Home / Հայաստան / Ալեքսեյ Նավալնիին թաղեցին «Տերմիտոր 2»-ի սաունդթրեքի ներքո

Ալեքսեյ Նավալնիին թաղեցին «Տերմիտոր 2»-ի սաունդթրեքի ներքո

Ռուսաստանում վերջին հրաժեշտն էին տալիս ընդդիմադիր առաջնորդ, քաղաքական բանտարկյալ Ալեքսեյ Նավալնիին։

Չնայած չարտոնված հավաքները փաստացի արգելված են, Մոսկվայի Մարյինո թաղամասի եկեղեցու մոտ, որտեղ տեղի էր ունենում հրաժեշտի եկեղեցական արարողությունը, և Բորիսովի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորությունն էր նախատեսված, հազարավոր մարդիկ էին կուտակվել։ Հսկայական շարասյունը շրջանակել էր եկեղեցին, որը ոստիկանները նախօրոք պաշարել էին մետաղյա պարիսպներով։ Առավոտյան հայտարարվել էր, որ գերեզմանը, որտեղ հուղարկավորելու են Նավալնիին, փակ է այցելությունների համար։

image_2024-03-01_20-37-19Ալեքսանդր Նեմենով / AFP / Scanpix / LETA

Եկեղեցուն հարակից տարածքներում հավաքված մարդիկ վանկարկում էին «Շնորհակալություն», «Ո՛չ պատերազմին», «Չե՛նք վախենում», «Պուտին՝ մարդասպան»։ 

image_2024-03-01_20-37-56
Meduza

Քայլերթը ձգվում էր եկեղեցուց մինչև գերեզմանոց։ 

Լրատվամիջոցները գրում էին՝ տարածքում ինտերնետ մեկումեջ չի լինում, կապն աշխատում է խափանումներով։ Ոստիկանները խուզարկում են պատահական անցորդներին և հրաժեշտի արարողությանն եկած մարդկանց։ Հավաքի մասնակիցների մուտքը եկեղեցի արգելվել էր։

image_2024-03-01_20-36-15
Reuters / Scanpix / LETA

Հրաժեշտի եկեղեցական արարողությունն ընդամենը 20 րոպե տևեց։ Կրոնագետ Սերգեյ Չապնինը պնդում է, որ Մարյինոյի եկեղեցու ավագերեցին հրահանգել են չձգձգել, ավարտել հնարավորինս շուտ։ Նավալնիի մայրը հրաժեշտ է տվել որդուն, դրանից անմիջապես հետո հոգևորականները փակել են դագաղի կափարիչը։

Մինչ այս Նավալնու շտաբից ահազանգել էին՝ արարողությունը կազմակերպելու համար չեն կարողանում դահլիճ գտնել, շատերը լսելով ընդդիմադիր գործչի անունը հրաժարվում են իրենց հետ համագործակցել։

image_2024-03-01_20-37-36
Ալեքսանդր Նեմենով / AFP / Scanpix / LETA

Գերեզմանատան դռներն ի վերջո բացվեցին՝ մուտքի մոտ մետաղադետեկտորներ էին դրել, մարդկանց ներս էին թողնում փոքրիկ խմբերով։ Ոստիկանները հսկում էին ծաղիկներ դնելու գործընթացը․ «Ծաղկադրությունն արեցիք, թույլ տվեք ծաղկադրություն անել նաև մյուսներին», «Կանգնել չի կարելի»։

ՕՎԴ-իֆոյի տվյալներով՝ Ռուսաստանով մեկ 48 մարդ է ձերբակալվել։ Մեծ մասը բերման է ենթարկվել քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանների մոտից։ Ձերբակալություններ են եղել նաև թաղման ժամանակ (և թաղումից հետո)։

Նավալնիի կինը, երեխաները, նրա շտաբի մեծ մասը քաղաքական հետապնդման վտանգի ներքո լքել են Ռուսաստանը։ Թաղմանը Ալեքսեյի մայրն ու հայրն էին մասնակցում։ Քաղաքական գործիչներից հրաժեշտի արարողությանը միացել էին Բորիս Նադեժդինը՝ Ռուսաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածուն, որին ԿԸՀ-ն հրաժարվել է առաջադրել, Եվգենի Ռոզմանը, Եկատերինա Դունցովան։ Տեղում էին նաև արևմտյան որոշ դիվանագետներ։

Թաղման ժամանակ նվագախումբը կատարում էր «Տերմինատոր 2»-ի սաունդթրեքը։ Նավալնին համարում էր, որ սա աշխարհի ամենալավ ֆիլն է։ 

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ հյուսիսային «Полярный волк» խիստ ռեժիմի գաղութում։ Բանտարկվել է 2020 թվականին։

Անհաջող մահափորձից հետո նրան կոմայի մեջ հոսպիտալացրել էին Գերմանիա, վերականգնվելուց հետո նա վերադարձել էր Ռուսաստան և ձերբակալվել անմիջապես օդանավակայանում։ 

Սկզբում Նավալնիին մեղադրում էին գումարներ շորթելու, հետո՝ վետերանին անարգելու, վերջում արդեն ծայրահեղականության մեջ։ Բանտարկության մեծ մասը ընդդիմադիր գործիչն անցկացրել է ՇԻԶՈ-ում՝ 4 քայլ երկարությամբ, 3 քայլ լայնությամբ պատժախցում, զրկված նամակագրության իրավունքից և տեսակցություններից։

Իշխանությունները դին Լյուդմիլա Նավալնայային են հանձնել փետրվարի 24-ին։ Մինչ այդ մայրը պատմել էր, որ իրեն վերջնագիր են ներկայացրել՝ «կամ գաղտնի թաղում եք անում, կամ կթաղենք գաղութում»։ Գործարքից նա հրապարակավ հրաժարվել էր։ 

Պաշտոնական վարկածի համաձայն, բանտարկյալը վախճանվել է բնական մահով՝ թրոմբի անջատումից: Նրա թիմակիցները համոզված են՝ Ալեքսեյին կա՛մ սպանել են, կա՛մ միտումնավոր հասցրել են մահվան: 2020-ի մահափորձից հետո Նավալնին առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Բանտարկության տարիներին Ալեքսեյին արգելում էին տեսակցել բժիշկներին։ Բուժզննության և բուժօգնության միջնորդությունները մերժվում էին։ Ցավազրկող ստանալու համար նա ստիպված էր հացադուլ հայտարարել։ Ցավազրկողների փոխարեն ի վերջո վիտամիններ կամ իբուպրոֆեն էին տալիս։

Ալեքսեյ Նավալնիին համարում էին Ռուսաստանի արդեն անփոփոխ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր մրցակիցը։ 2017-2020թթ․ նա խոշոր փողոցային ցույցեր է կազմակերպել, փորձել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին, կառուցել է նախընտրական շտաբերի ընդգրկուն ցանց, որը հետագայում վերաճել է, ըստ էության, երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության։ Նավալնիի շտաբը հայտնի էր իր մասշտաբային հակակոռուպցիոն հետաքննություններով։

Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։

տեսանյութը՝ Երևանում, Ռուսաստանի դեսպանատան մոտ, փետրվարի 16-ին հրավիրված բողոքի ցույցից