Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայից անսպասելի լուրեր են գալիս. ԿԺԴՀ-ում պաշտոնական գաղափարախոսության վերակառուցումը (պերեստրոյկա) ընդհանում է ողջ թափով։
Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատավորական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի ընլայնված պլենումի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ։ Հյուսիսկորեական պետության և կուսակցության առաջնորդն ասաց, որ այսուհետ Հյուսիսային Կորեան դադարում է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորումը համարել իր հիմնական քաղաքական նպատակը։ Նա հայտարարեց, որ «երկրի խաղաղ միավորումը», որը տասնամյակներ շարունակ եղել է ազգային մարտավարության կարևորագույն երկարաժամկետ առաջադրանքներից, անհասանելի, և ընդհանուր առմամբ անցանկալի նպատակ է, այնպես որ Հարավային և Հյուսիսային Կորեաները ոչ թե ժամանակավորապես պառակտված երկրի երկու մասեր են, այլ պարզապես երկու հարևան և ներկայումս թշնամական պետություններ։
Կիմ Չեն Ընի այս հայտարարությունը կորեական թերակղզու սահմաններից դուրս քիչ ուշադրության է արժանացել, ինչը զարմանալի չէ. հյուսիսկորեական առաջնորդը ասել է այն, ինչն արդեն վաղուց ակնհայտ էր բոլորի համար։ Սակայն շատ երկար ժամանակ (սկսած առնվազն 1950-ականներից) թե՛ Հյուսիսում, թե՛ Հարավում պաշտոնական գաղափարախոսությունը չէր ընդունում Կորեական թերակղզում երկու տարբեր կորեական պետությունների գոյությունը։
Դեկտեմբերի 30-ի հայտարարությունը սկզբում կարելի էր զուտ մարտավարակայն քայլ համարել։ Բայց դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ հյուսիսկորեական ղեկավարությունն այս անգամ կատակելու մտադրություն չունի, քաղաքականությունը փոխվում է լրջորեն ու երկարաժամկետ։
2024 թվականի հունվարի 15-ին Կիմ Չեն Ընը Գերագույն ժողովրդական հավաքի նստաշրժանի իր ելույթում առաջարկեց ԿԺԴՀ Սահմանադրությունում փոփոխություններ մտցնել, մասնավորապես, ամրագրել Կորեայի Հանրապետության սահմանումը որպես ԿԺԴՀ «գլխավոր և անփոխարինելի թշնամի», ինչպես նաև Սահմանադրության տեքստից հանել բոլոր հիշատակումները երկրի վերամիավորման մասին` որպես մարտավարական նպատակ։ Փետրվարի 16-ին պաշտոնական կայքերում հայտնվեց ԿԺԴՀ պետական օրհներգի նոր տեքստը. նոր տարբերակում հանված էր հատվածն այն մասին, որ Կորեայի հողերը տարածվում են «երեք հազար լի», այսինքն` 1500կմ տարածքի վրա, քանի որ այդ ձևակերպումը ենթադրում էր, որ Հարավային Կորեան նույն երկրի մաս է։
Հունվարի և փետրվարի ընթացքում լիկվիդացվել են մի շարք կազմակերպություններ, որոնք տասնամյակներ շարունակ պատասխանատու էին Հարավային Կորեայի հետ հարաբերությունների պահպանմամբ։ Քանի որ Հարավային Կորեան պաշտոնապես չէր համարվում այլ երկիր, միջկորեական հարաբերություններով զբաղվում էր էչ թե ԱԳՆ-ն, այլ հատուկ դրա համար ստեղծված միանգամայն անհասկանալի և արտասովոր կարգավիճակ ունեցող մարմինները։ Դրանք բոլորը մի քանի շաբաթվա ընթացքում լուծարվեցին, իսկ իրենց ապարատն ուղղակի մտավ ԱԳՆ։ Քանի որ այսուհետ Հարավային Կորեան պարզապես ևս մի օտար երկիր է, հարաբերությունների հարցերով կզբաղվեն Արտաքին գործերի նախարարության աշխատակիցները։
Հունվարի կեսերին անց կացվեց շատ արդյունավետ խորհրդանիշային ակցիա. պայթեցվեց Միավորման կամարը Փհենյանում։ Կամարը պատկերում էր ավանդական կորեական շորերով երկու աղջիկների, ովքեր միմյանց էին մեկնում ձեռքերը։ Միավորման կամարի տակով անցնում էր մայրուղին, որը Փհենյանի կենտրոնից գնում էր դեպի հարավ` սահման։ Հունվարյան մի առավոտ Փհենյանի բնակիչները նկատեցին, որ հսկայան հուշարձանն այլևս չկա. գիշերը այն պայթացրել ու ապամոնտաժել են։
Մեկնարկել է նաև քարտեզների զանգվածային խմբագրումը։ Մինչև դեկտեմբերի 30-ը ԿԺԴՀ-ում պրոպագանդիստական և խորհրդանշային գրաֆիկներում լայնորեն կիրառվում էր ամբողջ Կորեական թերակղզու քարտեզը։ Բայց արդեն փետրվարից հեռուստատեսությունը փոխել էր գրաֆիկան, որն օգտագործվում էր որպես լրատվական և տեղեկատվական հաղորդումների ֆոն։ Նախկինում այն պարունակում էր ամբողջ Կորեական թերակղզին, իսկ հիմա այնտեղ պատկերված է (կամ գույնով ընդգծված է) միայն դրա հյուսիսային կեսը։
Ապրիլի 16-ին Պեկինում նկատել էին, որ ժամանած կորեական Air Koryo ավիաընկերության ինքնաթիռի վրա նոր լոգոտիպ է հայտնվել։ Նախկինում ընկերության լոգոն իրենից ներկայացնում էր թևերը վերև պարզած կռունկի նկար, ընդ որում թևերի եզրագծերը նման էին Կորեական թերակղզու եզրագծերին։ Նոր լոգոտիպում խորհրդանիշային կռունկի թևերն արդեն ոչ մի աշխարհագրական բան չեն հիշեցնում։
Մարտին և ապրիլին հյուսիսկարեական ԶԼՄ-ների և տեղեկատվական գործակալությունների կայքերում մաքրումներ էին անում, ինչի արդյունքում ջնջում էին նախորդ տարիների հազարավոր հրապարակումներ, որոնք վերաբերում են երկրի միավորմանը։ Դեպքերի մեծամասնությունում (բայց ոչ բոլորում) տեքստերի հեռացման պատճառը «միավորում» բառի առկայությունն էր։ Հետաքրքրական է, որ գրախոսության զոհ են դարձել նույնիսկ Կիմ Չեն Ընի որոշ ելույթներ։
Երկրի միավորման մասին հիշատակումները ջնջվում են նաև հին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերից, որոնք ցուցադրվում են հյուսիսկորեական հեռուստատեսությամբ։
Նոր արշավը կասկածի տեղ չի թողնում. խոսքը ոչ թե մարտավարական փոփոխությունների, այլ կորեական քաղաքականության կարևորագույն հարցերից մեկի գլոբալ վերանայման մասին է։
Պատկերացնելու համար, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս շրջադարձը հյուսիսկորեացիների գիտակցության վրա, կարելի է այսպիսի համեմատություն անել. պատկերացրեք, մի հիանալի օր Հռոմի պապը կոնդակ է թողարկում, որը հաղորդում է, որ բարի կաթոլիկներն առաջվա պես պետք է Աստվածաշունչ կարդան, հաղորդության գնան և ջանասիրաբար աղոթեն, բայց պապը` կարդինալների հետ խորհրդակցելով եկել է եզրակացության, որ երկրորդ գալուստ չի լինելու։
Այսպիսի համեմատությունը ոմանց կարող է սրբապղծություն թվալ, բայց այն հաստատ ծայրահեղություն չէ։ Տասնամյակներ շարունակ հենց միավորման լոզունգն էր հյուսիսկորեական պաշտոնական գաղափարախոսության հիմքը։ Հյուսիսկորեական բնակչությանը բացատրում էին, որ երկրի բոլոր խնդիրները պայմանավորված են առաջին հերթին դրա պառակտվածությամբ, և որ Կորեայի միավորումը չտեսնված ծաղկման սկիզբը կդառնա։ Այժմ այդ լոզունգից հրաժարվում են ամենավճռական և ոչ երկիմաստ ձևով։
Այսպիսի շրջադարձի պատճառները հասկանալի են։ Հյուսիսկորեական ղեկավարությունը մտահոգված է նրանով, որ երկրում շշուկներ են տարածվում Կորեայի երկու կեսերում կենսամակարդակի ահռելի տարբերությունների մասին։ Ղեկավարները, հավանաբար, հույս ունեն, որ եթե երկրի բնակիչները ժամանակի ընթացքում սկսեն Հարավը ընկալել որպես օտար և թշնամական երկիր, հարավկորեական բարգավաճման փաստն ավելի քիչ կշվարեցնի ժողովրդին (նույնիսկ եթե օտարները և թշնամիները ծաղկում են, միևնույն է մնում են օտարներ և թշնամիներ)։
Ներկային գաղափարական շրջադարձը ևս մի կողմ ունի։ Երբեմն Կիմ Չեն Ընը կայացնում է որոշումներ, որոնք ակնհայտորեն հակասում են իր նախկիների` հոր և պապի որոշումներին։ Օրինակ, կարելի է հիշել այն, որ 2012-ին նոր մահացած Կիմ Չեն Իրին հետմահու հռչակեցին Կորեայի Աշխատավորական կուսակցության «հավերժական գլխավոր քարտուղար»։ Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա. իշխող տան հիմնադիր Կիմ Իր Սենն իր մահից հետո 1994-ին հռչակվել էր «ԿԺԴՀ հավերժ նախագահ»։ Բայց «հավերժությունը» Կիմ Չեն Իրի դեպքում երկար չտևեց. 2021-ին Կիմ Չեն Ընը հետմահու իր հորը հանեց այդ «հավերժական» պաշտոնից և ինքն այն զբաղեցրեց։ Կարելի է նաև հիշել այն, որ Կիմ Չեն Ընի օրոք լուռ ձևով հրաժարվել են մի շարք լոզունգներից, որոնք նախկինում կարևորագույն էին համարվում, ներառյալ օրինակ «սոնգունը»` «բանակի առաջնայնության» սկզբունքը։
Այսինքն, կտրուկ շրջադարձերի ետևում ոչ միայն քաղաքական հաշվարկներ են, այլև, հավանաբար, անձնական էմոցիաները Կիմ Չեն Ընի, ով չի ցանկանում իր ողջ քաղաքական և ֆիզիկական կյանքն անց կացնել նախնիների ստվերում։ Պարզ չէ, սակայն, թե ինչպես է նման կտրուկ գաղափարական շրջադարձն ազդելու սովորական կորեացիների վրա. չէ որ ամբողջ կյանքում նրանց ներշնչել են, որ երկրի պառակտվածությունն իրենց խնդիրների հիմնական պատճառն է, և որ միավորումը կնշանակի համընդհանուր բարօրության ու երջանկության դարաշրջանի սկիզբը։
Բնականաբար պրոպագանդան կպնդի, որ Հյուսիսային Կորեան Հարավի հետ միավորման կարիք իբրև թե չունի, և հիմա արդեն իսկ զարգացող երկիր է, կամ այդպիսին կդառնա ապագայում։ Չի բացառվում, սակայն, որ բնակչությունն այդ առումով հարցեր կունենա։ Հաշվի առնելով հյուսիսկորեական պետական կարգը, կարելի է վստահ լինել, որ ժողովուրդն այդ անհարմար հարցերն իրեն կպահի։
Այնպես որ մենք գործ ունենք երկու գաղափարական իմպուլսների հետ, որոնք դեպի հակադարձ կողմեր են ուղղված։ Միայն ժամանակի ընթացքում կհասկանանք, թե դրանցից որն ուժեղ դուրս կգա։ ԿԺԴՀ բնակիչները կկորցնե՞ն հետաքրքրությունը բարգավաճող Հարավի նկատմամբ ու կսկսեն այն ընկալել որպես օտար և թշնամակա՞ն։ Թե՞ հակառակը. կմտածեն, որ իրենցից խլել են իրենց խնդիրների լուծման գուցեև պատրանքային հույսը։ Ժամանակի հետ մենք կիմանանք սրա պատասխանը, բայց հավանաբար ոչ շուտով։
կորեագետ, պրոֆեսոր Անդրեյ Լանկով
ռուսերեն բնագիրը` այստեղ