Home / Հայաստան / «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն գոհ են քարոզարշավից, թեև սև PR են նկատում այլ ուժերի կողմից

«Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն գոհ են քարոզարշավից, թեև սև PR են նկատում այլ ուժերի կողմից

Որոշ քաղաքական ուժեր սև PR  են անում «Ժառանգության» դեմ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը: Տիկին Բախշյանը կարծիք է հայտնել, որ այդ մասին է վկայում, մասնավորապես, օրերս «Ռեգնումի» հրապարակած ապատեղեկատվությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը և  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը  մեկնել են Լոնդոն և  բանակցություններ են վարել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ:  Ըստ Բախշյանի` «Ժառանգությունը» ենթադրում է, թե որ ուժը կարող է այս հրապարակման  հեղինակը լինել, սակայն հրաժարվել է նշել, թե կոնկրտետ որ քաղաքական ուժի մասին է խոսքը:

Ընդհանուր առմամբ գնահատելով նախընտրական  քարոզչական գործընթացը`  Անահիտ Բախշյանը նկատել է, որ այս տարի  մթնոլորտը ավելի բարենպաստ է և քարոզչության խոչընդոտներ չկան, փոխարենը`  անհարգալից վերաբերմունք են միմյանց հանդեպ դրսևորում կուսակությունները և թեկնածուները, օրինակ, պատռում են միմյանց պաստառները:

Մեր հարցին, թե որքան ձայն է «Ժառանգությունն» ակնկալում հավաքել ընտրություններին, տիկին Բախշյանը պատասխանել է. «Որպեսզի մեր ծրագիրը կարողանանք իրականացնել, պետք է առնվազն 50% ներկայացված լինեք ԱԺ-ում:  ինչքանով կհաջողվի` կտեսնենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Խաչիկ  Գալստյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ  նախընտրական արշավն ընթանում է սպասվածի պես լավ: Ըստ Գալստյանի` ԲՀԿ-ին մարդիկ լավ են ընդունում, հատկապես երբ հանդիպումներին ներկա է լինում Գագիկ Ծառուկյանը: «Նույնիսկ այն մարզերում, որոնց մասին կարծրատիպ կա, թե ԲՀԿ-ն ֆավորիտ չէ, մեզ խանդավառ են ընդունում»,- ասել է  Խաչիկ Գալստյանը:

Նրա խոսքով` նախընտրական  փուլում շատ կուսակցություններ դիմում են սև PR տեխնոլոգիայի, սակայն Գալստյանը չի կասկածում, որ դա որևէ կերպ ազդելու է ԲՀԿ-ի` լավ ցուցանիշ ունենալու վրա: