2007 թվականին Վանաձորում ունեզրկված Չատինյանների ընտանիքը հաղթել է Եվրոպական դատարանում՝ ապացուցելով, որ Հայաստանը խախտել է իրենց արդար դատավարության և սեփականության իրավունքը։ Պետբյուջեից նրանց 40 հազար եվրոյի փոխհատուցում կվճարվի։ Քրեական գործի կվերաբացեն։
2007 թվականին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքի կենտրոնում ապրող Չատինյաններին համոզել է առանց աճուրդի իրենց հողը վաճառել «Վիմպերգ» ՍՊԸ-ին՝ հինգհարկանի շենք կառուցելու համար։ Նրանց խոստացել են, որ շենքի բնակարաններից մեկը՝ 55 քառակուսի մետր մակերեսով, կտան իրենց։ Հետագայում կառուցված 9-հարկանի շենքում, սակայն, Չատինյաններին որևէ բնակարան չեն տվել։
2011 թվականին քաղաքային իշխանությունները նրանց մեկ այլ համաձայնագիր են առաջարկել. կառուցապատողը Չատինյաններին կտա 38,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ 2014 թվականին քաղաքապետարանը, օգտագործելով ավագանիին, փորձել է խուսափել նաև այս խոստումից։ Ավագանին բողոք է ներկայացրել դատարան, իբրև թե ունեզրկված ընթանիքը Դարբինյանի հետ համաձայնագիր է կնքել առանց իրենց հարցնելու։ Դատական երկար քաշքշուքներից հետո վճիռ է հրապարակվել հօգուտ ավագանիի։
«Քաղաքապետը գառանտ էր մեր և «Վիմպերգ» կառուցապատողի միջև։ Երբ վերջինս հրաժարվեց համաձայնագրից՝ հորինված ֆորս մաժորի պատրվակով, քաղաքապետարանը փոխանակ իրենց դատի տար, մեզ դատի տվեց։ Ակնհայտ չէ՞, որ «Վիմպերգը» փոխկապակցված էր քաղաքապետի հետ», – Epress.am-ին ասել է Ռոբերտ Չատինյանը։
Չատինյանը 16 տարի դատարաններով է անցնել։ Մյուս բոլոր 11 հարևաններն այդ ընթացքում հուսահատվել են և զիջումների գնացել։
«Տիգրան Մեծ 73-ում մեր պապական տունն է եղել, որը վնասվել էր երկրաշարժից։ Ուզում էին այդտեղ եկեղեցի կառուցել, հետո ուզոմ էին մոլ կառուցել՝ չթողեցինք։ Դա շատ լավ տեղ էր։ Չէինք կարող չպայքարել մինչև վերջ գոնե արժանապատիվ փոխհատուցում ստանալու համար», – ասել է Չատինյանը։
«Եվրոպական դատարանը նշել է, որ դատական կամ այլ վարույթներում պետական մարմնի սխալի վտանգը պետք է կրի պետությունը,հատկապես, երբ որևէ այլ մասնավոր շահ չկա և որևէ սխալ չպետք է շտկվի շահագրգիռ անձի հաշվին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Չատինյանների փաստաբան Մերի Կարապետյանը։
Սամվել Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ է դարձել 1999-ի իշխանափոխությունից ամիսներ անց, պաշտոնավարել է մինչև 2017 թվականը։ Այդ ընթացքում քաղաքի հրապարակները, շատրվանները և համայնքային շենքերից շատերը անցել են նրա, նրա ընտանիքի անդամների, մերձավոր բարեկամների և մտերիմ ընկերների սեփականությանը։ 2018-ի իշխանափոխությունից հետո տարբեր քրեական գործեր են հարուցվել, հափշտակված գույքի մի մասը վերադարձվել է քաղաքին։ Դարբինյանը հայտնի է նաև Վանաձորի ճանապարհների «փոսանորոգմամբ», որ ամեն տարի բյուջետային հսկայական հատկացումների դիմաց չէին իրականացնում նրան և նրա եղբորը պատկանող ընկերությունները։ Այդ ընկերությունները մինչև հիմա էլ պետպատվերներ են ստանում։
տե՛ս 20 տարի գողանալ և պլստալ․ Վանաձորի Դարբինյանն ու ԽԾԲ-ն