հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Գաֆեսճյանի ընկերությունը 10 միլիոն դոլարով գցել է Հայաստանին

Գաֆեսճյանի ընկերությունը 10 միլիոն դոլարով գցել է Հայաստանին

2005 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան (մոտ 24 հազար քմ շինություններ և կինոբեմադրական միջոցներ) 350 միլիոն դրամով վաճառվել էր «Armenia Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «CS Media City» հոլդինգի մի մասն էր։ Նոր սեփականատերը պարտավորվել էր 10 տարվա ընթացքում  30 միլիարդ դրամի ներդրումներ անել կինոստուդիայում։  Բայց նկարահանման նոր տաղավարները այդպես էլ չէին կառուցվել, կինոստուդիան չէր վերազինվել ժամանակակից տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չէր թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ 10 տարիների ընթացքում սեփականատերը չէր նկարահանել նոր ֆիլմեր՝ բացառությամբ սերիալների:

2015 թվականին «Հայֆիլմի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, կրկին պետականացվել էին։ Չնայած գնորդը ստանձնած պարտականությունները չէր կատարել՝ պայմանագրով նախատեսված տույժը նրանից չէր գանձվել։ Ավելին՝ պետությունը ՓԲԸ-ին էր վերադարձել 350 միլիոն դրամը, որով մասնավոր ընկերությունը ձեռք էր բերել «Հայֆիլմը»։ Ստացվել էր, որ ավելի քան տասը տարի «Արմենիա Ստուդիոսի» իրավահաջորդ ընկերությունները անվճար շահագործել են Հայաստանի ամենամեծ կինոստուդիան՝ ընթացքում, ըստ դատախազության, հափշատկելով նաև դրա գույքն ու պատմական ժառանգությունը։

2023 հուլիսին Քննչական կոմիտեում քրեական գործ են հարուցել միաժամանակ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական անփութություն, գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում և այլն։

Դատախազությունը ներկայացրել է գործի մանրամասները․

«Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով։ ․․․Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները:

Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի: 

Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տավա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015 թվականի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։ 

2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել: 

Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե»: