Կարճ ասած, Հայաստանը դիմել է միջազգային դատարան, որպեսզի Ադրբեջանը հեռացնի հսկիչ անցակետը Լաչինի միջանցքից, և բոլորը ժպտում են՝ ոմանք ափսոսանքով, որոշները սարկազմով։
Անցակետը սիմվոլիկ կետ է ինքնիշխան Ղարաբաղի պատմության մեջ։ Որ այս պատմությունն արդեն ավարտվում է՝ բոլորը գիտեին, երբ Ադրբեջանը հաղթեց պատերազմը։ Վերջակետը հետաձգվեց ևս երկուսուկես տարով։ «Ի՞նչ եղավ Ղարաբաղի կարգավիճակի հետ, այ Փաշինյան», – 2020-ին հարցնում էր Իլհամ Ալիևը։ Այն ժամանակ դա նորմա էր՝ հրճվել վրեժխնդրությամբ՝ 30 տարի այդ կարգավիճակը քննարկելու սեփական պատրաստակամության համար։ Արդեն այսօր Ալիևը դիմում է ղարաբաղցիներին․ «Դուրներդ չի գալիս՝ գնացեք»։ Սա էլ այսօրվա նորման է՝ խոսել ապագա քաղաքացիների հետ ինչպես հպատակեցված բնիկների կամ անկոչ հյուրերի, որպեսզի ավելորդ պատրանքներ չլինեն նրա վերաբերյալ, ինչ Բաքուն «վերաինտերգացիա» է անվանում։
Բայց չէ որ այս իրականությունը հայտնի էր դեռևս երկու տարի առաջ, և արդեն այն ժամանակ դրա հետ ոչինչ հնարավոր չէր անել՝ ազնվորեն ընդունելուց և հաշվի նստելուց բացի։
Փոխարենը Երևանը տառապալից՝ կաթիլ առ կաթիլ, ինչ-որ մեղմասացություններ էր արձակում՝ վերապահումներով, որոնք նույնիսկ մեղմասացություններն էին առ ոչինչ դարձնում։ Ղարաբաղցիներին պատրանքներ էին ներշնչում, որոնք այլևս տեղ չունեին։ Դիմում էին Փարիզին և Աթենքին, թուրք այլախոհներին և նորզելանդացի պատգամավորներին, այաթոլլաներին և մի երկու հավատարմին ամերիկացի սենատորներին, և դա ծիծաղ էր առաջացնում նույնիսկ հայերի շրջանում։
Ոմանք անտանելի իրականություն էին ստեղծում, ոմանք՝ այն լցնում փրկության ուրվականներով։ Այստեղ պայմանավորվելու բան անգամ չկա։ Բացի այդ՝ վեճը հնարավոր է, եթե կողմերի միջև համաձայնություն կա՝ որն է լավը և որն է վատը․․․
Ցեղասպանությունը, որով վախեցնում է Երևանը, չի լինի։ Բաքուն կփորձի այնպես անել, որ բանը չհասնի նույնիսկ պարտիզանության։ Միգուցե այնդքան զանգվածային ելք էլ չլինի, չնայած Բաքվում չեն էլ թաքցնում, որ դեմ չեն նաև դրան։
Եվ դու գոռում ես՝ հույսով, որ կհասկացնես՝ «երեխեք, բայց չէ որ ելքը հենց նույն էթնիկ զտումն է»։ Անկեղծորեն պատասխանում են՝ «հա, հետո ի՞նչ»։ Հետո թեքվում ես մյուս կողմ, որտեղ չեն էլ ասում, ինչպես շարունակել ապրել։ Որոշները հույս են խոստանում, մյուսները հրավիրում են վերջին մարտի։ Եվ նույնքան անկեղծ․ ոչ ոք չի փորձում դա որպես ճշմարտություն ներկայացնել։ Նույնիսկ ինքը՝ այստեղի հիերարխը, չի վախենում ստի վրա բռնվելուց՝ ոչ պատերազմից առաջ, ոչ ընթացքում, ոչ էլ հետո։ Սուտը մեղք չէ, երբ հանուն գաղափարի է, որը դեռ կհորինեն։
Այսօր ղարաբաղցիների համար ավելի վատ է, քան երեկ։ Ոչինչ չի խանգարում համատեղ ջանքերով վաղը սարքել ավելի վատ, քան այսօր։ Միայն թվում է, թե ավելի վատ լինել չի կարող։
Վադիմ Դուբնով
բնագիրը՝ էխո Կավկազա