Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա՝ կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շրջանակներում, թե՛ Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների համար, ըստ նրա, հուսալի միջազգային մեխանզիմներ են հարկավոր։
Մինչ Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղի հայերի հետ բանակցություններում միջազգային մեխանիզմի մասին խոսք լինել չի կարող և Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնի (Ղարաբաղի հայերին Բաքուն «վերաինտեգրում» է առաջարկում՝ վերջնագրի տեսքով), Ստեփանակերտն ու Երևանը պնդում են, որ նման մեխանիզմի և երաշխավորի ինստիտուտի բացակայությունը հանգեցնելու են պայմանավորվածությունների շարունակական խախտմանը՝ Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանի անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Նման սադրանք է տեղի ունեցել նաև երեկ, երբ ադրբեջանական կողմը դիպուկահարի կարակոցով սպանվեց Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին»։
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները։
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Բաքուն արդեն 13-րդ անգամ անջատել է Ղարաբաղի գազամատակարարումը։
44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված Թալիշ գյուղում հայերին պատկանող տները քանդվում են, դրանց փոխարեն կառուցվում են ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Մինչդեռ, ըստ վարչապետի, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով ամրագրվել էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։ «Վանդալային» այս ակտով Բաքուն, ըստ Հայաստանի ղեկավարի, ցույց է տալիս «ինտեգրացիայի» իր մոդելը՝ հայկական կոթողների վրայից ջնջում են հայերեն արձանագրությունները և հարցը համարում լուծված։
Ադրբեջանի կառավարությունը սկսել է 2020-ի պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղի (ԼՂ Մարտակերտի շրջան) բնակեցման գործընթացը։ Մարտի 16-ից գյուղում հասատվել են առաջին 20 ընտանիքները։
Փաշինյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։
Մարտի 18-ին՝ Թալիշում ելույթ ունենալով, Ալիևը հայտարարել էր՝ եթե Հայաստանն ուզում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, պետք է ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի մաս և սահմանազատում անի Բաքվի պայմաններով։
Փաշինյանը այս հայտարարությունը համարում է «բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում»։
«Նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել», – կառավարության այսօրվա նիստին նշել է վարչապետը։
Նա հիշեցրել է Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հաստատում, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցով հանձնաժողովների աշխատանքների համար։
Ընդգծելով, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելեմիտիացիա անելու մասին։
Սա, ըստ Փաշինյանի, բացարձակապես անընդունելի է և հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին։
«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա», – եզրափակեց վարչապետը։
Վաշինգտոնը «լավատես» է և ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա
Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին՝ Բլինքենը նշել է․ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:
«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։
Բլինքենը հավաստիացրել է՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատանը և այլն»։
«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», – ասել է Բլինքենը:
Միաժամանակ նա նշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։
«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- հայտարարել է պետքարտուղարը՝ շեշտելով․ «Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»։
Արևմուտքի խոսքերը հակասում են գործողություններին
Արևմտյան երկրների ակտիվությունը Մոսկվան մեկնաբանում է որպես Ռուսաստանին տարածքաշրջանից դուրս մղելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու փորձ։ Մինչ ամերիկյան կողմը շեշտում է Բաքվի և Երևանի միջև «ուղիղ բանակցությունների» անհրաժեշտությունը, ռուսականը հիշեցնում է եռակողմ պայմանավորվածությունների մասին։
Բլինքենի վերջին հայտարարությունից հետո Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանությամբ է հանդես եկել․ «Երբ նրանք [ԱՄՆ-ն և Եվրամիությունը] հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ»։
«Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում՝ իրական գործընթացում, տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ»։
Ո՞ւմ միջնորդությամբ են այս պահին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Հարցին օրեր առաջ պատասխանել էր Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը․
«Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը՝ ռուսական կողմի միջոցով փոխանակումն է։ Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նաև կան նախաձեռնություններ Ամերիկայի Միացյալ նահանգների կողմից, որոնք բավականին ակտիվ են, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության կողմից»: