Home / Խմբագրի ընտրություն / ՀԿ-ներին և իշխանությանը պարուրել է վախը. Վրաստանը երկատվել է

ՀԿ-ներին և իշխանությանը պարուրել է վախը. Վրաստանը երկատվել է

Կառավարությունը և դրսից ֆինանսավորվող կազմակերպությունները Վրաստանում փաստացի երկիշխանություն են ստեղծել, Epress.am-ի հետ զրույցում ասում է «Սոլիդարության ցանց. Վրաստանի սոցաշխատողների միության» նախագախ, սոցիալիստ հետազոտող Սոփո Ջափարիձեն։

Իշխանության այս երկատումն, ըստ Ջափարիձեի, մի օրում չի եղել. 2011-ից Վրաստանում սահմանադրական մակարդակով արգելվել է հարկերի բարձրացումը, պրոգրեսիվ հարկումը, իսկ պետական ծախսերի համար վերին շեմ է սահմանվել ՀՆԱ-ի 30%-ը։ Այսպես հանրային ծառայությունների մեծ մասը մնացել է մասնավոր սեկտորի և հասարական կազմակերպությունների հույսին։

«Երկիրը կոլապսի կենթարկվի, եթե բոլոր ՀԿ-ները փակվեն։ Վրաստանում ՀԿ-ները ներգրավված են ամեն տեղ՝ կրթություն, առողջապահություն, դատական բարեփոխումներ, գյուղատնտեսություն և այլն։ ՀԿ-ներին փակել «Վրացական երազանքը» չի ուզում։ Այն փորձում է ազատվել մի քանի ՀԿ-ներից, որոնք իր դեմ են։ Օրենքի դեմ պայքարող ՀԿ ներկայացուցիչների համար «գործակալի» պիտակը խարան է, բայց լայն հանրության համար կարևոր չէ՝ ծառայություն մատուցողը գործակալ է կոչվում, թե ոչ», – ասում է հետազոտողը։

Ընդդիմադիր ուժերը և հակասարակական սեկտորը մոբիլիզացվել են Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի դեմ։ Զուգահեռաբար խորհրդարանական մեծամասնությունը արագացված ռեժիմով փոխում է նաև ընտրական օրենսգիրքը (հանեցին գենդերային քվոտաները, փոխեցին կուսակցություններին առնչվող որոշ կարգավորումները)։ Վերջերս հարկային համաներում հայտարարեցին օֆշորային ընկերությունների համար։

Թեև այս փոփոխությունների պակաս ազդեցիք չեն, դրանք մնում են ստվերում։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, հակառակը, ներկայացվում է մեդիայում որպես ճակատագրական. «Կա՛մ Ռուսաստանը կգրավի մեզ, կա՛մ մենք կմտնենք Եվրոպա»։ Ցուցարարները և օրենքն առաջ տանող Կառավարությունը համակված են վախով։ Եթե ՀԿ-ները խարանից են վախենում, իշխանությունը վախենում է Եվրոպական կառույցների և Միացյալ Նահանգների սանկցիաներից։

«G7-ի երկները քննարկում են սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու և Ուկրաինային որպես օգնություն տրամադրելու հարցը։ Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը զգուշացրել է, որ սա կարող է խաթարել միջազգային իրավական կարգը։ Սա կարող է նախադեպ դառնալ՝ Արևմուտքում ակտիվների հետագա բռնագանձման համար։ [Oլիգարխ] Բիձինա Իվանիշվիլին՝ [իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն և ստվերային առաջնորդը] վախենում է, որ իր ունեցվածքը, որն Արևմուտքում է պահվում, մի օր կկոնֆիսկացվի, եթե եվրոպական դիպլոմատները շարունակեն առաջնորդվել վրացական ՀԿ-ների, այլ ոչ թե պաշտոնական գնահատականներով։ Չմոռանանք, որ անցյալ տարի նա արդեն իսկ խնդիրներ է ունեցել շվեյցարական Credit Suisse բանկի հետ։ Սեփական ունեցվածքը ապահովագրելու համար նա որոշել է այն տեղափոխել Վրաստան։ Հենց այս կոնտեքստում է ընդունվել օֆոշային ակտիվների մասին օրենքը։ Այլապես ի՞նչ իմաստ ուներ փողերը Վրաստանի պես անկայուն երկրում պահելու որոշումը», – ասում է նա։

Ըստ Ջափարիձեի, քաղաքատնտեսական այս գործընթացներում անուղղակիորեն ներգրավված են նաև վրացական խոշոր ՀԿ-ները։ Օրինակ՝ վրացի դատավորների դեմ տնտեսական սանկցիաները պատճառաբանվում էին ՀԿ-ների ներկայացրած զեկույցներով։ Վրաստան-Եվրամիություն և Վրաստան-Արևմուտք փոխհարաբերություններում ՀԿ-ները հաճախ ավելի մեծ կշիռ ունեն, քան կառավարությունը։

Ջափարիձեն նշում է՝ արտաքին ֆինանսական հոսքերի մասին օրենքներ կան և պետք է լինեն բոլոր պետություններում։ Բայց օրենքի բովանդակային քննարկում Վրաստանում չկա։ Նախագահն ու վարչապետն իրար անվանում են «գործակալ», ընդդիմադիր ցուցարարները ոստիկաններին «Պուտինի ստրուկ» են համարում, իշխանամետներն ընդդիմադիրներին կոչում են «անուղեղ երեխաներ»։ Լայն հասարակության սիմպատիաներն այս իրավիճակում արագ են փոխվում. ապրիլի 30-ին, երբ ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, բոլորը պաշտպանում էին ակտիվիստներին։ Մայիսի 3-ին, երբ ցույցերը փակեցին Թբիլիսիի կենտրոնական փողոցը, լուռ մեծամասնությունը դժգոհ էր ակտիվիստներից։

Եվրոպան հասկանալու մի ձև կա՝ փողը։ Եվրոինտերգրացիայի նախագիծը ասոցացվում է ներդրումների, գրանտների և նոր պատուհանների հետ՝ պարզեցված վիզային ռեժիմ, կրթաթոշակներ, աշխատանքային միգրացիայի նոր շուկաներ։

«Բայց ՀԿ մտածողությունը նաև խութեր ունի։ Օրինակ՝ հարյուրավոր շենքեր կան Թբիլիսիում, որ չեն օգտագործվում, բայց մենք չենք սքվոթում դրանք, որովհետև գրանտերում գրում ենք տարածքի ժամանակավոր վարձակալության փող։ Ես սա միշտ եմ քննադատել, բայց հիմա՝ այս միտինգների ֆոնին, այլևս հնարավոր չէ քննադատել ՀԿ-ներին։ Ավտոմատ համարվում ես իշխանամետ կամ ռուսամետ»։

Ընթացող ցույցերից պարզ է՝ հասարակական, իրավապաշտպան, ակտիվիստական կազմակերպությունները բավականին մեծ մարդկային ռեսուրս ունեն։ Այդ ռեսուրսը մոբիլիզացվում է հիմա՛, երբ իշխանական ռեպրեսիաները ուղղակիորեն կպնում են ՀԿ ինդուստիային։ Երբ դրան առնչվում են ՀԿ-ների շահառուներին (օրինակ՝ բանկերից տուժած և տուն կորցրած, ոստիկանական բաժանմունքերում խոշտանգված, գործազուրկ մնացած սովորական մարդկանց), իրավապաշտպան կազմակերպությունները սահմանափակվում են զուտ միջազգային զեկույցներով։