COVID-19 վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով բանտերում կիրառված սահմանափակումների ժամանակ կանանց կարիքներն անտեսվել են, ինչը հանգեցրել է նրանց իրավունքների ոչ համաչափ ապահովմանը, ահազանգում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
Պատժի դատապարտված կանայք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ անբերանպաստ վիճակում են, քանի որ անուշադրության են մատնվում նրանց՝ սեռով պայմանավորված հատուկ կարիքները:
Կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը պատմում է, որ կորոնավիրուսի ժամանակահատվածում բազմաթիվ սահմանափակումներ էին կիրառվում քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես՝ տեսակցությունների, հանձնուքների (կալանավորին հարազատների կողմից ուղարկվող մթերք/ապրանք) վերասոցիալական միջոցառումների առումով։
Տեսակցությունների սահմանափակումը բացասաբար է ազդել երեխա ունեցող մայրերի վրա, քանի որ հանգեցրել է ընտանիքի ու երեխաների հետ կապի խաթարմանը, դրանով պայմանավորված՝ հոգեկան վիճակի վատթարացմանը: Այդ սահմանափակումն անհամաչափ է ազդել նաև այն կանանց վրա, որոնց երեխաներն այդ ժամանակահատվածում եղել են մանկատներում կամ խնամքի հաստատություններում:
Հանձնուքների սահմանափակումը բացասաբար է անդրադարձել հղի և իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց վրա, ովքեր զրկվել են երեխաների համար մանկական սնունդ, դեղամիջոցներ, անձնական հիգիենայի ու խնամքի պարագաներ ստանալու հնարավորությունից: Կանանց առանձնահատկություններով պայմանավորված՝ չեն դիտարկվել նրանց տրամադրվող անձնական հիգիենայի տեսակները և չափաբաժիններն ավելացնելու, քրեակատարողական հիմնարկներին կից գործող կրպակների միջոցով ձեռք բերվող ապրանքների գները փոխելու, առողջական խնդիրներ ունեցող կանանց սննդի կալորիականությունը բարձրացնելու կամ նրանց դիետիկ սնունդ տրամադրելու հարցերը:
Վերասոցիալականացման միջոցառումների ժամանակավոր դադարեցումը, մարդկային շփումների բացակայության համատեքստում, սրել է կանանց հոգեկան առողջության վիճակը՝ բացասաբար ազդելով նաև նրանց խրախուսանքների տրամադրման, ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության կամ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացների վրա:
Կանանց խոցելիությունն անտեսվել է նաև առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման, COVID-19 վիրուսի դեմ թեստավորման և պատվաստման գործընթացներում: Ավելին, սահմանափակումների պատճառով պրոբացիայի ծառայությունում (պատիժ են կրում ոչ ազատազրկման, այլ օրինակ՝ տուգանքի, հանրային աշխատանքների դատապարտված անձինք) հաշվառված շատ կանայք կորցրել են աշխատանքը՝ հայտնվելով սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ: Դա հանգեցրել է ոչ միայն որոշ պատիժների, օրինակ, տուգանքներ և հանրային աշխատանքներ, կատարման անհնարինությանը, այլև առողջապահական ծառայությունների անմատչելիությանը:
«Օրինակ տուգանք պատժատեսակի դեպքում անձինք չէին կարողանում վճարել այն, որովհետև չէին աշխատում որոշակի ժամանակահատված կամ բազմաթիվ կառույցներ չէին աշխատում և սա նաև վատ էր անդրադարձել հանրային աշխատանք պատժի դատապարտված անձանց վրա», – Epress.am-ի հետ զրույցում պատմում է Նարե Հովհաննիսյանը։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իր 2022 թվականի «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» զեկույցում ներառել է նաև պատիժ կրող կանանց հետ զրույցները համաճարակի ընթացքում առաջացած խնդիրների մասին։
Ստորև՝ ներկայացնում ենք պատմությունններից մի քանիսը։
Դատապարտյալ կին
— Կալանավորվել եմ 2019 թվականի մարտին։ 2022 թվականի հոկտեմբերին դատապարտվել եմ 12 տարի ազատազրկման։
Կալանավորման ընթացքում հղիացել եմ։ Հղիության ժամանակ են արգելքները եղել։ 1 տարուց ավել մամայիս ու մյուս երեխեքիս չեմ տեսել։ Դա ամենամեծ պատիժն էր։
Էդ ընթացքում ստեղի հեռախոսակապից ենք օգտվել։ Քարտի տևողությունը 52 րոպե ա։ Օրվա մեջ 2 անգամ 15 րոպեով թույլ են տալիս զանգենք տուն։ 1 քարտը մոտ 2 օր հերիքում ա։ Դա շատ քիչ էր էրէխեքիս կարոտն առնելու համար։
Կալանավորված կին
— Կորոնայի պատճառով 1 տարի դատ չի եղել․․․
Ուղղակի երբ կալանավորված ես, բանտի ամեն օրդ հաշվում ես։
Էդ ժամանակ հանձնուք չեն բերել, ստեղի սննդով բավարարվել ենք։ Միայն սիգարետն ու կոֆեն ենք կրպակից առել։
Էդ սահմանափակումները մեր ապահովության համար էին։ Դրսում էլ էր տենց։ Գիտակցաբար հասկացել ենք ամեն ինչը։ Կարևորն էն էր, որ կորոնա չընկնենք, մեկս մյուսին վարակենք։
Պրոբացիայի կին շահառու, 36 տարեկան, պատժատեսակը՝ տուգանք (500 հազար դրամ)
— Կորոնայի ժամանակ շատ վատ էր։
Առողջական լուրջ խնդիրներ ունեմ՝ առիթմիա, զոբ, շաքար, գլխացավեր։ Ծնկներս ցավում են։ Անալիզներն ու բուժումը վճարովի են։
Կորոնայից հետո բրոնխներս հիվանդացան, շատ ուժեղ հազում է։
Առաջ աման լվացող, դայակ եմ աշխատել, կարողանում եմ շաուրմա սարքել։ Կարողանում էի հացի գումարը ստեղծել, ոչ ոքի չեմ դիմում։
Հիմա ի վիճակի չեմ աշխատել։ Մենակ եմ ապրում։ Ամուսնալուծվել եմ, հետո ամուսինս մահացել է։
Ինձ մարդիկ են օգնում, որ մի կտոր հաց ունենամ՝ ուտեմ։ Իմ ընկերներից մեկն էլ տեղ է տվել՝ ապրեմ, մինչև հասկանամ՝ ինչ անեմ։ Ծնողներս են գյուղից օգնում։
Խնդիրներ շատ ունեմ, բայց երկրի վիճակը հասկանում եմ։ Չեմ ուզում գլուխս ծռեմ, օգնություն խնդրեմ։ Ուզում եմ բուժվեմ, որ աշխատեմ։
Դատապարտյալ կին
— Ամիսը 2 անգամ թույլատրում էին՝ տեսազանգից օգտվենք։ Հեռախոսակապից էինք օգտվում։ Քարտերն ախտահանում էին, տալիս։
Սահմանափակումներին գիտակցաբար էինք մոտենում։ Մտածում էին՝ կարևորն էն ա, որ չվարակվենք։ Ավելի լավ ա սահմանափակումներ լինեին, քան թե վիրուսը ներսում տարածվեր։
Պաշտպանվում էինք, կրում էինք դիմակներ, ախտահանում էինք ձեռքներս։ Շատ դժվար էր, բայց հաղթահարեցինք։