի պաշտպանը նշում էր, որ գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ Կարեն Մեհրաբյանն ընդամենը զոհ է դարձել հետախույզների դավադրության և իրականում չի իմացել, որ իր կողմից փոխանցված տեղեկատվությունը օգտագործվելու է երկրի դեմ:
Թե ինչ հիմքով են դատապարտվել մյուս երկու մեղադրյալները՝ Աշոտ Չտրկյանը և Ռոմիկ Մաթևոսյանը, առհասարակ պարզ չէ։ Պաշտպանները՝ Հարություն Բաղդասարյանը և Սարգիս Ասլանյանը, դատավարության ողջ ընթացքում ահազանգել են՝ նրանց մեղսակցությունը ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել։ Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, Չտրկյանին ու Մաթևոսյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Վերջին դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում են հայտնվել մեծաթիվ հեռուստաօպերատորներ․ նրանք տեսանկարահանել են՝ առանց համաձայնության, դատավճռի ընթերցումը, ցույց տվել «մեղադրյալների» դեմքերը։ Պաշտպանների բողոքները («ագիտացիայի վարչությունը միայն դատավճիռը ցույց կտա եթերում` ընտրելով ուզած կադրերը և ոչ մի խոսք չեն ասի ամբողջ դատակական պրոցեսից») դատավորը կրկին հաշվի չի առել:
«Մացոն» հայտնի է նաև Շանթ Հարությունյանի («Շանթի հեղափոխությունը»), «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի, «Սասնա ծռերի» և բազմաթիվ այլ՝ քաղաքական աստառ ունեցող գործերով։
2018-ի իշխանափոխությունից հետո նա շարունակել է իր գործունեությունը․ Մնացական Մարտիրոսյանին են վստահվել, օրինակ, ընդդիմադիր դարձած Ավետիք Չալաբյանի դատավարությունը, հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի (մահացել է դատարանի դահլիճում) գործը և այլն։